Միայն բիզնեսի հարկման բեռը չէ, որ ավելացնում են․ նրանց նկատմամբ վաղուց կիրառվում է հարկային տեռորի դասական գործիքակազմ․ Թադևոս Ավետիսյան
Արտաքին գործոնների թուլացմանը զուգահեռ, ինչպես և սպասելի էր, իշխանությունները կանգնեցին պետական բյուջեն լցնելու խնդրի առջև։ Իսկ դրա համար, իհարկե, պետությունն առաջ է բերում հարկ վճարող հերոսներին։ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ՛» ասող ու բազմիցս վերահաստատող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա, օրինակ, քաղաքացուն ցույց են տալիս, որ քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ է, այլև հարկման ու գերհարկման։
Կառավարության՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական հերթական փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ, հենց դրա ամենաթարմ վկայումն է։
Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից՝ հարկային տարվա կեսից։ Ի դեպ, ԱԺ-ում թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իշխանությունների համար և նրանց վկայմամբ միայն բարեփոխման մասին լռել չկարողացավ անգամ Փաշինյանի թիմակիցն ու երբեմնի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ՀՀ հպարտ, ոչ հպարտ ու ոչ այդքան հպարտ քաղաքացիներին տեղեկացնելով՝ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով հարկերը 5 անգամ ավելանալու են. ներկայիս 5 տոկոսի փոխարեն՝ դառնալու են 31 տոկոս։
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականից սկսած՝ սպասվում է նաև գույքահարկի թանկացման նոր փուլը։
Տնտեսագետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 168․am-ի հետ զրույցում այս առնչությամբ հիշեցրեց Փաշինյանի ու նրա թիմի դեռ իշխանամուտի խոստումների բույլը՝ քաղաքացուն աղքատության ճիրաններից ազատելու, նպաստից դեպի աշխատանքի դաշտ բերելու մասին։
«Հակառակ այս խոստումներին՝ իշխանությունը հետևողականորեն արել է ճիշտ հակառակը։ Սկզբում դա իրականացվեց եկամտահարկի համահարթեցման միջոցով, ըստ որի, փաստորեն, ցածր եկամուտ ունեցողների և բարձր, գերբարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի բեռը հավասարեցվեց,- նշեց Թադևոս Ավետիսյանը՝ շեշտելով այս սկզբունքի ապասոցիալական էությունը և հավելեց,- Հաջորդիվ արդեն տնտեսական այս իրավիճակի բացասական միտումներին զուգընթաց՝ փորձում են ևս մեկ անգամ ավելացնել ինքնազբաղված, միկրոբիզնեսով զբաղված մարդկանց հարկային բեռը՝ փուլ առ փուլ վերացնելով հարկային արտոնյալ ռեժիմը, շուրջ 6 անգամ հարկային բեռն ավելացնելով և դրդելով, որ տասնյակ-հազարավոր մարդիկ ուղղակի կորցնեն իրենց եկամտի միակ աղբյուրը և աշխատանքից գնան դեպի նպաստի դաշտ»։
Այս կերպ իշխանությունները, ըստ տնտեսագետի, հարկ հավաքելու անվան տակ ու հարկատուն հերոս է խաբկանքի ներմուծմամբ փորձում են քերթել քաղաքացուն։
«Ի վերջո, միայն բիզնեսի, փոքր բիզնեսի հարկման բեռը չի, որ ավելացնում են․ մենք չպետք է մոռանանք, որ այդ նույն շրջանակի նկատմամբ վաղուց կիրառվում է հարկային տեռորի դասական գործիքակազմ։ Մարդկանց կանչում են հարկային ծառայողի սենյակ և հարկադրում են կոնկրետ հարկի չափ, կամ վերադարձի ենթակա միջոցների զիջում պետության օգտին, և դա անում են բառացիորեն սպառնալիքների միջոցով, այսինքն՝ եթե չէ, կգործադրենք հարկային բութ գործիքը՝ ստուգումներ և այլն»,- շեշտեց նա։
Հաջորդ խնդիրը, որի վրա ուշադրություն հրավիրեց ընդդիմադիր պատգամավորը, գույքահարկի թանկացումն է։
«Այդ բեռն առավելապես կրելու են ու անտանելի է դառնալու նորից ցածր եկամուտ ունեցողների համար, որովհետև, օրինակ, մայրաքաղաքում և հատկապես Կենտրոնում բնակվող միայնակ կենսաթոշակառուները փաստացի չեն կարողանալու վճարել պատիկներով բարձրացող իրենց բնակարանի գույքահարկը,- մանրամասնեց մասնագետը, ապա այսպիսի հարկային վարչարարության պատճառներին անդրադառնալով՝ նկատեց,-Հարկային մուտքերը նվազում են, քանի որ մի կողմից՝ իրենց սրտի օլիգարխների մոտ աճում է ստվերը, մյուս կողմից՝ արտաքին պատահական գործոնները, որոնք հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության տնտեսական հետևանքներն էին, թուլանում են։
Հիմա ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց պետք է իրենց պոպուլիստական խոստումների համար փող քերեն․ տեղը մեկն է՝ փոքր ու միջին բիզնեսի շրջանակ և սոցիալական ծախսերի կրճատում, թերակատարում, ինչի ականատեսն ենք։ Այս տարվա 9 ամիսներին, օրինակ, փող չկա․ պլանավորածից պակաս են հավաքագրել շուրջ 150 միլիարդ դրամի չափով, իսկ 290 միլիարդ էլ պակաս ծախսեր են իրականացրել։ Հաջորդ տարի ևս կրճատումներ են իրականացնում․ բռնի տեղահանված արցախահայության սոցիալական ծրագրերն են կրճատում, ու չեն ավելացնում թոշակն ու նպաստները»։