Բաժիններ՝

«Ուկրաինայի հարավ-արևելքում մարտերի հետևանքով հայերն արտագաղթում են, ոմանք անտուն և անոթի են մնացել». Մարիուպոլի հայ համայնքի ղեկավար

Չնայած 2014 թվականի սեպտեմբերին  Մինսկում ստորագրված՝ արևելյան Ուկրաինայում հրադադարի պահպանման կարևորության մասին համաձայնագրին, որը հնարավորություն տվեց ժամանակավորապես թուլացնել  ռազմական գործողությունները,  Ուկրաինայի հարավ-արևելքում նախորդ տարվա  ապրիլից սկսված հակամարտությունը նոր թափով մեկնարկել է օրերս: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անջատականները «Գրադ» են կիրառել: Գնդակոծության հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել, 90-ից ավելի մարդ  վիրավորվել է: Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր, որ Մարիուպոլում բնակչությունը քաղաքի արևելյան մասից տարհանվում է արևմտյան մաս:

Բարդ է դրությունը նաև Ուկրաինայի հարավ-արևելքում բնակվող շուրջ 80 հազար հայության համար. նրանց մի զգալի հատվածը փախստական է դարձել այս օրերին շարունակվող մարտերի պատճառով կամ հասցրել արտագաղթել երկրից՝ ապահովությունն այլ երկրում գտնելու նպատակով:

168.am-ի հետ զրույցում Մարիուպոլ քաղաքի հայ համայնքի ղեկավար Հենրիկ Յայլոյանը տեղեկացրեց, որ վիճակը փոքր-ինչ կայուն է այսօր, մարտական գործողություններ չկան: Ըստ նրա` շատ են  փախստականները:

«Կիևի հայ համայնքն է օգնում հայերին, 3000 հոգու օգնություն ենք ցուցաբերում այս պահին, տեղավորել ենք հյուրանոցներում, սննդով ենք ապահովում: Մի հայ տղա վիրավոր ունենք այս պահին, ով պառկած է, Կիևն է գումար հատկացրել, մենք ենք հատկացրել՝  իր բուժումն ավարտին հասցնելու նպատակով:  Թեև այս վիճակում միայն հայերը չեն, Ուկրաինայի հարավ-արևելքի բոլոր բնակիչները հայտնվել են բարդ իրավիճակում և ունեն  ամեն տեսակի ռեսուրսների կարիք, շատ մարդիկ անտուն են մնացել՝ սննդի կարիք ունեն, շինանյութերի կարիք ունեն, տեխնիկայի կարիք ունեն, փորձում ենք մեր հայրենակիցներին ապահովել»,- ասաց Հենրիկ Յայլոյանը: Վերջինս նշեց, որ թեև Մարիուպոլում աշխատատեղերը չեն փակվել, բայց ընկերությունները չեն աշխատում նախկին ինտենսիվությամբ, և մարդիկ նաև աշխատանքի կարիք ունեն:  «Շուկա ունենք, շուկաներից մեկը փոխհրաձգության տակ է  ընկել, իսկ այդ շուկան  հայի էր պատկանում: Հացի ցեխեր ունեինք, հիմա դրանց միջոցով մարդկանց հաց ենք բաժանում»,- ասաց համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ հակամարտող երկու կողմերից էլ հայ համայնքին կանչել են իրենց մոտ` փորձելով հայ համայնքի կողմնորոշումը պարզել:  Սակայն Յայլոյանն ընդգծեց, որ իրենք ոչ մի կողմում էլ չեն,  համայնքի կողմնակիցն են, ժողովրդի հետ են,  քաղաքականությանը չեն միջատում:

«Եթե երկու մեծ եղբայրները կռվում են, մեզ համար անորոշ է իրավիճակը: Մեր համայնքն այս պահին քաղաքում է գործում, ներկա դրությամբ ուկրաինացիներ ենք, պաշտպանում ենք այդ կանոնը, բայց չգիտենք, թե վաղն ինչ կլինի, ուստի աշխատում ենք չմիջամտել: Եթե ինձ կարծիք են հարցնում, ասում եմ, որ չունեմ: Մեր կարծիքը 5 հազար, 6 հազար, 10 հազար և ավելի մարդկանց կարծիք  է, ես չեմ կարող արտահայտել բոլորի կարծիքն ու տրամադրությունը, բայց մենք Դոնեցկից և այլ վայրերից մեծաթիվ փախստականներ ունենք՝  մի քանի հազար ընտանիք, որոնց փորձում ենք օգնել: Շատերին արդեն օգնել ենք: Մենք քաղաքական հարցերից հեռու ենք, օգնում ենք խեղճերին, փախստականներին, եթե պետք է,  և մարդիկ ցանկություն ունեն հեռանալ՝ օգնում ենք այդ հարցում»,- ասաց Յայլոյանը:

Վերջինս հստակեցրեց, որ մարդիկ կան՝ դեպի Ռուսաստան են ցանկանում գնալ, մարդիկ կան` Հայաստան, մարդիկ էլ կան` Կիև, մարդ էլ կա՝ չի ցանկանում գնալ, քանի որ տուն-տեղն Ուկրաինայում է: Նա տեղեկացրեց, որ մոտավորապես 3000 հայերի օգնություն է ցուցաբերել Կիևի հայերի միությունը, իսկ իր  մոտ  են եկել շուրջ 1600 հայեր: Թե այլ տեղեր որքա՞ն հայեր են գնացել՝ դեռ չեն կարող հստակ ասել: «Արտագաղթը շատ-շատ է»,- ասաց նա` հավելելով, որ բոլորին փորձում են օգնություն ցուցաբերել:

Եզրափակելով իր խոսքը` Հենրիկ Յայլոյանն ասաց, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ամեն առիթով կոչ են անում չմասնակցել մարտերին և չմիջամտել հակամարտությանը, քանի որ դա հայերի կռիվը չէ: Բայց և ասաց, որ առանց իրենց գիտության՝ եղել են հայեր, ովքեր կամովին միացել են այս կամ այն կողմին, եղել են նաև զոհեր:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս