2015-ին ընդառաջ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ ամեն ինչ անում է Փոթորկից խուսափելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը երեկ զրուցել է թուրք պրոֆեսոր, քաղաքական գործիչ, գրող Բասքըն Օրանի հետ:

2008 թ. մի խումբ թուրք մտավորականներ նախաձեռնեցին «Հայեր, ներեցե՛ք մեզ» արշավը: Քարոզարշավի կազմակերպիչներն էին պրոֆեսոր Ահմեդ Ինսելը, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասքըն Օրանը, լրագրող Ալի Բայրամօղլուն և Թուրքիայի ակադեմիական շրջանը ներկայացնող ևս 300 ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ։

-Պարոն Օրան, վաղը մենք նշելու ենք Հայոց ցեղասպանության 99-ամյակը: Թուրքական իշխանությունները շարունակում են հերքել պատմական փաստը, բայց մենք տեսնում ենք, որ հասարակությունը կամ գոնե հասարակության մի ստվար հատվածը ՝ մտավորականությունը, համաձայն չէ իր իշխանության այդ քաղաքականության հետ: Հաճախ ծիծաղելի տեսակետներ են հնչում, որ ոճրագործությունից 100 տարի անց այլևս հայ ժողովուրդը չի կարող պահանջել ճանաչում և հատուցում: Ձեր կարծիքով՝ չպե՞տք է Թուրքիան պատասխանատավություն կրի Հայոց ցեղասպանության համար կամ գոնե ճանաչի:

-Իմ կարծիքով՝ 1915 թ. Մեծ Եղեռնը մեծ դժբախտություն է հայ ժողովրդի համար, և Ձեր ժողովրդի ցավը մեկ դար է, ինչ պահպանվում է: Ցավը մնում է: Ես ճիշտ և անհրաժեշտ եմ համարում, որ Մեծ Եղեռնի զոհերի ընտանիքները փոխհատուցում ստանան: Ինչ վերաբերում է պատմական արդարությանը, կարող եմ ասել, որ 1923 թ. ստեղծված Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. գոյություն չի ունեցել, բայց դրանով հանդերձ մենք՝ որպես 1915 թ. Օսմանյան կայսրության ներկայացուցիչների, մեղավորների ժառանգորդներ, կրում ենք բարոյական պատասխանատվություն:

Մյուս կողմից՝ Ձեր հարցից հասկանում եմ՝ «այո» կամ «ոչ» պատասխան եք ակնկալում: Բայց այդ հարցին դժվար է պատասխանել նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից: Ուստի չեմ կարող հստակ ասել՝ «այո» թե «ոչ»:

Ես դրա մասին գրել եմ 2013 թ. լույս տեսած Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին իմ գրքի երրորդ հատորում: Ուստի երկար չեմ խոսի այդ մասին: Ցեղասպանություն տերմինը երկու տեսանկյունից պետք է դիտարկել:

Գուցե հայաստանաբնակ հայերը ոչ այնքան զգացմունքային, բայց հիմնականում Սփյուռքի հայերը, երբ Ցեղասպանություն բառը չեն լսում և լսում են Մեծ Եղեռն, ականջները փակում են: Այս պայմաններում խոսելը դառնում է անհնար: Նույնը թուրքերի դեպքում է. երբ իրենք են լսում «Ցեղասպանություն» բառը իրենք են իրենց ականջները փակում, ու երկխոսության մասին խոսք լինել չի կարող:

Սփյուռքը Մեծ Եղեռն տերմինը չի ցանկանում լսել, որովհետև հայերենում այդ տերմինը քիչ գործածական է, շատերի համար նույնիսկ Ցեղասպանություն բառի հոմանիշը չէ, շատերը չգիտեն, որ դա ցեղասպանություն է, նրանք կարծում են, թե ցեղասպանություն բառը լսելով՝ թուրքական իշխանությունները կպատժվիեն իրենց այդ ժխտողականության համար: Թուրքական իշխանություններն հենց այս պատճառով չեն ընդունում Ցեղասպանությունը կամ սառն են պահում այդ գործընթացը։

-Թուրքիան պարզ երկիր չէ, տարածաշրջանային և համաշխարհային խաղացող է, ՆԱՏՕ-ի անդամ է, որը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, և այս ճանապարհին Հայոց ցեղասպանությունը և չճանաչված Ցեղասպանությունը գործիք է միջազգային հանրության ձեռքին Թուրքիային ճնշելու համար: Թուրքիան չի՞ գիտակցում, որ այս քաղաքականությունը հենց ընդդեմ Թուրքիայի է:

-Էլի սև ու սպիտակ է թվում Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսելը: Հրեաների և հայերի ապրած դժբախտություններն իրար շատ նման են, բայց դժբախտությունը նույնն է, անցած ճանապարհը՝ տարբեր:

Նացիստները, գալով իշխանության, նպատակադրված էին հրեաներին ոչնչացնելու հարցում, բայց երիտթուրքերը, որոնց մեջ էին դոկտոր Բահաեդդին Շաքիրը և դոկտոր Ռեշիթը, իրականացրին այդ ոճիրը 1914 թ. փետրվարի 8-ին ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում. այդ պայմանագրում հայերն ամրագրված էին՝ որպես առարկա, և որպեսզի չիրականացվի պայմանագրի այդ հատվածը, երիտթուրքերը դիմեցին այդ քայլին: Հիմա էլ, ցավոք, Ցեղասպանություն տերմինի պատճառով երկու կողմերի միջև երկխոսությունը շատ դժվար է ընթանում:

-Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կարգավորման գործընթացն ու երկխոսությունը փակուղում են: Այսօր, փաստորեն, հիմքեր չե՞ք տեսնում, որ Թուրքիան որոշակի քայլեր իրականացնի Հայաստանին ընդառաջ:

-2009 թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կարևոր հանգրվան էր, սակայն, ցավոք, դրանք շարունակություն չունեցան երկու պատճառով: Առաջինը՝ ադրբեջանական ճնշման, էներգետիկ քաղաքականության և նաև գաղափարական ընդհանրությունների պատճառով: Այս ամենը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գրավ է վերցրել: Ավելին, Թուրքիայում Ադրբեջանի` SOCAR-ի միջոցով հիմնած տնտեսական ազդեցությունն աստիճանաբար ավելանում է: Այս ամենը ես մանրամասնորեն ներկայացրել եմ իմ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» գրքի երրորդ հատորում:

Ի դեպ, Թուրքիայում ազգային-ազգայնական-պահպանողական հասարակության ճնշման գործոնը ևս առկա է: Այս ճնշումն ուժեղանում է հայերի` «ցեղասպանություն» բառն արտասանելիս: Սա այն է, ինչի մասին ես արդեն խոսեցի: Նման արձագանք է առաջանում նաև այն պատճառով, որ «Ցեղասպանություն» տերմինը լսելով` թուրքը հիշում է միայն հրեաներին, և նրան թվում է, թե իր պապին էլ են ֆաշիստ անվանում: Ես շատ հուսով եմ, որ երկու հարևաններն, ի վերջո, երկխոսություն կհաստատեն:

Այժմ թուրքական կառավարությունը 2015-ին ընդառաջ Ադրբեջանի հետ մեկտեղ ամեն ինչ անում է փոթորկից խուսափելու համար, ինչը շատ վատ է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս