Բաժիններ՝

«Երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են Անտեսանելին»

«Ես հավատում եմ Աստծուն». սա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը գործունեություն է, այլ ոչ միայն համոզմունք և աշխարհայացք:

Անհնազանդության մեղքից հետո Ադամն ու Եվան մահկանացու դառնալուց բացի զրկվեցին Աստծո հետ այն ամբողջական և անմիջական փոխհարաբերությունից, որ ունեին դրախտում: Բայց Աստծո մեծագույն սերն այստեղ էլ դրսևորվեց. մարդ-Աստված փոխհարաբերության մեջ Աստված ցույց տվեց մարդուն դեպի Իրեն տանող ուղին, որ կարող է մարդն ունենալ, դա հավատի ուղին է՝ հույսի և վստահության ուղին: Քանի որ. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1): Հավատը հնարավոր չէ ապացուցել:

Հավատի էությունը խորհրդավոր վստահության մեջ է, այն, որ ինչ գործել և ասել է Քրիստոս, հավատավորի համար որոշիչ նշանակություն ունի: Քրիստոնյան զգում է, որ Աստված իրենից հեռու չէ ո՛չ դարերով, ո՛չ տարածությամբ, այլ հեռու կարող է լինել այն դեպքում, երբ ինքը հեռվանա Նրանից կամ թերահավատություն դրսևորի:

Հովհաննես վարդապետ Երզնկացին նշում է, որ հավատը երկու տեսակ է. առաջինն է` դավանության ու խոստովանության հավատը, երկրորդը՝ հավատալ, որ աստվածային Սուրբ Գրքերն Աստծո Հոգով են խոսել առաքյալները, մարգարեները և սուրբ հայրապետները, և Գրքի խոսքերն Աստծո կողմից մեզ համար են գրվել, որ բոլոր սրբերն Աստծո կողմից միջնորդներ ու պատգամաբերներ են և ուսուցանում են մեզ անցյալը, ներկան ու գալիքը:

Կարդացեք նաև

Իրական և կատարյալ հավատքի հիմքը դա ամբողջական վստահությունն է առ Աստված: Ըստ եկեղեցու հայրերի՝ հավատի ճիշտ ուղիով ընթանում է նա, ով թույլ չի տալիս իրեն մեկ ակնթարթ անգամ կասկածելու այն ճշմարտությանը, որ փոխանցում է մեզ Ավետարանը, և այն ինչ մեզ սովորեցնում է Եկեղեցին: Արդարների հավատքը միշտ կապված է եղել հույսի հետ, այն հույսի, որը բացի Աստծո հանդեպ վստահությունից, համոզվածություն էր այն հավիտենական ապագայի հանդեպ, որ խոստացել է Աստված: Այդպիսի հավատքը բարձրանում է առ Աստված աղոթքով. «Աղոթելիս ինչ էլ որ հավատալով խնդրեք, կստանաք» (Մատթեոս 21:22):

Հավատը մարդու սրտին ուղղված՝ Աստծո կոչի պատասխանն է, իսկ անհավատությունն՝ այդ կոչին չհետևելու ցանկությունը:

Անհավատությունը հոգու կուրություն է և հիվանդություն: Որոշ մարդկանց մոտ անհավատությունը գալիս է չիմացությունից: Եթե նրանք ճանաչեն և ընդունեն Ճշմարտությունը, ապա նրանց կյանքը խորապես կփոխվի, չեն ուշանա նաև հավատի պտուղները: Իսկ մարդկանց մի մասն էլ անհավատության մեջ է, որովհետև նրանց հաճելի է ապրել մեղսալից կյանքով:

«Ծանրաբեռնելով խիղճը մեղքերով, վախենալով ու դողալով ապագա հատուցումից և չցանկանալով մխիթարություն գտնել դրական փոփոխության մեջ՝ անհավատը փորձում է իրեն հանգստացնել անհավատության մեջ»,- ասում է սբ. Հովհան Ոսկեբերանը: Մեր Տիրոջ խոսքի համաձայն՝ անհավատը արդեն դատապարտված է (Հովհաննես 3:18): Հավատը ենթադրում է փոփոխություն: Որպեսզի մարդն արժանանա աստվածային անգին այդ պարգևին՝ հավատին, նրա առաջին քայլը պետք է դառնա ապաշխարությունը:

«Մի պատանի մեծ դժվարությամբ գտնում է մի ճգնավորի, որ թաքնվում էր լեռներում և հարցնում է. «Հայր, ի՞նչ պետք է անեմ, որ ձեռք բերեմ ճշմարիտ հավատք»: Ճգնավորը նրան չի պատասխանում: Հաջորդ օրը պատանին նորից է այդ մասին հարցնում և նորից մնում անպատասխան: Վերջապես, երրորդ օրը ճգնավորը տանում է պատանուն մոտակա գետը, մտնում է այնտեղ և գլխով նշան անում իրեն հետևելու:

Հասնելով գետի բավականին խոր տեղը՝ ճգնավորը պատանուն իր ուսերին է վերցնում և ապա ընկղմում նրան ջուրը: Նա այդպես նրան պահում է մի որոշ ժամանակ՝ ուշադրություն չդարձնելով պատանու ազատվելու ջանքերին: Վերջապես, ճգնավորը բաց է թողնում նրան և հետաքրքրվում. «Տղաս, երբ դու ջրի տակ էիր, ի՞նչ էիր ամենաշատն այդ պահին ցանկանում»: Նա, առանց տատանվելու, պատասխանում է՝ օդ, օդ, ես միայն օդ էի ուզում: «Իսկ դու չէի՞ր նախընտրի հարստություն, հաճույք և իշխանություն, տղաս, չէի՞ր մտածում այդ ամենի մասին,- հարցուփորձ էր անում ճգնավորը»: «Ո՛չ, հայր, ես միայն օդ էի ցանկանում և միայն այդ մասին էի մտածում»: «Այսպես, տղաս,- ասաց ճգնավորը,- որպեսզվի փրկվես, դու պետք է ցանկանաս դա այնքան ուժգին, որքան, որ այս պահին օդ էիր ցանկանում»»:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հարությունից հետո Թովմասին ասաց. «Դու հավատացիր, որովհետև ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանձ Ինձ տեսնելու» (Հովհաննես 20:29): Այս խոսքերի հետ կապված սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է.

«Եղբայրնե՛ր, թող այս երանությունը մեզ անցնի, որ չտեսանք և հավատում ենք: Որովհետև երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են Անտեսանելին: Ովքեր բոլոր տոների և պատարագների ժամանակ տեսնում են Նրան հավատի աչքերով, երկրպագում են Նրան, իրենց բերանով համբուրում ու իրենց ճաշակելիքով ընդունում են Նրան, և սակայն չի հատնում Նա, Ում ճաշակում են: Երանելի՜ են նրանք, ովքեր ճշմարտությամբ ու ամբողջ սրտով խոստովանում են իրենց մեղքերը և այլևս չեն վերադառնում դրան, ինչպես շունը` իր փսխածին»:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս