Բաժիններ՝

Հայաստանի ամենահարուստ կուսակցություններն ու նրանց ֆինանսական աղբյուրները

Եթե Հայաստանի քաղաքական համակարգում կա մի բան, որով կարող ենք իրոք պարծենալ, դա կուսակցությունների քանակն է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 70 կուսակցություն։

Ընդ որում, եթե մենք իրականում կուսակցությունների թվով չենք պարծենում (քանի որ պարծենալու բան չկա), ապա իրենք` կուսակցությունները, առիթը բաց չեն թողնում պարծենալու իրենց անդամների հոծ բազմությամբ։

ՀՀ օրենսդրության համաձայն` կուսակցությունը պետք է ունենա նվազագույնը 2000 անդամ։ Այսինքն` Հայաստանում պաշտոնապես պետք է լինի նվազագույնը 120 հազար կուսակցական։ Սակայն, եթե հավատանք իրենց` կուսակցություններին, ապա կուսակցականների թիվը Հայաստանում ավելի մեծ կլինի, քան ՀՀ բնակչության։ Ընդ որում, կուսակցությունները սովորաբար դա անում են լղոզված ձևով և պաշտոնական որևէ տեղեկանք երբեք չեն ներկայացրել իրենց անդամների թվաքականի վերաբերյալ։

Օրենսդրությունը նման պահանջ չի դնում, այնպես որ, գործնականում դժվար է ստուգել` կուսակցությունն ունի 100 հազար անդա՞մ, թե՞ 5 հազար։
Փոխարենը` օրենսդրությունը դնում է մեկ այլ պահանջ` կուսակցությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Ու եթե անդամների թվաքանակի մասին տեղեկությունները հնարավոր չէ ճշտել, ապա կուսակցությունների ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ տվյալները հասանելի են։

Կարդացեք նաև

Մենք azdarar.am կայքից առանձնացրեցինք 6 կուսակցությունների տվյալները, որոնք համանուն խմբակցություն ունեն Ազգային ժողովում և ստանում են նաև բյուջետային ֆինանսավորում` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և ՕԵԿ։
Ցանկը, որը դուք տեսնում եք, կազմված է այդ տվյալների հիման վրա և ցույց է տալիս, թե կուսակցությունները որքան դրամական մուտքեր են ունեցել 2013 թվականի ընթացքում և ինչ աղբյուրներից։

Ցուցակում առանձնանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն ունեցել է ավելի քան 715 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր։ Այդ գումարի մեծ մասը` 492 միլիոնը, ստացվել է անշարժ գույքի օտարումից։ Սակայն անգամ այդ ցուցանիշը հաշվի չառնելով` ՀՀԿ-ի դրամական մուտքերը 2 անգամ գերազանցում են մնացած 5 կուսակցությունների մուտքերը միասին վերցրած։

Որքան էլ զարմանալի լինի, երկրորդ տեղում ոչ թե ԱԺ-ում 36 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ն է, այլ ՀՅԴ-ն։ ՀՅԴ ֆինանսական մուտքերը նախորդ տարվա ընթացքում կազմել են 54.4 միլիոն դրամ։ Ընդ որում, հատկանշական է, որ դրանց առյուծի բաժինը` 50.1 միլիոն դրամը, անդամավճարներն են։ Սա խոսում է, որ անկախ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքից` պետք է ընդունենք, որ գործ ունենք դասական կուսակցության հետ։ Ավելի մեծ ծավալով անդամավճարներ` 97.8 միլիոն դրամ, հավաքել է միայն ՀՀԿ-ն։

kuaskc-axyusak

Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ի անդամաճարները կազմել են 8 միլիոն դրամ, ՀԱԿ-ինը` 3.1 միլիոն։ Իսկ օրինակ, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ն անդամավճարներից մուտքեր ընդհանրապես չեն ունեցել։ «Ժառանգության» դրամական մուտքերի մեծ մասը կազմել է բյուջետային մուտքերի ֆինանսավորումը` 4.4 միլիոն դրամի չափով։ Իսկ ՕԵԿ-ի ֆինանսավորման գլխավոր աղբյուրը եղել են ֆիզիկական անձանց նվիրատվությունները։

Կուսակցության հաշվետվության մեջ նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում 158 մարդ կատարել է նվիրատվությունը` յուրաքանչյուրը մինչև 100 հազար դրամ։ Արդյունքում` ՕԵԿ-ը նվիրատվություններից ստացել է 10.3 միլիոն դրամ։
Նվիրատվությունները կարևոր դեր են խաղում նաև ՀԱԿ-ի համար։ Կուսակցությունը տարին սկսել է 2.2 միլիոն դրամ մնացորդով, տարվա ընթացքում ունեցել է 9.8 միլիոն դրամի մուտքեր, որից 6 միլիոնը նվիրատվություններ են։

Նշված 6 կուսակցություններից ոչ մեկն իրավաբանական անձանցից նվիրատվություններ չի ստացել։ Իսկ արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կուսակցություններին օրենքով արգելվում է։

Իրականում, բացի ՀՀԿ-ից, մնացած կուսակցությունների ներկայացրած թվերը ծիծաղելի աստիճանի փոքր են, եթե համեմատենք նրանց քաղաքական հավակնությունների ու համակիրներ-անդամների թվի հետ, որը նրանք հայտարարում են։ Թիվը փոքր է թվում, հատկապես, եթե նկատի ունենանք, որ 2013 թվականը նախընտրական տարի էր:

Մնացած 6 տասնյակ կուսակցություններին չենք անդրադառնում, որովհետև դրանց եկամուտները ու հնարավորությունները շատ ավելի փոքր են։ Էլ չենք խոսում իրականում մեկ-երկու անդամ ունեցող «մարդ կուսակցությունների» մասին, որոնց մասին անգամ կուսակցության ղեկավարների ընտանիքի անդամները չգիտեն։

Նշենք, որ այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ ՕԵԿ օրենսդրական նախաձեռնությունը, որի վերաբերյալ կառավարությունն այսօր եզրակացություն կներկայացնի։ Բանն այն է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնըհազարապատիկը, ինչպես նաև այն կուսակցությունները, որոնք օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո։

Խորհրդարանական կուսակցություններն այս պահանջին հետևում են։ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հաշվետվության աուդիտն իրականացրել է «Ֆինտեխ Աուդիտը», «Ժառանգություն» և «Օրինաց Երկիր» կուսակցություններինը` «Լոնդոն Բիզնես Գրուպը» (ՕԵԿ-ն անգամ նշել է արժեքը` 600 հազար դրամ), ՀՅԴ-ի հաշվետվությունը գնահատել է «Էյ-Էն Աուդիտ»-ը, ՀԱԿ-ինը` «Լեգալ-Աուդիտը»։

Իսկ այժմ ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանն առաջարկում են հանել պարտադիր աուդիտի պահանջը, քանի որ այն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար` անհարկի և անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու` այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը։

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն բարձր է աուդիտի ծառայությունների արժեքը (շուրջ 800 հազար դրամ և ավելի), այլև ոչ բոլոր կուսակցություններն ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ օրենքով սահմանված դեպքերում աուդիտի անցկացումն ապահովելու համար. «Արդյունքում` համապատասխան ֆինանսական միջոցներ չունեցող կուսակցությունները ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, իսկ պետական բյուջեից ֆինանսավորում ստացող կուսակցություններն այդ միջոցների զգալի մասն ուղղում են աուդիտի անցկացմանը»:

Այս մոտեցումը, մեղմ ասած, վիճելի է։ Մի քանի տասնյակ փոքր, միայն թղթի վրա գոյություն ունեցող «մարդ կուսակցությունների» փակվելը միգուցե հակառակը` ցանկալի է մեր քաղաքական դաշտի առողջացման համար։ Ամեն դեպքում նշենք, որ կառավարության եզրակացությունը բացասական է` աուդիտի պահանջը կուսակցությունների համար կշարունակի գործել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս