Հայաստանին հեռացնում են ԵՏՄ-ից

Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաև Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: Բայց, ի ուրախություն մեզ, Հայաստանի մասին մոռացել են նաև այդ հարցի քննարկման ժամանակ:

Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: «Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ խոսելու նաև հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- ասել է Պուտինը: Եվ կրկին՝ ոչ մի խոսք Հայաստանի մասին: Այն դեպքում, երբ միասնական արժութային միություն նախատեսվում էր ստեղծել ԵՏՄ-ի շրջանակներում՝ ոչ թե այսքան շուտ, այլ՝ առնվազն տասը տարի հետո: Հիմա իրավիճակը փոխվել է, և Պուտինը ցանկանում է արագացնել միասնական արժույթի ստեղծման գործընթացը:

Դատելով նրա հայտարարությունից, սակայն, դա նշանակում է, որ արժութային միությունը վերաբերելու է ոչ թե ԵՏՄ-ին, այլ Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին: Այս ամենը վկայում է, որ իրականում դե ֆակտո Հայաստանը ԵՏՄ անդամ չէ և այդպիսին չի դիտարկվում իր «գործընկերների» կողմից: Մի կողմից՝ սա, իհարկե, կարելի է համարել՝ որպես Հայաստանի արժանապատվությունը ոտնահարելու հերթական քայլ: Մյուս կողմից՝ սակայն, հաշվի առնելով, որ ԵՏՄ-ն ընդամենը պուտինյան ավանտյուրայի արդյունքն է, որին պարտադրված միացվեց նաև Հայաստանը, հիմա Հայաստանին մոռանալը կամ հաշվի չառնելը կարելի է համարել վերջինիս ուղղված բարեկամական քայլ: Ի դեպ, երեք երկրների նախագահները երեկ պայմանավորվել են, որ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Կրկին՝ առանց Հայաստանի: Իսկ դա ուշագրավ է նաև նրանով, որ մայիսին կայանալու է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին պատրաստվում է մասնակցել նաև Հայաստանը:

 

Տեսանյութեր

Լրահոս