Բաժիններ՝

Բարսեղ Թումանյան. «Բոլորովին չէի ցանկանա, որ Օպերայի խնդիրը դառնար քաղաքական հարց»

Ապրիլի 4-ին հայտնի կդառնա Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի անունը: ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն էր: Տնօրենի թեկնածուներից են ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, մեներգիչներ Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, կոմիտասագետ, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը, Կամերային երաժշտական տան տնօրեն Արման Ծատուրյանը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Հիշեցնենք, որ Մարտի 26-ին հրապարակվեց հայ արվեստագետների ուղերձը` Օպերայի և բալետի թատրոնի ճակատագրի վերաբերյալ, որտեղ նրանք իրենց ցանկությունն էին արտահայտում, որպեսզի Օպերայի և բալետի թատրոնի  տնօրեն նշանակվի Բարսեղ Թումանյանը, ով իր մեջ կրելով ակադեմիական օպերային արվեստի էությունը, կկարողանա իր շուրջը համախմբել արվեստի նվիրյալ գործիչներին` իրականացնելու իրենց պատկերացրած՝ Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի վերածնունդը:

Barsex Tumanyan (1)

Բ. Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ արվեստագետներ են իրեն դիմել` ասելով, որ թատրոնի վիճակը լավ չէ, և պետք է լրջորեն մոտենալ այս խնդրին:

Խոսելով Օպերային թատրոնում առկա խնդիրների մասին` Բարսեղ Թումանյանը նշեց. «Առաջին հերթին՝ ես կցանկանայի մի շատ կարևոր հայտարարություն կատարել, որովհետև դա ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ես չէի ուզում, որ մրցույթը շոու դառնար: Ես օպերայի էությունը կրող մարդկանցից մեկն եմ, ու այստեղ ոչ աթոռի պատերազմ է, ոչ էլ պաշտոնի: Այստեղ շատ ավելի լուրջ են խնդիրները դրված: Եղան շատ շահարկումներ: Ամեն մի քաղաքական  բլոկ ունի իր հետաքրքրությունները երկրի խնդիրների շուրջ, բայց ես բոլորովին չէի ցանկանա, որ Օպերայի խնդիրը դառնար քաղաքական հարց: Դա իմ կարգախոսն է եղել ամբողջ ընթացքում»:

Բ. Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև վերջերս հայտարարել են, թե ինքն այդ հարցով դիմել է Ազգային ժողով, բայց դա իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ  օրերս ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին:   Պատգամավորի խոսքով՝ օպերայի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ, և դրան մշակութային համակարգում բացառիկ դեր է վերապահված: Ըստ Ա. Վարդանյանի` ավելի ճիշտ կլիներ մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել այդ թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խոր քննարկումներ անցկացնել, մոդելի ընտրություն կատարել, մշակել զարգացման հայեցակարգ, ռազմավարություն և նոր միայն առաջ գնալ: ՀՅԴ խմբակցության քարտուղարը  նշել էր նաև, որ այդ խնդրանքով ԱԺ ՀՅԴ խմբակցությանն է դիմել աշխարհահռչակ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը:

Barsex Tumanyan (8)

«Եթե ես դիմած լինեի՝ բոլորովին չէի թաքցնի դա, ես դրանից վախենալու բան չունեմ: Իրոք, շատ հարգանքով եմ վերաբերվում բոլոր կուսակցություններին և, հատկապես, այն կուսակցություններին, որոնք սրտացավ գտնվեցին: Ես շատ հաճախ եմ ասել, որ սա միայն ազգային թատրոն չէ, այլ համազգային թատրոն է: Ըստ երևույթին, Դաշնակցությունը մտածեց, որ համազգային ասելով` ես ի նկատի ունեմ Դաշնակցությանը: Իմիջիայլոց, Դաշնակցությանը ես շատ հարգանքով եմ վերաբերվում, մնացածին էլ, որովհետև, վերջին հաշվով, երկիրը պետք է կարգ ու կանոնի բերվի, բայց ոչ ընդդիմադիր ճառերով:

Հատկապես Օպերային թատրոնը վեր է այդ բոլոր գաղափարներից: Այդ պատճառով ես երբեք չէի դիմի Ազգային ժողով, որպեսզի այն դառնար քաղաքական հարց: Հարցը չի լուծվի այդ ձևով: Իմ սկզբունքն է, որ հարցը քաղաքականությունից բարձր դրվի»,- մեզ հետ զրույցում ասաց Բարսեղ Թումանյանը:

Barsex Tumanyan (6)

Օպերային երգիչը նշեց, որ իր հայեցակարգը դրել է ֆեյսբուքյան իր էջում, և, չնայած այն հայեցակարգ է, բայց դա Օպերային թատրոնի առողջացման ծրագիր չէ. «Ինը հոգուց ոչ ոք չի կարող առողջացման ծրագիր առաջարկել, որովհետև պատճառները չգիտի: Իսկ ո՞վ է մեզ ասել պատճառները, թե ինչ է, ի վերջո, կատարվում Օպերային թատրոնում:

