Թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է
«Այսուհետ հուլիսի 30-ը նշվելու է թրաֆիքինգի դեմ պայքարի օր, թրաֆիքինգի զոհերի աջակցության օր, և Հայաստանը, ի թիվս ՄԱԿ-ի մյուս երկրների, այսօր առաջին անգամ միանում է այս ծրագրին»,- ասաց ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի որոշմամբ՝ հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է համարվում:
Վ. Կաժոյանը նշեց, որ Հայաստանը մեծ ավանդ ունի թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների մեջ՝ հաշվի առնելով, որ արդեն երկար տարիներ Հայաստանում այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են ծավալվում. «Հայաստանում կա ինստիտուցիոնալ լավ զարգացած համակարգ, գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի կառավարական խորհուրդը, որի ղեկավարն է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Խորհրդին կից գործում է աշխատանքային խումբը, որի ղեկավարն եմ ես, և խումբը իրականացնում է բոլոր այն աշխատանքները, որոնք դրված են խմբի վրա՝ գործողությունների ազգային ծրագրով»:
Նրա խոսքով՝ Հայաստանը ունի նաև մի շարք միջազգային պարտավորություններ թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում, որոնք հիմնականում արտացոլված են Հայաստանի կողմից ստորագրված, վավերացված բազմաթիվ միջազգային պայմանագրերի միջոցով. «Դրանք և՛ ՄԱԿ-ի փաստաթղթերն են, և՛ միգրացիայի միջազգային կազմակերպության կոնվենցիաներն են, և՛ աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներն են, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարատվորությունները»:
Վ. Կաժոյանը նկատեց, որ Հայաստանը նաև շատ լավ երկկողմ համագործակցում է բազմաթիվ երկրների հետ. «Այդ առումով առաջին հերթին պետք է նշել Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները հրապարակում է տարեկան զեկույց՝ թրաֆիքինգի իրավիճակը աշխարհի տարբեր երկրներում: Համաձայն դրա՝ Հայաստանն այս տարի 2-րդ անգամ ընդգրկվել է առաջին խմբում, այսինքն՝ այն երկրների շարքում, ովքեր լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: Աշխարհի 190-ից ավելի երկրների ցանկում միայն 30 երկրներ են դասվել առաջին խմբում, Հայաստանը միակն է մեր տարածաշրջանի բոլոր երկրներից, որը ընդգրկված է առաջին խմբում և համապատասխանում է պետդեպարտամենտի չափանիշներին՝ թրաֆիքինգ դեմ պայքարի բնագավառում»:
Վ. Կաժոյանը նշեց, որ իրենք կարևորում են նաև համագործակցությունը երկրի ներսում՝ հատկապես հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ, քանի որ կարծում են, որ թրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրը մեկ մարդու, մեկ աշխատանքյին խմբի, խորհրդի գործունեության արդյունք չէ: Այստեղ պետք է ամբողջ հասարակության ակտիվ մասնակցությունը:
Նա նշեց, որ կապույտ սիրտն է ընտրվել է իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ:
«Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանն էլ ասաց, որ պատահական չէ, որ արդեն երկու տարի է՝ Հայաստանը հայտնվում է առաջին խմբում. «Սա նշանակում է, որ արդեն իսկապես արվում է շատ լուրջ աշխատանք՝ հասարակության իրազեկության բարձրացման համար: Հայաստանում իրազեկության բարձրացումը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում՝ շնորհիվ նաև լրատվամիջոցների, որոնք աշխատում են հնարավորինս երևույթը աչքաթող չանել»:
Նա նշեց, որ իրենք ԱՄՆ դեսպանատան շնորհիվ կարողացել են իրականացնել մի ծրագիր, որը կոչվում է «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական պլատֆորմի զարգացում». «www.antitrafficking.am կայքը նախատեսված է հիմնականում լրագրողների, ինչպես նաև հասարակության իրազեկման համար: Այնտեղ դուք կարող եք գտնել Հայաստանում և աշխարհում թրաֆիքնինգին վերաբերվող ցանկացած նյութ՝ սկսած վիզուալ նյութից՝ ավարտած այն հոդվածներով և նյութերով, որոնք դուրս են գալիս ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Մենք նաև իրավաբանական անալիզի ենք ենթարկում ցանկացած հոդված, որովհետև թրաֆիքինգի երևույթի ոչ ճիշտ լուսաբանումը բավականաչափ լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Մենք ցույց ենք տալիս այն սխալները, որոնք թույլ են տրվել լրագրողների կողմից: Այս առումով մենք գտնում ենք, որ բավականաչափ լուրջ օգնություն է մեր լրագրողներին, որ առաջիկա նյութին անդրադառնալիս թույլ չտան նման սխալներ»:
Անի Քեշիշյան