Խաղաղ պայմաններում զինված ուժերի (ԶՈՒ) անմիջական ղեկավարությունը ՊՆ-ն է, պատերազմի ժամանակ ԶՈՒ-ն անցնում է վարչապետին
«Մենք երբեք չենք մտածել, որ նախագիծը կատարյալ է և առաջին 7 գլուխները հրապարակելը նպատակ ունի, որ հանրությունը շուտ ծանոթանա և առաջարկությունների արդյունքում նախագիծը բարելավվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նա նշեց, որ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկում է ծավալվել նաև ԶՈՒ գլխավոր հրամանատարի հարցի վերաբերյալ և մոտեցումն այն էր, որ այդ հարցի վերաբերյալ որևէ լուրջ հակափաստարկներ չկան:
Ըստ նրա՝ նախագիծը սահմանել է, որ խաղաղ պայմաններում ԶՈՒ գտնվում է Գլխավոր շտաբի ենթակայության տակ, անմիջական ղեկավարությունը ՊՆ-ն է, և ԶՈՒ մոդուսը փոխվում է այն ժամանակ, երբ իրավականորեն պատերազմ է հայտարարվում, այդ ժամանակ ԶՈՒ-ն անցնում է վարչապետին, ով իրավունք ունի հրամանատար նշանակել:
Վ. Պողոսյանը նշեց, որ վերջինը կա նաև ներկայիս Սահմանադրության մեջ, քանի որ քաղաքացիական անձը չի կարող կոմպետենտ լինել ռազմական գործողությունների հարցում: Վ.Պողոսյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր զինվորական անձը ԶՈՒ-ում, ՀՀ նախագահը այդ բարձրագույն համանատարական պաշտոնին նշանակում է, բայց այդ լիազորությունը սահմանափակված է իր հիմնական գործառույթով և բովանդակային առումով որևէ հակաճառություն իրավունք չունի բերել նշանակումների հետ կապված: Նա նշեց, որ հակաճառություններ կարող են լինել միայն այն ժամանակ, եթե առաջակվում է մի անձ, ով չի համապատասխանում պահանջներին, իսկ նման վեճերի պարագայում այդ խնդիրը ՍԴ-ն է իրավասու լուծել:
Վ.Պողոսյանի խոսքով՝ 2005 թ-ին Սահամանդրության թերություններն արդեն հայտնի էին, անձամբ ինքը պառլամենտական կառավարման համակարգի կողմակից է.
«Այն, ինչ այսօր ներկայացված է ձեր դատին, հիմնականում համապատասխանում է իմ պատկերացումներին, նախագիծը գրվում է հանձնաժողովի կողմից, կան տարբեր կարծիքներ, բայց միջուկը լիովին համապաստասխանում է սահմանադրագիտական իմ պատկերացումներին»: