Սպասում է Տիգրան Սարգսյանի որոշմանը

Նոյեմբերի 23-24-ը տեղի ունեցավ ՍԴՀԿ հերթական համագումարը, որի ժամանակ ընտրվեց կուսակցության 9 հոգանոց նոր վարչություն` Վարիչ մարմին: Համագումարին հետևած որոշ շրջանակներ նշում են, որ համագումարի ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ. այդ թվում` վարչության անդամ է ընտրվել հայաստանաբնակ երկու սիրիահայ, որոնցից մեկը՝ Վազգեն Մեսրոպյանը, մինչև վերջերս հանդես էր գալիս` որպես ՍԴՀԿ Հալեպի Վարիչ մարմնի անդամ: Բայց կա ավելի արտառոց հանգամանք. կուսակցության կանոնադրության համաձայն` համագումարի վերջին նիստում վարչության կազմից ընտրվում է ատենապետ, փոխատենապետ, քարտուղար, գանձապահ և դիվանների պատասխանատուներ:

Բայց նրանցից որևէ մեկն ընտրված չէ, քանի որ հայտնի չէ, թե ով պետք է լինի կուսակցության ատենապետը: Մինչև համագումարը որոշված էր, որ ատենապետ պետք է ընտրեն Նարեկ Գալստյանին, ում այդ նպատակով ընտրեցին վարչության անդամ: Բայց Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, իսկ ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է հրաժարվի այդ պաշտոնից, իսկ այդ հարցը պետք է հստակեցնի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիմա մի ամբողջ ավանդական կուսակցություն սպասում է Տիգրան Սարգսյանի որոշմանը՝ Նարեկ Գալստյանը շարունակի՞ մնալ իր օգնական, թե՞ դառնա ՍԴՀԿ ատենապետ: Ավելի մեծ զավեշտ և ծաղր իրեն ամենահին հայկական կուսակցությունը համարող ՍԴՀԿ-ի նկատմամբ հնարավոր չէր անգամ պատկերացնել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս