Բաժիններ՝

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ. «Հայաստանի սահմանին առկա լարվածությունը բացասական ազդեցություն է ունենում տնտեսական ակտիվության ու ներդրումների վրա»

Հայաստանի սահմանին առկա լարվածությունը բացասական ազդեցություն է ունենում տնտեսական ակտիվության ու ներդրումների վրա: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, դրա ազդեցությունը շատ արագ զգում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, ում վրա ակնհայտ ազդում է դա: Այսինքն, լուրերը որ հասնում են պատվիրատուներին, առնվազն ծրագրերի սառեցում է լինում:

«Մեր տեղական ընկերությունների մոտ էլ այս պահին սառեցված է, ոչ ոք ոչ մի ծրագիր չի ուզում իրականացնել: Բանկերն էլ իրենք են իրենց հերթին սառեցրել, վարկեր չեն տալիս: Համընդհանուր դադար է»,- ասաց նա:

Հ.Ավագյանը նշեց, որ հունվարի 12-ից բիզնես կյանքն արդեն պետք է սկսված լիներ, բայց իրական կյանքում ոչ մի նոր ներդրումներ, նոր պլաններ չեն իրագործվում և, բնական է, որ հետո տարվա կտրվածքով ընդհանուր ցուցանիշների վրա դա ազդելու է.

«Կարող է հունիս-հուլիսին լավ լինի, ծիրան շատ աճի ու շատ ծախենք, բայց  ծիրանն իր տեղն ունի, իսկ կան ոլորտներ, որոնք հիմա պետք է ինչ-որ գործողություն անեն, հումք առնեն: Կան գործարարներ, որ հումքն առնում են երրորդ երկրներից,  և իրենց մոտ տարին վատ նորություններով սկսվեց ԵՏՄ-ի հետ կապված՝ ավելի թանկ են հումքը գնում, որովհետև ԱԱՀ և մաքսատուրք են վճարում»,- ասաց Հ.Ավագյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք ներդրումների աշխուժացում կլինի՞ շրջանառության հարկի սպասվող նոր փոփոխությունից, որով տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկ նվազեցվելու է 10 անգամ՝ ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանելով 2 %, ասոցիացիայի նախագահը պատասխանեց, որ նման մարդ չի ճանաչում, որը կօգտվի դրանից.

«Նույնիսկ հորիզոնում չեմ տեսնում, որ կգա ու կօգտվի: Արտաքին ներդրողները՝ միայն այդ գործոնը հաշվի առնելով, չեն գա ու ներդրումներ չեն անի: Օրինակ, դրանից օրեր առաջ ՎԶԵԲ-ը ՀՀ-ում տնտեսական 0% աճ կանխատեսեց, դրա մասին չեն խոսում»:

Հ.Ավագյանի խոսքով՝ ՀՀ-ում ներդրում անելու համար արտերկրի գործարարը դիտարկում է ոչ միայն շահութահարկի տոկոսը, այլ ընդհանուր ՀՀ-ի վիճակը, առկա կարծիքներն է ուսումնասիրում. «Առաջին հերթին ուշադրություն են դարձնում բիզնես շահերի պաշտպանության վրա, այսինքն՝ բիզնես շահերը պաշտպանվա՞ծ են, արդյոք գործո՞ւմ են անկախ մեխանզմներ՝ բիզնես օմբուդսմեն, հարկ վճարողի պաշտպանության ինստիտուտներ և այլն: Այսինքն՝ բիզնեսմենը նայում է, որ եթե իր հաշվապահն ինչ-որ սխալ է արել, կամ ինչ-որ բան չի արել, կա՞ կառույց, որին կարող է ապավինել, քանի որ օտար մարդ է տվյալ երկրում: Երկրորդ՝ այն երկիրը, որտեղից գալիս է, արդյոք իր նման քանի՞սը կան ու ի՞նչ հաջողությունների են հասնում: Դա վստահության չափանիշ է: Երկրի անվտանգությունը, կայունությունը, լարվածության բացակայությունը նույնպես դիտարկվող գործոների առաջին եռյակ-քառյակի մեջ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս