Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորված անձանց (տեսանյութ)

Մի խումբ ակտիվիստներ այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորված անձանց բողքի երթ իրականացրեցին Ազատության հրապարակից: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, թե իրենք պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին և կալանավորված մյուս անձանց, քանի որ նրանց դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

Բացի այդ՝ երթի մասնակիցները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Հունան Պողոսյանի և բոլոր այն ոստիկանների նկատմամբ, ովքեր բռնություն են կիրառել Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի և մյուս ակտիվիստների նկատմամբ, ինչպես նաև քննություն իրականացնել՝ պարզելու համար՝ ինչո՞ւ են դեպքի օրը այդքան շատ ոստիկաններ եղել դեպքի վայրում: Մինչ երթը սկսելը ոստիկանները Արթուր Սաքունցին զգուշացրին՝ երթն անցկացնել ոչ թե փողոցներով, այլ մայթերով: Ա. Սաքունցը, սակայն, նշեց, որ իրենք մայթերում չեն տեղավորվի, բացի այդ՝ ասաց, որ նպատակը նաև մարդկանց իրազեկելն է կատարվածի մասին: Մինչ Ազատության հրապարակից դուրս գալը ևս մեկ միջադեպ գրանցվեց: Ոստիկանները 16-ամյա մի տղայի ձեռքից վերցրին պաստառը, քաշքշեցին նրան:

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք, ապա ՀՀ գլխավոր դատախազություն:

Տեսանյութեր

Լրահոս