Բաժիններ՝

Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 100 մեծ բեռնատարի մուտքը Գազա

Իսրայելի իշխանությունները թույլատրել են մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ հարյուր մեծ բեռնատարի մուտքը Գազայի հատված: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

«Մենք թույլտվություն ենք խնդրել և հավանություն ստացել օրվա ընթացքում Գազայի հատված ավելի մեծ քանակությամբ բեռնատարների մուտք գործելու համար, դրանք շատ ավելի են, քան մենք խնդրել էինք նախորդ օրը», – Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լերկեն։

Նա հավելել է, որ խոսքը գնում է շուրջ 100 բեռնատարի մասին։

Լերկեի խոսքով՝ այժմ բեռը պետք է պահեստավորվի, ինչից հետո այն կարիքավորներին բաշխվի Գազայի հատվածում գոյություն ունեցող համակարգի միջոցով։

BBC-ն նշում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերն իր հերթին հայտնել է, որ առաջիկա 48 ժամում 14 000 փոքրիկ կարող է մահանալ, եթե մանկական կերով բեռնված բեռնատարները ժամանակին չհասնեն Գազա։

Մայիսի 19-ին Իսրայելը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված ինը բեռնատարի մուտք Գազայի հատված Քերեմ Շալոմ անցակետով։ Ինչպես Լերկեն, այնպես էլ Ֆլետչերը հայտնել են, որ բեռնատարներից միայն հինգն են անցել պաղեստինյան անկլավի տարածք՝ 11-շաբաթյա շրջափակումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս