Բաժիններ՝

Հայաստանի երիտասարդների 72%-ը չի աշխատում

Հայաստանի երիտասարդների 72%-ը չի աշխատում և չունի որևէ եկամուտ, երիտասարդության միայն 28%-ն է աշխատում: Այս ցուցանիշները բերված են «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության մեջ, որն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:

Ըստ հետազոտության արդյունքների՝ չաշխատող երիտասարդների խմբից 24%-ը ուսանող է, 48%-ը չունի աշխատանք և չի գտնվում որևէ ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ ՀՀ պետական սահմանման համաձայն՝ գործազուրկ են այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք, այդպիսիք են հարցվածների 20%-ը:

Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41% արական, 59% իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ: Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից: Ըստ ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի՝ երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները, Հայաստանում երիտասարդների թիվը 804 205 է կամ բնակչության մոտ 27.9%-ը:

Հետազոտության արդյունքներով՝ 16­20 տարիքային խմբում զբաղված են հարցվածների 16%­ը, 21­25 խմբում՝ 33% ­ը, իսկ 26­30 տարեկանների խմբում՝ 34%­ը: Սա նշանակում է զբաղված երիտասարդների թվի ավելացում տարիքային աճին զուգահեռ: Զբաղված է երևանաբնակ երիտասարդների 32%­ը, իսկ մարզաբնակների` 26%­ը: Հաշվի է առնվել, որ մարզաբնակ զբաղված երիտասարդների մոտ 19% ­ը զբաղված է սեփական հողատարածքի մշակմամբ և որպես վարձատրություն կարող է ստանալ բնամթերք: Գյուղատնտեսությանը հաջորդում է առևտրի ոլորտը, որում ներգրաված են հարցվածների 14%-ը, 11%-ը՝ պետական մարմիններում, 9%-ը՝ կրթության, գիտության, 7%-ը՝ առողջապահության, 7%-ը՝ արվեստի, մշակույթի, սպորտի, 6%-ը՝ ուժային կառույցներում, 5-ական տոկոս ծառայությունների, շինարարության, սպասարկման, ֆինանսական ոլորտներում, հարցվածների միայն 3%-ն է զբաղված ՏՏ ոլորտում: Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների 46%-ը գյուղաբնակ է, 18%-ը երևանաբնակ, 36%-ը՝ ՀՀ այլ քաղաքներից:

Կարդացեք նաև

Երիտասարդների 48.7%-ը չունի ամսական եկամուտ, 21.7%-ի ամսական եկամուտը չի գերազանցում 50 հազար դրամը, 12.1%-ինը՝ 50-100 հազար դրամ է, 4.5%-ինը՝ 100-150, 3.4%-ինը՝ 150-200, 2.4%-ինը՝ 200-300 հազար դրամ է, երիտասարդների 20.2%-ը նորմալ կյանքի համար ակնկալում է 200-300 հազար դրամ եկամուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս