Հանրահավաքի մասնակիցներին զգուշացրել են պատրաստված գալ հրապարակ

Վաղվա հանրահավաքի օրակարգը շարունակում է անորոշ մնալ. այսօր նույնիսկ եռյակի խորհրդարանական ներկայացուցիչները նախահանրահավաքային նիստ չանցկացրեցին, ինչպես հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ: Թե ինչ է լինելու վաղը, այս հարցին եռյակի անդամ կուսակցությունների պատգամավորներն անորոշ պատասխաններ են տալիս, մինչդեռ նախորդ հանրահավաքից առաջ գոնե գիտեին, որ հանրահավաքին հաջորդելու է երթ, և հայտնի էր, թե ինչ երթուղով:
Սակայն եռյակի անդամ կուսակցությունների տարածքային գրասենյակներից բոլորովին այլ տեղեկություններ են հայտնի դառնում:

Մասնավորապես՝ ՀԱԿ տարածքային կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենց հրահանգել են հանրահավաքի գալ պատրաստված, քանի որ, ամենայն հավանականությամբ, հանրահավաքը չի ավարտվելու, և այն լինելու է շուրջօրյա: Հանրահավաքի գնացողներին խորհուրդ է տրվել իրենց հետ վերցնել տաք ծածկոցներ և հագուստ՝ Ազատության հրապարակում գիշերելու համար:

Թե որքան է տևելու շուրջօրյա հանրահավաքը՝ կան տարբեր մոտեցումներ: Մեր զրուցակիցների մի մասը հայտնում է, որ իրենց տեղյակ են պահել, որ առնվազն հինգ օր հանրահավաքի մասնակիցները պետք է գիշերեն հրապարակում, իսկ դրանից հետո նոր որոշում կկայացվի: Նրանք վստահեցնում են, որ եռյակի լիդերների միջև կա փոխադարձ պայմանավորվածություն, որ նրանք ևս գիշերելու են հրապարակում, որպեսզի իրենց օրինակով աջակցեն մյուս մասնակիցներին:

Տարածքային կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, որ մինչև այս պահը Ոստիկանության կողմից որևէ կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկվում հանրահավաքի գնացողներին Երևան տեղափոխելու հարցում: Մասնավորապես՝ ավտոբուսների, միկրոավտոբուսների և տաքսի սերվիսների սեփականատերերը որևէ նախազգուշացում չեն ստացել վաղը Երևան ուղևորներ չտեղափոխելու մասին: Ոստիկանությունը որևէ աշխատանք չի կատարում նաև ակտիվիստների և հանրահավաքի տեղական կազմակերպիչների հետ, որը, ըստ նրանց՝ մշտապես առկա է եղել մինչև վերջին հանրահավաքը:

Թե ինչով է բացատրվում իշխանության այս հանգստությունը կամ անտարբերությունը՝ դժվար է բացատրել, բայց, որ այն իր ազդեցությունն է ունենում մարդկանց տրամադրության վրա, միանշանակ է: Տարածքային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր միշտ զգուշավորություն են դրսևորել հանրահավաքին մասնակցելու հարցում, հիմա սկսել են ակտիվություն դրսևորել և ցանկություն են հայտնում վաղվա հանրահավաքին մասնակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս