«Ես անիրական տիկնիկ չեմ». անկեղծանում է հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը

Դերասանուհի Նարինե Սուլթանյանին հանրությունն ավելի շատ ճանաչում է՝ որպես հաղորդավարուհի, ով մշտապես աչքի է ընկել  հաղորդումներ վարելու իր ուրույն ոճով և կիրթ խոսելաոճով: Նարինեի մասին միայն եթերից դատելով՝ հնարավոր է, որ  կարծիք ստեղծվի, թե նրա կյանքում ոչինչ և երբեք թերի չի լինում: Երևի թե այդպես էլ պետք է լիներ, քանի որ եթերից դուրս Ն. Սուլթանյանի կյանքում ներդաշնակություն է տիրում: Ամուսին, ով ամեն հարցում աջակցում է կնոջն, ու չնայած իր նախաամուսնական խանդին՝ այսօր արդեն ընդունում է կնոջ ընտրած ուղին և հանրային կերպարը: Հրեշտակի աչքերով դստրիկ, ով, բնականաբար, հայրիկի Քաղցրիկյան յուրահատուկ ազգանունն է կրում: Եվ, իհարկե, սիրած աշխատանք:

Կանացի խորամանկության և իր վարած հաղորդման  մեջ առկա չափազանցված, այլ կերպ ասած, ֆոտոշոփային, իրականության և այլ հարցերի շուրջ խոսելուց հետո, Նարինեն խոստովանեց, որ այս հարցազրույցը բարձրացրեց իր ադրենալինը:

–  Եթերի համար ստեղծված «գրեթե ֆոտոշոփային» իրականության, ամեն հարցում  իդեալականի հասնող կերպարդ որքանո՞վ է համապատասխանում եթերից դուրս ապրող կնոջ և մոր՝ քո կերպարի հետ:

–  Երբևէ չեմ մտածել, որ իմ կերպարն այդպիսին է: Թերևս, նման ընկալման պատճառը միգուցե այն է, որ ես իմ էությամբ պերֆեկցիոնիստ եմ, և այն, ինչ ձեռնարկում եմ, փորձում եմ անել մաքսիմալ լավ: Եթե մի քիչ անկեղծանամ իմ՝ եթերից դուրս կերպարի վերաբերյալ, ապա կարող եմ ասել, որ գերադասում եմ բնականությունը: Եթե իմ հաղորդման ձևաչափը պահանջում է որոշակի խնամվածության աստիճան էկրանին, ապա առօրյայում կարող եմ տանից դուրս գալ ավելի հանգիստ, առօրեական «կերպարով», և հստակ տարանջատում եմ դնում առօրյա կյանքի և էկրանային կերպարի միջև:

Կարդացեք նաև

Խոսքը ոչ թե տեսակիս, այլ վիզուալ պատկերի մասին է: Որպես մայր՝ չեմ կարող ասել, որ իդեալական եմ, բայց կարծում եմ՝ ծնողը վստահաբար կարող է հպարտանալ իր ծնողական բարձր հատկանիշներով, երբ իր երեխային կտեսնի բարձունքի վրա կամ իրեն որոշ առումով գերազանցած: Իհարկե, իմ պարագայում դեռ վաղ է այդ մասին խոսել, ես ինքս եմ հիմա սովորում ճիշտ մայր լինելու հմտությունները: Իսկ որպես կին՝ չեմ կարող ոչինչ ասել, հարցրեք ամուսնուս:

sultanyan (3)

–  Որքանո՞վ է անկեղծ՝ լինել այդքան «ճիշտ»: Եթե հաղորդումը մեծամասամբ կանանց համար և կանանց մասին, որքանո՞վ է այն առնչվում հաղորդումը դիտող տնային տնտեսուհու կյանքին:

– Նախևառաջ՝ անկեղծ եմ ինքս իմ նկատմամբ: Բայց մի փոքր խմբագրում անեմ ձեր նկատառմանը: Ես չեմ կարող ասել, որ ես «ճիշտ» կերպար ունեմ, բայց հստակ կարող եմ ասել, որ կոռեկտ եմ ցանկացած իրադրության մեջ: Եթե հարցը վերաբերում է կոնկրետ «Նանե» հաղորդմանը, ապա կարող եմ ասել, որ այստեղ խնդիր չունեմ  «մերկացնել» կամ փակուղիների մեջ դնել հաղորդման հյուրերին: Ես հնարավորություն ունեմ գեղեցիկ և լավ ձևով ներկայացնելու մեր հյուրերին, ինչը, կարծում եմ, հաջողվում է: Մնացածը թողնում եմ հեռուստադիտողի հայեցողությանը, և հյուրերի զրույցների անկեղծության աստիճանը թող որոշի հեռուստադիտողը:

Ո՞վ է քո կայուն հեռուստադիտողը:

– Հեռուստադիտողն ավելի շատ կանայք են, քան տղամարդիկ, քանի որ շոշափվող թեմաներն էլ կանացի են՝ առողջություն, հոգեբանություն, նորաձևություն, խոհանոց: Սրանք այն թեմաներն են, որոնք մշտապես հետաքրքիր են:  Հաղորդումը դիտում են հիմնականում 25-ից բարձր տարիքի կանայք՝ անկախ ամուսնական կարգավիճակից և հետաքրքրությունների կոնկրետ շրջանակներից:

Չե՞ս կարծում, որ «գլյանցի և ճոխության» նմանօրինակ քարոզչությունից հետո, կենցաղի մեջ, ինչոր առումով՝ և ինքնակամ, մխրճված  «խեղճ ու կրակ» տնային տնտեսուհիներն էլ ավելի են զայրանում իրենք իրենց վրա:

– Հաղորդումն ի սկզբանե նպատակ ուներ մեդիա ոլորտում որոշակի էսթետիկա մտցնելու: Բայց ինչ-որ առումով համաձայն չեմ ձեր հարցի հետ, քանի որ այն փոքր-ինչ միակողմանի է արտացոլում հաղորդման ընդհանուր ձևաչափը: Բացի ճոխության գաղափարից, այստեղ առաջարկվում են նաև հոգեբանական լուծումներ, տարբեր խնդիրների մեկնաբանություններ: Դրական արձագանքները շատ են հենց այս առումով: Բացի այդ, մեր այսօրվա եթերում սոցիալական խնդիրների լուսաբանմանն այնքան մեծ տեղ է հատկացվում, որ մեր ստեղծագործական կազմը որոշեց ցույց տալ նաև կյանքի գեղեցիկ և ավելի պայծառ կողմը:

Երբևէ մեղքի զգացում չեմ ունեցել այս կապակցությամբ, քանի որ ես էլ՝ որպես քաղաքացի, ինձ անմասն չեմ համարում սոցիալական խնդիրներից, բայց միևնույն ժամանակ՝ ցանկանում եմ, որ հեռուստադիտողը փոքր-ինչ կտրվի առօրյա խճճված խնդիրներից և գեղեցիկին առնչվելու հնարավորություն ունենա: Համոզված եմ, որ նույնիսկ ձեր կողմից որակված «խեղճ ու կրակ» տնային տնտեսուհիները հոգու խորքում ձգտում են ավելի հարմարավետ և գեղեցիկ կյանքի: Հաղորդումն ինքնին դրական լիցքերով է հագեցած, և կոնկրետ բացասական արձագանքներ դեռևս, անձամբ ես, չեմ լսել, ինչն ինձ թույլ է տալիս հետևություն անել, որ ոչ ոք չի զայրանում ինքն իր վրա կամ, այս պարագայում՝ ինձ վրա՝ դիտելով «Նանե» հաղորդումը: Ավելին ասեմ, մեդիա ոլորտում հաղորդումն իր ուրույն գնահատականը ստացավ՝ ճանաչվելով 2013 թվականի ամենաոճային հաղորդումը:

Միգուցե մի քիչ պաթետիկ հնչի հարցս, սակայն չե՞ս կարծում, որ լինելով TV-ում, սպառելով քեզ՝ միայն որպես  հաղորդավարուհի, այդպիսով սպանում ես քո մեջ պոտենցիալ դերասանուհուն: Չէ՞ որ իրականում դու դերասանուհի ես:

– Վերջերս ռուսական մի ֆիլմի կրկնօրինակման ժամանակ ևս նման արտահայտություն լսեցի: Մեր հայտնի դերասաններից մեկն ինձ ասաց. «Բուն կարևոր գործդ թողել ես՝ տելեներին ես տրվել, լավ կանես՝ կարևոր գործովդ զբաղվես»: Իհարկե, հասկանում եմ, որ մի քիչ շեղվել եմ իմ սկզբնական ընտրությունից՝ մասնագիտական առումով, բայց սա գիտակցված դադար է: Ես երբևէ չեմ սպառել ինձ՝ ո՛չ որպես դերասանուհի, ո՛չ էլ՝ որպես հաղորդավարուհի, որովհետև չափազանց ընտրողաբար եմ մոտենում աշխատանքային առաջարկություններին: Ինչ վերաբերում է դերասանական գործունեությանս, ապա բեմական կյանքին, իհարկե, շատ եմ կարոտել. այն էներգետիկան, որ ստանում ես բեմից, հանդիսատեսից և առհասարակ, այն կատարսիսը, որը դերասանն ապրում է բեմում, անհամեմատելի զգացողություն է:

Narine Sultanyan (6)

Narine Sultanyan (5)

Ինձ համար դերասանը և առհասարակ արվեստի մարդն ապրելակերպ  է: Իմ բեմական դադարը պայմանավորված է նաև նրանով, որ ես չափից լուրջ եմ մոտենում իմ մասնագիտությանը և չեմ ուզում կիսատ լինել` թեկուզ ինքս ինձ համար: Բնականաբար, լավ առաջարկից չեմ հրաժարվի: Շատ կուզենայի մարմնավորել մի հետաքրքիր կերպար գեղարվեստական ֆիլմում:

Եթերից՝ ասես անիրական տիկնիկ լինես: Բայց ես ճանաչում եմ քեզ նաև եթերից դուրս և գիտեմ, թե որքան անմիջական, հումորով և առհասարակ իրական կյանքով ապրող մարդ ես: Ի՞նչն է պատճառն այդ բացահայտ տարբերության:

– Հարցի մեջ մի փոքր սուբյեկտիվիզմ եմ տեսնում՝ «անիրական տիկնիկի» հետ համեմատության պահով: Կարծիքի հետ համաձայն չեմ, քանի որ չափից ավելի իրական եմ, պարզապես տիրապետում եմ եթերային էթիկային և հարգում եմ իմ հեռուստադիտողին և հյուրերին: Միգուցե եթերային հումորներն ավելի զուսպ են: Երևի այդքանը…

Narine Sultanyan (3)

–  Նկարագրիր քեզ՝ կադրից դուրս, որպես մայր, որպես կին, ինչո՞ւ ոչ՝ նաև որպես հարս:

– Որպես հարս՝ չեմ կարող ինձ նկարագրել, պարզապես կարող եմ ասել, որ հարգանքով եմ վերաբերվում իմ սիրած էակի ամենահարազատ մարդկանց: Իսկ ա՛յ, ամուսնուս հետ հարաբերություններում կարող եմ հստակ ասել, որ գերակշռում է հումորը, միմյանց հանդեպ հարգանքն ու միմյանց անհատականությունները չճնշելու գիտակցումը:

sultanyan (2)

Հարս ու սկեսուր հարաբերություններում «զանգա՞կ» ես, թե՞ «բամբակ»:

– Ոչ «զանգակ» եմ, ոչ էլ «բամբակ»: Պարզապես քաղաքակիրթ մարդ եմ:

Կար շրջան, երբ ամուսինդ խանդով էր վերաբերվում քո հանրային կերպարին: Ինչպե՞ս հարթեցիր այդ հարցը: Մի շրջան կար, երբ բացակայում էիր եթերից, արդյոք դա խանդի արդյունք չէ՞ր:

– Խանդի դրսևորումները հիմնականում նախքան ամուսնությունն էին: Երբ տղամարդը գիտակցում է, որ դու ամբողջովին իրեն չես պատկանում, նման հուզական տատանումները բնական են և հայ տղամարդուն բնորոշ: Սակայն օրինական «պատկանելությունը» տղամարդուն մեղմում է այդ խանդի դրսևորումները: Իմ պարագայում ամուսնանալուն պես ամեն ինչ հարթվեց՝ միմյանց ավելի լավ ճանաչելու և վստահելու շնորհիվ: Իսկ եթերից բացակայել եմ միայն իմ մայրանալու շրջանում:

Narine Sultanyan (1)

–  Ինչպիսի՞ կանացի հնարքներ ես կիրառում քո «ճիշտն» ապացուցելու և նպատակիդ հասնելու համար:

– Կարող եմ վստահ ասել, որ ոչ մի հնարք էլ չեմ կիրառում: Իմ ամենակարևոր խորամանկությունն անկեղծությունն է: Իսկ նպատակիս հասնում եմ մեծ ցանկության և աշխատասիրության շնորհիվ:

Գիտեմ, որ մշտապես հպարտացել և հիացել ես քույրիկիդ կամքի ուժով, ինքնուրույնությամբ և առհասարակ կյանքի հարվածներին դիմակայելու վարպետությամբ: Ի՞նչ է քեզ համար ուժեղ կին ասվածը: Կարծում ես՝ կինն իր «լավ» կյանքի՞ց է ուժեղանում:

– Կա կարծիք, որ կյանքի դժվարություններից մարդը կամ ուժեղանում է, կամ չարանում: Այս բառերը կարող եմ ասել ոչ թե՝ որպես քույր, այլ՝ որպես օբյեկտիվ դիտորդ. քույրս ինձ համար իսկապես հետաքրքիր կերպար է, քանի որ լինելով ուժեղ, նպատակասլաց և հաստատակամ անհատականություն՝ շարունակում է պահպանել բնատուր կանացիությունը և բարությունը: Տարիների ընթացքում չեմ դադարում զարմանալ նրա՝ ցանկացած իրավիճակում անվրդով մնալու և իրավիճակին տիրապետելու կարողության վրա: Բացի այդ, ինձ համար ֆենոմենալ ունակություն է, երբ նա կարողանում է ցանկացած իրավիճակից դրական արդյունք քաղել: Կնոջ համար ուժեղ լինելը մի քիչ ավելի դժվար է, քան տղամարդու: Այդ պատճառով էլ ես իսկապես գնահատում եմ քրոջս:

Narine Sultanyan (4)

Նա, ով հեղինակություն է մեզ համար, իր կամքից անկախ՝ ստիպում է մեզ ապրել իր պատկերացումներով: Եվ հաճախ այդ ճանապարհին մենք կրկնում ենք թե՛ նրանց հաջողությունները, և թե՛ սխալները: Քեզ հաջողվե՞լ է խուսափել նման կրկնություններից:

– Ես երբևէ չեմ փորձել նմանակել քրոջս՝ չնայած իմ վերաբերմունքին և մեր մտերմությանը: Ես ապրում եմ իմ կյանքով, ընտրում եմ իմ ուղին: Փորձելով նմանակել մեկ ուրիշին՝ դու խախտում ես քո ներքին բնական հավասարակշռությունը:

Հրեշտակի աչքերով աղջիկ ունես: Խանդող հայրը, եթե նա այդպիսին է, թույլ կտա՞ արդյոք, որ նա ընտրի մայրիկի ուղին: Եվ ո՞ւմ որոշումն է կարևոր այս պարագայում:

–  Դստերս մասնագիտական ընտրության հարցում որոշիչ դեր կունենա միայն և միայն իր կարծիքը: Ես որպես ծնող՝ երբևէ չեմ բռնանա նրա կամքին, պարզապես հնարավորություն կտամ տարբեր ոլորտներում դրսևորվել, որից հետո իր որոշումն ինձ համար վիճարկման ենթակա չի լինի: Այս կարծիքը կիսում է նաև ամուսինս:

Narine Sultanyan (7)

Շատ կանայք ամուսնությունից հետո  փոխում են իրենց ազգանունը: Ամուսնուդ կողմից նման առաջարկ եղե՞լ է երբևէ:

– Երբևէ նման առաջարկ չի եղել, թեև նա էլ շատ չկրկնվող և յուրօրինակ ազգանուն ունի` Քաղցրիկյան:

Քո և ամուսնուդ գործունեության ոլորտները որքանո՞վ են տարբեր, և ինչպե՞ս է այդ տարբերությունն ազդում Ձեր ընտանեկան մթնոլորտի վրա:

– Ամուսնուս գործունեությունը բիզնեսի  ոլորտում է: Անկեղծ ասած՝ սկզբում ես երբևէ չէի պատկերացնի, որ իմ ընտրյալը կարող էր լինել ոչ արվեստի ասպարեզից, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այսպես ավելի հետաքրքիր է և կայուն: Ի վերջո, տարանուն լիցքերն իրար ավելի են ձգում:

Չե՞ք պատրաստվում Ձեր հրեշտակին քույր կամ եղբայր նվիրել:

– Բնականաբար, չեմ ուզում, որ երեխաս միայնակ մեծանա: Ցանկություն կա… Աստված ինչպես կկամենա… Մայրությունն, ինքնին, արդեն ուժեղացնում է կնոջը և նոր լիցքեր է հաղորդում ընտանիքում:

Թվում է, թե ամեն ինչ ունես` սիրած աշխատանք, երջանիկ ընտանիքՍակայն մարդն իր տեսակով միշտ սպասում է, երազում և միշտ ինչոր կարևորի պակաս է զգում: Ներդաշնա՞կ ես ինքդ քեզ հետ:

– Կյանքն ընթացք է և ունի իր զարգացման բնականոն փուլերը, որը չի կարող չանդրադառնալ մարդու հոգեվիճակի վրա: Բնականաբար, ես էլ զերծ չեմ հուզական վայրիվերումներից, և մասնագիտությունս էլ  ենթադրում է առավելագույն էքսպրեսիա: Բայց տարիների ընթացքում սովորել եմ լինել հավասարակշռված և կարողանում եմ լռել այնտեղ, որտեղ պետք է, և խոսել այնտեղ, որտեղ պետք է: Ի վերջո, բոլորս էլ որոշակի պահերի կարող ենք կորցնել մեր ներքին ներդաշնակությունը, հետո կրկին վերագտնել: Կարևորը՝ կարողանալ պահել այդ պահի դադարը:

Տեսանյութեր

Լրահոս