Նախարարությունն, ըստ երևույթին, այդ մասին մտածել է, բայց ամեն դեպքում՝ տնօրենի պակասը հարց չի լուծում: Թատրոնը մշակութային օջախ, տաճար է, որովհետև արվեստն արդեն մշակույթ է: Ուրիշ տեղ շոու-բիզնես է, գնում են հաճույքներ ստանալու, հարբելու, պարելու, ուրախանալու և այլն: Այնտեղ չեն խորանում մարդկանց զգացմունքների մեջ,  չեն խորանում, որ տարբեր երկրներում հեղափոխություններ են կատարվում, որ մարդկանց իրավունքները պաշտպանեն, և այլն»,- ավելացրեց երգիչը:

Բ. Թումանյանն ընդգծեց, որ իր վերաբերմունքն ու հայեցակարգը համընկնում են միմյանց այնքանով, որ Օպերային թատրոնը բարձր գաղափարները կրող տաճար է. «Եվ, բնականաբար, նրա ղեկավարը, առաջին հերթին՝ պետք է լինի մշակույթի մարդ, այսինքն՝ հոգևոր արժեքներ կրող անձնավորություն: Բնականաբար, ես համոզված եմ, որ ընտրության համար այնպիսի խորհուրդ կհավաքվի, որ արժանվույնս գնահատեն տնօրեններին, բայց ո՞ր թատրոնի և ի՞նչ ՊՈԱԿ-ի համար: Հայաստանում շատ ՊՈԱԿ-ներ կան:

Այդ պատճառով շատ էական է Օպերային թատրոնի տեսակը, որը ես նշել եմ իմ հայեցակարգի մեջ, այստեղից բխող գաղափարի շուրջ պետք է մտածել, թե թատրոնի համար ինչ է մեզ պետք: Չէ՞ որ մենք այնտեղ ունենք տարբեր խնդիրներ` և՛ ֆինանսական, և՛ գեղարվեստական, և՛ ռազմավարական, և այդ իմաստով՝ շատ կարևոր է, թե պետական ո՞ր կարևորությանն է պատկանում Օպերային թատրոնը:

Ըստ իմ հայեցակարգի` այն ունի ամենաբարձր կարևորությունը, քանի որ այդ թատրոնը միակն է, որը կրում է համամարդկային բարձրագույն արժեքները: Այն թատրոնները, որտեղ կատարվում են և՛ հայկական, և՛ միջազգային կտավներ, չեն կարող Օպերային թատրոնի նման մոտ լինել եվրոպական արժեքներին: Այստեղ կարող է ցանկացած եվրոպական երգիչ գալ խաղալ և գնալ: Մնացած թատրոններում լեզվի խնդիր կլինի, բեմադրության խնդիր կլինի, և այլն: Իսկ սա արդեն միջազգային մոդուլին մոտ է կանգնած: Միակ մեխանիզմն է, որ դու կարող ես քո քաղաքակիրթ տեսակը հարաբերես Եվրոպայի, Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ»,- նշեց երգիչը:

Բարսեղ Թումանյանն ասաց, որ ճանաչում է մնացած բոլոր թեկնածուներին, ու բոլորն էլ շատ բարեպաշտ, բարեկիրթ մարդիկ են. «Մի մասն էլ իմ շատ լավ ընկերներն են, և մենք համախոհ են շատ հարցերում: Ցանկացած հիվանդություն էլ մի բժիշկ չի բուժում, բժիշկների խումբ է անհրաժեշտ:

Մեկը` սիրտը, մյուսը նյարդային համակարգը կբուժի, և այլն: Այսինքն, այդ նույն համակարգը պետք է Օպերային թատրոնին: Եթե կառավարությունը կամ նախարարությունը համոզված է, որ մի հոգի բերելով՝ այդ ամենը կլուծվի, ուրեմն այդ մի հոգին պետք է այնպիսի մեկը լինի, որ առաջին հերթին՝ մշակութային կրող կլինի, Օպերային թատրոնի իսկական էությունը ճանաչի: Իսկ այդ ժամանակ արդեն, իմ կարծիքով, շատ հնարավոր է, որ այդ կոլեգաներից ոմանք էլ տեղ կգրավեն Օպերային թատրոնում՝ ընդհանուր աշխատանքի համար: Այսինքն՝ կընտրեն ոչ թե մեկին, այլ մի քանի հոգի իրենց տեղը կգրավեն այնտեղ` ընդհանուր աշխատանքի վերականգնման համար»:

Հարցին, թե նա ի՞նչ է նկատի ունեցել` ասելով, որ Օպերային թատրոնը կորցրել է իր դեմքը, Բ. Թումանյանը պատասխանեց. «Մեր ազգն էլ է իր դեմքը կորցրել: Օպերայում այնպիսի ներկայացումներ են բեմադրում, որ այն արդեն ոսկյա ճշմարտությունը չի բացահայտում: Ներկայացումներ կան, որ ռեժիսորական տեսակետից ճիշտ չեն ընթերցված, հետ են մնացել 30, 40, 50 տարով, բեմադրություններ են դրվում, որոնք մաշված են, արդեն անհետաքրքիր են: Այս ամբողջը ռազմավարական խնդիրներ են, որոնց մասին մենք մոռանում ենք, այնինչ դրանք շատ կարևոր են»:

Խոսելով Օպերայի և բալետի թատրոնում աշխատող դերասանների և այլ արտիստների մասին՝ Բ. Թումանյանն ասաց. «Ես մի բան կասեմ, որ մենք ունենք լիարժեք կադրեր, լավ ուժեր՝ և՛ իմ սերնդակիցներից շատ լավերը կան, և՛ երիտասարդներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս