Դոնեցկից և Լուգանսկից 112 մարդ է ապաստանել Հայաստանում

Բռնագաղթի կամ պատերազմական իրավիճակի պատճառով անկախությունից հետո Հայաստան են տեղափոխվել չորս տարբեր պետություններից հազարավոր հայեր: Վերջին երկիրը Ուկրաինան է:

Ոչ միայն հայեր, այլև հազարավոր ուկրաինացիներ են երկրի արևելքի զինված բախումների հետևանքով լքում երկիրը: Ուկրաինական դեպքերի պատճառով առնվազն 285 հազար մարդ է հեռացել իրենց բնակավայրերից: Սա ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներն են, ըստ որոնց, իրենց բնակավայրը լքածների հիմնական մասը տեղափոխվել է Ռուսաստան: Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված մոտ 180 հազար ուկրաինաբնակների մեջ շատ են նաև հայ ընտանիքները:

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ապրող հայերի մի մասը տեղափոխվել է Ուկրաինայի այլ տարածքներ, իսկ Հայաստանի ճանապարհը, ինչպես հայտնի դարձավ «168 Ժամին», բռնել է արևելյան տարածքներում ապրող մոտ 150 000 հազար հայերից միայն 112-ը: ՀՀ սփյուռքի նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարությունում գրանցվածների այդ թիվը, սակայն, ամբողջապես չի արտացոլում Ուկրաինայից եկած հայ փախստականների պատկերը, որովհետև բոլորը չէ, որ գրանցվում են պետական աջակցություն տրամադրող մարմիններում.

«Այս 112-ը, որոնք 32 ընտանիք են, հիմնականում Դոնեցկի և Լուգանսկի մարզերից եկած հայերի անապահով հատվածն է»,- ասացին Սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչությունից: Սփյուռքի նախարարությունը, իբրև նախադեպեր ունենալով իրաքահայերի և սիրիահայերի օրինակները, ուկրաինահայերի դեպքում նույնպես կատարում է նույն քայլերը՝ օժանդակություն փաստաթղթային, դպրոցի, կացարանի, աշխատանքի, ինտեգրման և այլ հարցերում:

Ուկրաինայից եկող հայերի հոսքը, սակայն, անհամեմատելի է սիրիահայերի հոսքի հետ, որոնց թիվն անցնում է մի քանի հազարը և, ըստ տվյալների, նրանց մեծ մասը երբևէ Հայաստան մշտական տեղափոխվելու նպատակ է ունեցել, իսկ Դոնեցկի և Լուգանսկի մարզերից Հայաստան են եկել հիմնականում նրանք, ովքեր գնալու ոչ մի տեղ չեն ունեցել՝ կա՛մ նախկին հայաստանցիներ են, կա՛մ Հայաստանում ազգականներ ունեն:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դոնեցկից և Լուգանսկից Հայաստան եկած հայերին տրվել է փախստականի կարգավիճակ: Ինչպես նշեց Գագիկ Եգանյանը, ուկրաինահայերի (ինչպես նաև սիրիահայերի) դեպքում կառավարությունը բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարում է ավելի արագ, քանի որ ՀՀ-ն տիրապետում է ծագման երկրի մասին ողջ ինֆորմացիային, և ընթացակարգով սահմանված ժամկետներն արագացվում են, որպեսզի վտանգի տակ գտնվող հայերն արագ մուտք գործեն Հայաստան:

Բայց պարզվում է՝ միայն հայեր չեն ուկրաինական դեպքերի պատճառով Հայաստան տեղափոխվողները. Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ Ուկրաինայից նաև ոչ մեծ թվով ռուսներ և ուկրաինացիներ են դիմում ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով, և նրանց, սովորաբար, տրամադրվում է այն:

Ուկրաինայից Հայաստան ժամանած դպրոցականներին Սփյուռքի նախարարությունն ուղարկում է հայկական դպրոցների ռուսական դասարաններ: Ի դեպ, ուկրաինահայերից ոմանք նախընտրում են բնակվել նաև մարզերում: Արդեն մի քանի ընտանիքներ են տեղավորվել Գավառի և Արմավիրի մարզերում: Այս պահին, ինչպես հայտնեց Միգրացիոն ծառայության ղեկավարը, ապաստանի հայցման դիմումները շարունակվում են:

«168 Ժամը» կապ հաստատեց նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի հետ. Լվովում գործող հայոց առաջնորդարանից հայտնեցին, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հայերը հիմնականում Ռուսաստան են գնում, նույնիսկ հեռավոր սիբիրյան շրջաններ, բայց եթե Հայաստանում նրանց համար ստեղծվի կեցության, աշխատանքի և այլ պայմաններ, նրանք, բնականաբար, կնախընտրեն ապաստանել հայրենիքում:

 

Տեսանյութեր

Լրահոս