Բաժիններ՝

ԵՄ-ն կվերացնի Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը համաձայնել է վերացնել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Այս քայլը Դամասկոսի նկատմամբ միջազգային դիրքորոշման վերանայման մաս է կազմում և նպատակ ունի աջակցել երկրի վերականգնմանը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Դիվանագետները հայտնել են, որ ԵՄ 27 անդամ պետությունների դեսպանները նախնական համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ, և ակնկալվում է, որ այն պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ մայիսի 20-ին, ավելի ուշ Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Մայիսի 20-ին ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հույս էր հայտնել, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։

Փետրվարի վերջին Եվրամիությունը սկսել է գործնական քայլեր ձեռնարկել Սիրիայի նկատմամբ որոշ տնտեսական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և բանկային ոլորտներում, ինչպես նաև ԵՄ երկրներից Սիրիա անձնական օգտագործման համար շքեղ ապրանքների ներմուծման թույլտվության ուղղությամբ ։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

Ճապոնիան նույնպես սկսել է ուսումնասիրել սեփական պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը, իսկ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան հայտարարել է, որ իր երկիրն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և համապատասխան որոշում կկայացնի համապատասխան ժամանակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս