ՀՀ–ն 1,5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Հնդկաստանի, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ. զեկույց

Հայաստանը 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ։ Այս մասին ասվում է Միջազգային գործերով ռուսական խորհրդի (ՄԳՌԽ) հրապարակած վերլուծական նյութում։

Ռազմատեխնիկական գործարքների մասին ժամանակ առ ժամանակ հայտնում են նաև հնդկական լրատվամիջոցները, սակայն պայմանագրերի ընդհանուր արժեքը մինչ օրս չէր հրապարակվել:

Միաժամանակ պաշտոնական Երևանը Հնդկաստանի հետ գործարքների մասին տեղեկությունները երբեք չի հաստատել։

ՄԳՌԽ-ի զեկույցի համաձայն՝ խոսքը 2022-2023թթ. Նյու Դելիի և 2023-2024թթ. Փարիզի հետ կնքված համաձայնագրերի մասին է:

Նշվում է, որ հայ-հնդկական պայմանագրերով նախատեսվում է տարբեր սպառազինությունների՝ «Pinaka» 214 մմ համազարկային կրակի ռեակտիվ և «Konkurs» հակատանկային հրթիռային համակարգերի, ականանետների, ինչպես նաև տարբեր զինամթերքի մատակարարում:

Երևանը գնել է կամ պետք է ձեռք բերի նաև 155 մմ «ATAGS» հրետանային կայանքներ, ինքնագնաց և քարշակվող հաուբիցներ, «ZADS» հակահրթիռային և «Akash 1S» ՀՕՊ համակարգեր։ Նախատեսվում է նաև MR-SAM հրթիռների և «Akash-NG22» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերում։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ գործարքին, ապա 2023 թվականին կնքված պայմանագրերի համաձայն՝ Փարիզն արդեն մատակարարել է 24 «Bastion» զրահամեքենա և «Safran» կորպորացիայի արտադրության գիշերային տեսանելիության սարքերի խմբաքանակ։

Բացի այդ, համաձայնագրեր են ստորագրվել երեք «GroundMaster 200» ռադիոտեղորոշիչների մասին, որոնք կարող են հայտնաբերել «երկիր-օդ» դասի հրթիռներ:

Նույն թվականին բանակցել են նաև «Mistral 3» զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ։
2024 թվականին Փարիզի և Երևանի միջև կնքվել են նոր պայմանագրեր, որոնց շրջանակում Հայաստանը պատրաստվում էր ֆրանսիական PGM ընկերությունից ձեռք բերել տարբեր մոդիֆիկացիաների գրոհային հրացաններ և Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ։

Ի դեպ, հաուբիցների մասին դեռ անցյալ տարի հայտնել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

Պաշտոնական տվյալներ կան նաև «Ground Master 200» ռադարների և «Mistral 3» համալիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս