
Լավրովի այցի նպատակն է՝ պահպանել Հայաստանի հետ ներկայիս երկխոսության մակարդակը՝ չխորացնելով խնդիրները․ վերլուծաբան

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկար դադարից հետո աշխատանքային այց կկատարի Երևան։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդեց, որ մայիսի 20-21-ը ծրագրված են Լավրովի մանրամասն բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև զրույցները Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Կոնտակտները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու, ինչպես նաև Ա.Մ.-ի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի արդյունքների ուղղությամբ։ Օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցություն, ինչպես նաև միջազգային հարթակներում, հիմնականում՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համաձայնեցում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում»,- ասված էր հաղորդագրությունում:
Ըստ դրա՝ Լավրովը ելույթ կունենա Ռուս-հայկական սլավոնական համալսարանում Ռուսաստանի համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, կհանդիպի նաև հայրենակիցների հետ Ռուսական տանը։
«Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կխոնարհվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, իսկ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը»,- ասված էր հաղորդագրությունում: Սերգեյ Լավրովը վերջին անգամ աշխատանքային այց էր կատարել Հայաստանի Հանրապետություն 2022 թվականի հունիսին, իսկ մինչ այդ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ին։
ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում լուրջ տրանսֆորմացիաների ֆոնին։ Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային մակարդակից գրեթե ոչինչ չի մնացել, բացի իրավապայմանագրային բազայի որոշ մասից, ԵԱՏՄ անդամակցությունից ու ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայից։ Այս տարեսկզբից ՀՀ իշխանությունները վերսկսեցին բնականոն շփումները ռուսական կողմի հետ, սակայն ՀՀ իշխանության ներկայացուցիչների սուր հռետորաբանությունը ռուսական կողմի ուղղությամբ պահպանվում է։
168.am–ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս այցը տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների համար բարդ ժամանակահատվածում։ Ըստ նրա, վերջին տարիներին այս հարաբերություններն անցան բազմաթիվ մարտահրավերների միջով, որոնք ունեին հիմնականում աշխարհաքաղաքական բնույթ՝ պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք առճակատմամբ և ազդեցության բոլոր գոտիներից Ռուսաստանին դուրս մղելու Արևմուտքի քաղաքականությամբ, հակառուսականությամբ։
«Կարծում եմ՝ այս այցը հենց այս փուլում խորհրդանշում է այն, որ կողմերը լիովին հասկանում են, թե ինչ բարդ ժամանակահատված է այս հարաբերություններում, ընդունում են այն, սակայն ոչ այդ բարդությունը խորացնելու, ոչ այն թեթևացնելու առանձնահատուկ նպատակ չունեն։ Ներկայիս գլխավոր նպատակը ստեղծված իրավիճակը չխորացնելն է, երկխոսությունը ներկայիս շրջանակում պահպանելը և միմյանց չկորցնելը՝ որպես գործընկեր»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Ըստ Եվսեևի, սա պայմանավորված է այն հանգամանքով և մտայնությամբ, որ աշխարհաքաղաքական գործընթացները դեռ շարունակվում են և այդ հարաբերությունները շարունակում են կրել Արևմուտքի ազդեցությունը։
«Ուստի, կարծում եմ, Ռուսաստանը հատկապես տրամադրված է պահպանել երկխոսությունը, բնականոն աշխատանքային միջավայրը, քանի դեռ ՌԴ մնացած խնդիրների ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։
Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում Ռուսաստանն այս ամենի ֆոնին չի վարում պրոակտիվ դիվանագիտություն, այլ նպատակադրված է կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում՝ պայմանավորվելով իր բոլոր սկզբունքների շուրջ։ Սա է պատճառը, որ գուցե լինի տպավորություն, թե ՌԴ-ն ակտիվ քաղաքականություն չի վարում, Ռուսաստանը չի ցանկանում այլ խնդիրներ ունենալ մյուս ռեգիոններում՝ լիովին գիտակցելով, որ Արևմուտքն անընդհատ ցանկանում է Ռուսաստանի համար նոր խնդիրներ ստեղծել հենց այլ ռեգիոններում՝ և ինչ-որ ճակատներ բացելով, և թուլացնելով ազդեցությունն ու ներկայությունը»,- բացատրեց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ այս այցը միտված է երկխոսության պահպանմանը, աշխատանքային խնդիրների քննարկմանը։
«Վերջին տարիներին հայ-ռուսական փոխայցերն էականորեն պակասել են այս խնդիրների հետևանքով։ Ուստի սա փորձ է պահպանել այն, ինչ կա հետագայում հարաբերությունները ողջ կոմպլեքսով վերանայելու հեռանկարով։
Ուստի, կարծում եմ, այս այցն ունի ոչ այնքան առանձնահատուկ օրակարգ ու նպատակ, այն կրում է աշխատանքային բնույթ։ Ուշադրություն կարելի է դարձնել, որ Ռուսաստանը փորձում է որոշակի դեր ունենալ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական կարգավորման գործընթացներում, ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում կար հիշատակում այդ մասին, սակայն չեմ կարծում, թե այդ հարցում առաջընթաց կարելի է սպասել, քանի որ Ալբանիայում հերթական անգամ ականատես եղանք, որ հայկական կողմն առանց միջնորդության շփվում է իր գործընկերների հետ և նույնիսկ չի ցանկանում ռուսական միջնորդություն այդ հարցերում, ինչը տեղավորվում է ՀՀ իշխանությունների վերջին տարիների քաղաքականության շրջանակում»,- ասաց Եվսեևը։