Իգոր Մուրադյան. Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմ
«Մենք ոչ թե պարզապես հող ենք կորցրել, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, մի ամբողջ մելիքություն, մեր ընկալմամբ` մի ամբողջ պատմաքաղաքական միավոր»,- այսօր Նախախորհրդարանի գրասենյակում «հունիսի 13» նախաձեռնության կողմից հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի բռնազավթման 22-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն ասաց քաղաքագետ, արցախյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանը:
Ովքե՞ր են գրավել հայաբնակ հյուսիսային Արցախը, ադրբեջանցինե՞րը, խորհրդայի՞ն զորքերը: Սա էր քննարկման գլխավոր հարցը, որին մասնակիցները` շահումյանցի ականատեսներ, հայտնի ազատամարտիկներ և նույն Իգոր Մուրադյանը տվեցին հստակ պատասխան` ռուսական զորքերը:
Այս թեման, ըստ Իգոր Մուրադյանի, ընդհանրապես տաբուի է վերածվել և սկսած 1990-ականների կեսերից` դիտավորյալ լռեցվում է: Սրանից ելնելով` նախաձեռնությունը նպատակ ունի հասնել միջազգային իրավաքաղաքակաան գնահատականի` Շահումյանի հայաթափման դեպքերի վերաբերյալ, քանի որ ո´չ Հայաստանի, ո´չ էլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադրված չեն որևէ կերպ քննարկել Շահումյանի հարցը: Որոշ կրճատումներով ներկայացնում ենք նշված քննարկմանը Իգոր Մուրադյանի ելույթը.
«Այսօր մենք տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է, և Շահումյանի դեպքերը անցյալ չեն, դրանք արդիական են: Ռուսական պետությունն իրականացրել է ցեղասպան գործողություն, բնակչության տեղահանություն (դեպորտացիա) հայկական մելիքությունից: Ինձ և Շահեն Մեղրյանին հրավիրեցին Ներքին Շեն` այդ շրջանի կենտրոն, ռուսական ստորաբաժանումների շտաբ, և երկու ռուս գնդապետներ մեզ սկսեցին բացատրել, թե տեղահանություն է լինելու (և նույնիսկ գործողությանը իրենց անունն էին դրել` «горы»): Մենք հարցրեցինք` ի՞նչ տեղահանություն, ի՞նչ ձևով: Մեզ պատասխանեցին` հրաման է տրվել չսպանել, չբռնաբարել բնակչությանը և այլն:
Այսինքն` մեղմ տեղահանություն: Իրականում այդպես էլ եղավ, ես չգիտեմ` արդյոք կարո՞ղ է տեղահանությունն ընդհանրապես լինել մեղմ, բայց ոնց որ թե չէին սպանում, մարդիկ սպանվում էին, երբ դիմադրում էին: Այսինքն` եղել է նախապես մտածված ծրագիր: Բայց տեղահանությունը ծրագրվել էր ոչ միայն այդ շրջանում, այլև ողջ Արցախում, քանի որ տեղահանություն եղավ Բերդաձորում, Հադրութի շրջանի կեսը տեղահանվեց, երկու գյուղ` Ասկերանի շրջանում: Սա պետական քաղաքականություն էր, և մեր նպատակն է այս դեպքերին միջազգային իրավական գնահատականի հասնելու միջոցով ապացուցել, որ սա իսկապես Ռուսաստանի պետական քաղաքականության արդյունք է: 1992 թվական, Խորհրդային միությունն այլևս չկար, կար Ռուսաստանի Դաշնություն կամ դրա նման մի բան:
Իսկ ովքե՞ր էին իշխանության գլխին, բավականին ժողովրդավարական ուժեր, որոնք գործարքի գնացին Ադրբեջանի կառավարության հետ և այս ամենն իրականացրեցին` ի շահ Ադրբեջանի: Գետաշենի մասին: Ասում են` այն գրավել են խորհրդային զորքերը, բայց 91 թվին ի՞նչ խորհրդային բանակ, այդ բանակը կռվում էր հայ ժողովրդի դեմ, որը մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ: Դա ռուսական բանակ էր: Ե´վ 91-ին էր ռուսական, և´ 92-ին:
Ո՞րն է հարցի արդիականությունը: Մենք տեսնում ենք, որ այսօր, չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր հնարավոր համաձայնագրերի և պայմանագրերի, Ռուսաստանի քաղաքականությունը բերել է մեզ համար երկու ահավոր հետևանքի: Առաջինը Հայաստանի միջազգային մեկուսացումն է:
Մեզնից խլել են եվրոպական, ատլանտյան ուղին, և մեզ քշել են մի «աբրակադաբրայի» մեջ, մի կառույցի, որն իր բնությամբ ի զորու չէ գոյատևել: Խոսքը, այսպես կոչված, Մաքսային կամ Եվրասիական միության մասին է: Մենք ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում չենք եղել, բայց այդ կառույցները, առաջինը, շատ որոշակի դիրքորոշում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի հարցում, երկրորդը` Թուրքիայի կողմից հակամարտությանը հնարավոր միջամտության դեպքում (…)
Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա: Կարծես թե ոչինչ չի փոխվել: Իրականում իրավիճակն արմատականորեն փոխվել է. մենք չենք հետաքրքրում Արևմուտքին: Ինչո՞ւ պետք է արևմտյան հանրությունը պաշտպանի մի երկրի, որը պետություն չի հանդիսանում և հանդիսանում է Ռուսաստանի վասալը, եթե այստեղ պաշտպանում են Ռուսաստանի, այլ ոչ թե անվտանգության համաշխարհային համակարգի շահերը և արմտյան արժեքները (…) Երկրորդ գործոնը` ինչո՞ւ Ռուսաստանի քայլերը մեծացրեցին պատերազմի վերսկսման հավանականությունը և սպառնալիքը մեր ազգային անվտանգության համար: Դրա պատճառը Ադրբեջանին զենք մատակարարելն է: Հայկական, այսպես ասած, փորձագետները և որոշ իշխանահպատակ գործիչներ շարունակում են հեքիաթներ պատմել, թե ռազմական հավասարակշռությունը պահպանվում է: Հավասարակշռություն չկա: Այն արդեն շատ վաղուց չկա, իսկ հիմա դա ակնհայտ բնույթ է ստացել:
Ադրբեջանը Ռուսաստանի շնորհիվ ռազմատեխնիկական առավելություն է ստացել Հայաստանի նկատմամբ (…) Եվ այս պայմաններում Շահումյանի ողբերգության մասին լռելը ոչ այլ ինչ է, քան լծակ` հայերի ազգային ինքնագիտակցությունը ճնշելու համար:
Ի՞նչ է այստեղ կատարվում: Մի փոքր դրա մասին խոսենք: Շատ փոքր բացառություններով` Հայաստանի փորձագիտական համայնքը հովանավորվում է ռուսաստանյան կազմակերպությունների` «Ռոսսոտրուդնիչեսվոյի» կամ էլ «Գազպրոմի» կողմից կամ էլ Ռուսաստանում հայկական ծագում ունեցող գործարարների կողմից: Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ մտավորականության մեծ մասն առաջնորդվում է այն մտքով, թե «Ռուսաստանը միշտ ճիշտ է»:
Սրանք մտավորականներ չեն, սրանք ազգի մնացորդներն են: Այժմ գնալու է պայքար: Ես կասեի` Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմ, մենք դա չենք զգացել: Ովքե՞ր են մեր կողմից: Նրանց կողմից են հզոր Ռուսաստանը, հայ օլիգարխները, որոնք վերահսկում են լրատվամիջոցները և իշխանությունները: Թեև պետք է ասել, որ իշխանությունները երբեմն հասկացնում են, որ արհամարհում են այդ մարդկանց, բայց, այդուհանդերձ, խաղում են, այսպես ասած, ռուսական խաղ: Իսկ ովքե՞ր են մեր կողմից: Ահա մեր կողմից են ֆիդայիները, իրական մտավորականները (ցույց է տալիս իր կողքին նստած Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և ռեժիսոր Տիգրան Խզմալյանին,- Ա.Ս.):
Մենք քիչ չենք: Եվ եթե նայեք անցյալին, բոլոր ժամանակաշրջաններում էլ ամենակրիտիկական պահերին ժողովրդին առաջնորդում էին մարդիկ, ովքեր կարող էին դիմակայել այդ վտանգներին` առանց զենքի, փողի ու օժանդակության: Ինչո՞ւ, որովհետև նրանք գաղափարական մարտիկներ են, այդ մարդիկ հայրենասերներ են»:
Քննարկման մանրամասները` այստեղ: