«Հայաստանում կազմավորվել է բառերով լեցուն իրականություն»

Հարցազրույց հասարակագետ, կրթության հարցերով փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, անկախությունից հետո ի՞նչ հասարակություն ստեղծելու ճանապարհով է գնում Հայաստանը:

– Այս տարածաշրջանում փոքր ազգի զարգացման միակ երաշխիքը համերաշխ հասարակություն ունենալն է, և մեզ` այդ զարգացումն ապահովելու համար, պետք էր ունենալ համերաշխ, համախմբված հասարակություն: Բայց երբ նայում ենք անցած տարիներին Հայաստանում տեղի ունեցած տնտեսական ու քաղաքական գործընթացներին, տեսնում ենք, որ ամեն ինչ լրիվ հակառակ ուղղությամբ է գնացել:

Համերաշխ ու համախմբված հասարակություն ստեղծելու փոխարեն` այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ավելի է բևեռացրել, մասնատել հասարակությունը: Երբ խոսում եմ համերաշխ հասարակության մասին, ամենևին նկատի չունեմ մի հասարակություն, ուր բոլոր մարդիկ մտածում են նույն ձևով, կրկնում են միմյանց, չկա ոչ մի այլակարծություն: Համերաշխ հասարակությունն այն է, ուր մարդկանց` այլ կարծիքներ ունենալու իրավունքը նույնպես հարգվում, գնահատվում և օգտագործվում է` ի նպաստ հասարակության: Այսօրվա մեր բոլոր խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ այլ կերպ մտածող մարդիկ դիտվում են` իբրև վտանգ համակարգի համար:

Կարդացեք նաև

Բայց իրականում այլ կերպ մտածող մարդիկ ոչ թե` իբրև վտանգ, այլ հակառակը` իբրև լրացնող և իբրև օգնող պիտի դիտվեն: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա Հայաստանի նման երկրում շատ լավ կլիներ ունենալ այնպիսի իշխանություն, որը հասկանար, որ իր հիմնական խնդիրը հանրային բարիքի ստեղծումն է, հասարակական խնդիրների լուծումը, և ոչ թե` սեփական բարեկեցության ապահովումը: Մեզ այսօր պետք են մարդիկ, ովքեր կարողանան լուծել հասարակական խնդիրներ և հաջորդ սերնդին ժառանգեն ավելի լավ երկիր: Բայց այսօր արվում է հակառակը և հաջորդ սերնդին է ժառանգվում ավելի մեծ պարտքերով երկիր: Հասարակության մեջ կան ինստիտուտներ, որոնց հիմնական նպատակը հասարակ քաղաքացիներին մեծ գաղափարների հետ կապելն է: Օրինակ, այդպիսի ինստիտուտներ են եկեղեցին, իշխանությունը, մշակույթը, կրթությունը:

Սոցիալական այս ինստիտուտների խնդիրն այն է, որ նրանք անհատին բացատրեն և նաև օրինակներով ցույց տան, որ մարդը չի եկել այս աշխարհ` պարզապես առաջ տանելու իր ես-ը, իր ցանկասիրությունը: Նա եկել է հաջորդ սերունդներին ավելի լավ աշխարհ թողնելու համար: Բայց երբ քննում ենք այդ ինստիտուտների գոյությունը, տեսնում ենք, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն արժեզրկված են: Վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ այսօր գրեթե չունենք եկեղեցական գործիչներ, որոնք կարող են դուրս գալ և լարված իրավիճակներում երկխոսել ժողովրդի հետ, չունենք մշակութային գործիչներ, որոնց խոսքն առաջնորդող լինի (կան չնչին բացառություններ):

Այս ամենի արդյունքում ի հայտ է գալիս անհարգալից վերաբերմունք` պետության նկատմամբ: Մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. երբ օտարերկրացիները Հայաստան են գալիս, առաջին բանը, որ նկատում և ասում են, սովորաբար այն է լինում, որ Հայաստանում մարդ-մարդ հարաբերությունները շատ ջերմ են: Սրա պատճառն այն է, որ մեզանում մարդ-պետություն հարաբերությունը դեռևս ձևավորված չէ, և Հայաստանում հասարակական կյանքն ավելի շատ կառուցված է մարդ-մարդ հարաբերության հիման վրա: Այսինքն, երբ որ մարդը տեսնում է` պետությունը չի ապահովում իր բարեկեցությունը, նա փնտրում է ազդեցիկ մարդկանց և նրանց հաճոյանալով` կարողանում է իր գոյության խնդիրները լուծել: Այս տեսակի մեխանիզմը` մարդ-մարդ հարաբերությունը, ճիշտ է` ջերմ հարաբերություն է, բայց մյուս կողմից` այդ ջերմությունը շատ հաճախ տեղի է ունենում պետության, պետականության ձախողման հաշվին:

Ստացվում է, որ Հայաստանում սոցիալական վերելակ կոչվածը, որով մարդիկ կարող են իրենց կարգավիճակը բարելավել, ավելի շատ գործում է ոչ թե մարդ-պետություն, այլ մարդ-մարդ հարաբերության մեջ: Դրա համար մեր երկրում մարդիկ երախտապարտ են ոչ թե իրենց պետությանը, այլ այն մարդկանց, ում հաճոյանալու միջոցով հաջողության են հասել: Հաճոյանալն ընդհանրապես կենդանական երևույթ է: Իսկ մեզ մոտ մարդիկ կամ հաճոյանալով են առաջ գնում, կամ սեփական անձը լավ PR անելով, կամ էլ ժառանգական սկզբունքով:

– Հայաստանում որոշ գործիչներ պարբերաբար ներկայացնում են երկիրը, հասարակությունը զարգացնող շատ գեղեցիկ ծրագրեր: Նույնիսկ, եթե չեն իրագործվում դրանք, տեսնում ես, որ նրանք, ամեն դեպքում, լավ էլ տեղյակ են` ինչպես զարգացնել երկիրը: Ինչո՞ւ իրականություն չեն դառնում այդ ծրագրերը:

– Հայաստանում վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել զուտ բառագործական տեսանկյունից: Ստեղծվել են գեղեցիկ բառերով հագեցած ծրագրեր, կազմավորվել է բառերով լեցուն իրականություն: Այո, մենք ունենք շատ լավ ծրագրեր, շատ լավ կարգախոսներ, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ պարզապես ծրագրերով իրականություն փոխել, որովհետև, երբ դու քո ծրագրերն ու գաղափարներն ուզում ես ներդնել առկա իրականության մեջ, իրականությունը չի թողնում, որ այդ գաղափարներն այդպես հանգիստ գործեն: Միշտ կա դիմադրություն, որի պայմաններում գործող, առկա համակարգը շատ ավելի ուժեղ է, քան նոր եկող համակարգը: Երբ ասում ենք` հին կարծրատիպեր, դա, իրոք, հասարակական կյանքում գործող իրողություն է:

Դրա համար շատ կարևոր է, որ այդ գեղեցիկ ծրագրերին զուգահեռ` լինեն նաև օրինակներ: Եթե մենք Հայաստանում ունենանք ղեկավարներ, որոնք պատրաստ են հրաժարվել նյութական բարեկեցությունից և իրենց առաքելությունը դիտել` որպես պարզապես ծառայություն ժողովրդին` բառի ուղիղ իմաստով, մենք կունենանք շատ լավ օրինակ, որը հասարակության վրա բարենպաստ ազդեցություն կունենա: Բայց մենք չունենք այդպիսի օրինակներ: Մենք այսօր ունենք մի հասարակություն, որտեղ օգուտ կամ շահույթ է ստանում մարդկանց մի փոքր խումբ, իսկ կորուստների համար վճարում է ամբողջ հասարակությունը: Լավ բաներից օգտվում են ազդեցիկ մարդիկ, իսկ ձախողումների համար պատասխանատու են բոլորը. սա ճիշտ համակարգ չէ:

– Իսկ հասարակական ինստիտուտների արժեզրկման պատճառը ո՞րն է:

– Բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում և ծառայում են մշակույթի, եկեղեցու, կրթության կառավարման ոլորտներում, պետք է հասկանան, որ այսօր այդ ինստիտուտներն ունեն մրցակիցներ: Նախկինում քրիստոնեական եկեղեցին մրցակից չուներ, դպրոցը մրցակից չուներ, երեխաները վազում էին դպրոց, որովհետև դա միակ տեղն էր, ուր նրանք նոր բան կարող էին սովորել, իսկ այսօր այս բոլորն ունեն մրցակիցներ: Եվ ամենամեծ մրցակիցը ոչ թե պարզապես, ասենք, աղանդավորական կամ այլ շարժումներն են (դրանք կարող են մարդկանց միայն փոքր խմբերի վրա ազդել), այլ այս բոլոր ինստիտուտների հիմնական մրցակիցը, այսպես կոչված` բիզնես-ինդուստրիան է, որը մարդուն կտրում է արժեքներից` նրան վերածելով սպառողի: Այսօրվա մարդը նման է արմատներ չունեցող, շպրտված մի էակի, որին քամիներն այս ու այն կողմ են տանում-բերում: Նկատած կլինեք` թեթև քամու արդյունքում մոմը հանգչում է, բայց ուժեղ կրակն ավելի է բոցավառվում:

