Վրաստանն այս տարի Ռուսաստան է արտահանել ավելի քան 5.3 միլիոն լիտրի գինի ու կոնյակ և 8 միլիոն լիտր «Բորժոմի»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն այս տարի մատակարարումներ վերսկսվելուց հետո Ռուսաստան է առաքել 5.335.000 լիտր գինի ու կոնյակ և 8.215.000 լիտր «Բորժոմի»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор):

Վերջինիս հաղորդմամբ՝ այս տարի Վրաստանից Ռուսաստան է ներկրվել 22 ընկերության 1529 ալկոհոլային արտադրանքի խմբաքանակ: Այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին 8.215.000 լիտր «Բորժոմիից» բացի, Ռուսաստան է ներկրվել նաև 170.500 լիտր «Սաիրմե»:

Գերատեսչության ներկայացուցիչները սեպտեմբերի 16-20-ին երրորդ ստուգումն են իրականացրել վրացական գինեգործական ձեռնարկություններում և դրա արդյունքներով ևս 31 ալկոհոլային և 3 հանքային ջուր արտադրող ընկերությունների թույլատրել են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան:

Այդպիսով, ներկա դրությամբ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու իրավունք է ստացել վրացական 95 գինեգործական և 7 հանքային ջուր արտադրող ձեռնարկություն: Այդպիսի թույլտվություն չի ստացել 11 գինեգործական և հանքային ջուր արտադրող 3 ձեռնարկություն:

Տեսանյութեր

Լրահոս