Ադրբեջանը սկսել է հրապարակել զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները (ցուցակ)

Հուլիսի 31-ի՝ լույս օգոստոսի 1-ի գիշերն ադրբեջանական կողմի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է ճեղքել հայկական պաշտպանությունն ու ներթափանցել հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, սակայն լուրջ հակահարվածների է արժանացել և հետ շպրտվել ելման դիրքեր, որի արդյունքում ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է ունեցել:

Գործողության արդյունքում զոհվել է ՊԲ երկու զինծառայող՝ 1994-ի ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Սկզբում ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի ՊՆ-ն, հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»: Բայց ժամեր անց նույն գերատեսչությունը հայտարարեց գործողությունների արդյունքում զինծառայողների մահվան մասին: Ի պատասխան Ադրբեջանի կողմից հարձակման փաստի հերքման՝ ԼՂՀ ՊՆ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, որում ներկայացվում էին հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:

Հայ դիրքապահները ժամանակին նկատելով ադրբեջանցիների դիվերսիոն-հետախուզական խմբին՝ դիմել են համապատասխան գործողությունների: Ադրբեջանական տարբեր աղբյուրներ զոհերի հետ կապված տարբեր թվեր են նշում: Ըստ որոշ աղբյուրների՝ ադրբեջանական կողմի զոհերի թիվը 14 է: Ֆեյսբուքի իր էջում ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը գրել է.

«Կորուստները, որոնք ադրբեջանական բանակը կրել է հայերի կողմից երեկ իրականացված դիվերսիայի արդյունքում, խոշորագույնն են՝ 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված հրադադարից հետո»:

Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը, հղում անելով ադրբեջանական APA գործակալությանը, ներկայացրել է զոհված ադրբեջանցի 9 զինծառայողների անունները:

• ենթասպա Ալմազով Իսա Զիյադօղլու, 1977 թ. ծնված, զինվորական ծառայության է զորակոչվել Ղազախի շրջանից

• պայմանագրային զինծառայող Էլվին Ասկերով, զինվորական ծառայության է զորակոչվել Շիրվան քաղաքից

• շարքային Ալի Ռահիմով, զինվորական ծառայության է զորակոչվել Մասսալի շրջանից

• շարքային Մուստաֆա Ալիջօղլունով, զինվորական ծառայության է զորակոչվել Խաչմազի շրջանից

• շարքային Սաֆթար Մամեդով, զինվորական ծառայության է զորակոչվել Սալյանի շրջանից

• շարքային Էլնուր Իբրահիմով, զինվորական ծառայության է զորակոչվել Ղուբայի շրջանից

• շարքային Վյուգար Փոլադով, զինվորական ծառայության է զորակոչվել Թովուզի շրջանից

• պայմանագրային զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդարօղլու, 1992 թ. ծնված, զինվորական ծառայության է զորակոչվել Աղդամի շրջանից

• Աբդինով Հուսեյն Էթիբարօղլու, զինվորական ծառայության է զորակոչվել Սումգայիթից
APA-ի հաղորդմամբ` կան ևս 5 վիրավորներ, որոնց անունները դեռևս ճշտվում են:

Տեսանյութեր

Լրահոս