Նշված բոլոր ինստիտուտները մարդուն հիշեցնում են, որ նա այս աշխարհում ընդամենն անցողիկ մի բան է, որ պետք է ապահովի կապը` անցյալի ու ապագայի միջև: Բայց գալիս է մի բիզնես-ինդուստրիա, որն անհատին ներշնչում է այն գաղափարով, թե նա թագավոր է և պետք է ամեն ինչ ունենա: Այդպիսով` ներազդելով մարդու վրա, բիզնես-ինդուստրիան գումարներ է կորզում` նրան դարձնելով ցանկասեր, անշարժ մի էակ: Այսօրվա ինդուստրիան անշարժության ինդուստրիա է: Ինչո՞ւ է այսօր երեխաների մոտ նվազել սովորելու ձգտումը. որովհետև այսօրվա բիզնես-ինդուստրիան ասում է` դու նստիր քո տանը, մենք կառաքենք, դու մի գնա գրադարան, բացիր համակարգիչը և կարդա, դու մի գնա խանութ, մենք կբերենք, և այլն: Մարդկության պատմության մեջ տարիների ընթացքում գիտելիքը քիչ-քիչ սկսեց դուրս մղել իմաստնությունը: Այսօր մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ինֆորմացիան սկսում է դուրս մղել գիտելիքն ու, առավելևս` իմաստնությունը:

Այդ ինֆորմացիոն հարձակման տակ գտնվող մարդը, Տոլստոյի խոսքերով ասած, տեսնում է միայն իր փոքր տարածքը: Այսինքն` մարդը դառնում է փոքր դիստանցիայի էակ: Երբ դու դառնում ես այդպիսին, ապա եկեղեցին, մշակույթը, կրթությունը, գիտությունը դառնում են երկրորդական: Եվ Հայաստանն այս ամեն ինչում լինելով ավելի թույլ օղակ` այդ ազդեցությունները շատ ավելի ուժեղ է կրում: Մենք ինչ-որ իմաստով անպատրաստ էինք այս տեսակի բաներին: Մի այլ խնդիր էլ կա` որ հասարակության մեջ հեղինակազրկվում են տաղանդավոր ու հանճարեղ մարդիկ, որովհետև միջակության խավը հայտնվում է հասարակ մարդու և տաղանդի մեջտեղում, մշուշի նման փակում է, և հասարակությունը հանճարեղ մարդկանց այլևս լավ չի տեսնում, լավագույն դեպքում` անունները գիտի, բայց մշակույթը, արժեքները չեն յուրացվում:

– Բայց դա միայն Հայաստանի՞ խնդիրն է:

– Սա գլոբալ խնդիր է, և մենք պետք է ցույց տանք, որ այս իրավիճակը կեղծ ճգնաժամ է, և մարդու էությունը սա չէ: Դրա համար մեզ պետք են օրինակներ: Հայաստանը մի հասարակություն է, որտեղ մարդիկ նայում են, թե վերևից ինչ են ասում: Այդ իմաստով ես շատ եմ կարևորում երկխոսությունը` ղեկավարության և հասարակության անդամների միջև: Շատ կարևոր է, որ ղեկավարությունը խոսի ժողովրդի հետ: Մենք իրար մասին խոսում ենք, բայց իրար հետ չենք խոսում: Եվ այդ անկեղծ երկխոսության կարիքը, սկսած հեռուստատեսությունից` մինչև անմիջական հարաբերություններ, կա:

Հայ ժողովուրդը չի սիրում, երբ իրեն արհամարհում են, անտեսում են, մարդու տեղ չեն դնում: Եվ հակառակը, եթե դու ժողովրդի հետ զրուցես և անկեղծ ասես` որոնք են խնդիրները, դժվարությունները, նա ավելի լավ կհասկանա քեզ: Եվ դա պետք է ասվի անկեղծ, ոչ թե փիարշչիկների գրված ելույթների միջոցով: Ամենավատ բանն այն է, որ ղեկավարության ելույթները ոչ թե իրենց մտքերն են, այլ հիմնականում ինչ-որ փիառ մասնագետների գրած տեքստեր: Այդ տեսակ ելույթներին հայը սովոր չէ, հայկական մշակութը միշտ նախընտրել է ուղիղ, անմիջական զրույցը:

– Ինչո՞ւ իշխանությունը չի զգում այդ երկխոսության կարիքը:

– Իմ կարծիքով` արդեն բավականին մեծ անջրպետ կա իշխանության և հասարակության, ժողովրդի մի զգալի հատվածի միջև, և այդ անջրպետը կարող է հաղթահարվել, եթե երկրում իշխանության գա ընտրությունների արդյունքում հաղթած մի ուժ, որը` իբրև ժողովրդի ներկայացուցիչ, կարողանա այդ խնդիրները լուծել: Այսօր, ինձ թվում է` ավելի շատ խնդիրը գնում է իշխանությունը պահելու ուղղությամբ, ոչ թե` համակարգային հարցեր լուծելու: Համակարգային հարցերը լուծելու համար երկրում պետք է լինի համերաշխության մթնոլորտ, որը չկա, և որի փոխարեն տիրում է խրամատավորված վիճակ: Մի խրամատում իշխանությունն է, մյուս խրամատում հասարակության աղքատ մասն է, մյուս խրամատում հասարակության երրորդ մասն է, և այս պարագայում բոլորս մտածում ենք իրարից պաշտպանվելու մասին, ոչ թե` զարգանալու: Զարգանալու և պարզապես առաջ գնալու համար բոլորս պետք է դուրս գանք մեր խրամատներից և նախ` պարզապես երկխոսենք:

Տեսանյութեր

Լրահոս