Երիտասարդը 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն և սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած անձի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեջ՝ դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, նախապես իմանալով, որ անչափահաս աղջկա 16 տարին լրացած չէ, պարբերաբար հյուրանոցային համալիրում և իրեն պատկանող ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություններ է ունեցել աղջկա հետ, որոնց ընթացքում կատարել է նաև սեքսուալ բնույթի այլ գործողություններ:

Ըստ ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, նախաքննության սկզբնական փուլում տվել է խոստովանական ցուցմունքներ և պատմել այն, ինչ հայտնի չի եղել իրավապահ մարմիններին, ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, կատարած հանցանքը փոխադարձ սիրո արդյունք է, այժմ գիտակցում է կատարածի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սիրում է տուժողին և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տուժողն ու տուժողի օրինական ներկայացուցիչը որևէ պահանջ չեն ներկայացրել և միջնորդել են ամբաստանյալին ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ ամբաստանյալն ու տուժողը պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները։ Բացի այդ, որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նրա ընտանիքը գտնվում է նյութապես անապահով վիճակում, բնակվում են վարձակալությամբ, նա աշխատում է և ընտանիքի միակ կերակրողն է։

 

Տեսանյութեր

Լրահոս