Բաժիններ՝

«Խելքի դեֆիցիտը մեծ է»

Հայկական որոշ արտահայտություններ մեզ առանձնացնում են այլ ժողովուրդներից: Ունենք, օրինակ, «հայի բախտ» արտահայտությունը, որը ենթադրում է, որ այնպիսի ճակատագիր, ինչպիսին ունեցել են հայերը, ոչ մի այլ ժողովուրդ չունի: Ունենք «հայի հետին խելք»,«հայկական հյուրասիրություն», «հայի նախանձ» և շատ այլ նման արտահայտություններ: Այս արտահայտությունները բխում են մեր ինքնաճանաչումի՞ց, թե՞ զուտ զգացական մակարդակում ասված մտքեր են: Ազգային ինքնաճանաչողության խնդիրները մեր լավագույն մտավորականներից մեկի` մշակութաբան Ռուբեն Անգալադյանի ուսումնասիրության առարկան են:

– Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ընտրողների ակնհայտ մեծամասնությունը «ոչ» ասաց գործող իշխանություններին: Այս գրեթե համազգային ակտը կարելի՞ է համարել, դիցուք, «հայի ետին խելք»:

– Պետք է տարբերակենք լոկալ ընտրություններն այսօրվա Հայաստանի քաղաքական պատմությունից: Ցավոք, այդ քաղաքական պատմությունը գրված չէ, ինչպես գրված չեն 1-ին և 2-րդ հանրապետությունների պատմությունները: Հայաստանի թագավորությունների քաղաքական պատմությունը ևս չունենք:

– Պատմաբանները կարող են առարկել` ունենք հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագրքեր, բուհական ձեռնարկներ, ակադեմիական հրատարակություններ:

– Հայ ժողովրդի պատմությունը հայ ժողովրդի պատմություն է: Դա Հայաստանի քաղաքական պատմություն չէ: Երբ հայ ժողովուրդը որոշեց, որ պետք է պատմություն ունենա, վերցրեց այն հին հույներից` Հերոդոտոսից, Ստրաբոնից: Իսկ այդ պատմությունը գրականություն է: Իսկ եթե հռոմեացիներից վերցնեինք, կդնեինք քաղաքական պատմության սկիզբը: Ինչպե՞ս է` մենք ունենք կոնկրետ հերոսներ, դավաճաններ, նվիրյալներ, սրբեր, տականքներ և այլն: Չունենք նորմալ քաղաքական գործիչներ, որոնց մասին մտածենք` ի՞նչ պլատֆորմ է ունեցել, ինչի՞ է ձգտել և ինչքա՞ն է կարողացել անելգ Մենք այնքան վատ ենք վարվել, անխնա ենք եղել մեր մտածողների հանդեպ:

– Մեր բոլոր մեծերն են դժգոհ եղել իրենց հանդեպ վերաբերմունքից, սակայն մեծերի հանդեպ նույն անխնա վերաբերմունքը բնորոշ է ոչ միայն հայերին: Բացենք համաշխարհային մասշտաբով ցանկացած հանճարի կենսագրություն և կհամոզվենք:

– Դա այդպես է, սակայն համեմատվել ուրիշ ազգերի հետ մենք չենք կարող, որովհետև ուրիշ ազգեր սխալների կողքին ճիշտ բաներ էլ են արել: Մեզ մոտ հիմնականում սխալներ են, որովհետև մեր ընտրությունը մոդելավորված չէ` չգիտենք` ով է խելացին, ով` տգետը: Սա առաջին քայլն է` կատարել ճիշտ ընտրություն:

– Չե՞ք կարծում, որ «ճիշտ ընտրություն» ասվածն առաձգական հասկացություն է: Գուցե մեր ճիշտ ընտրության ընկալումը գոյատևե՞լն է. մենք հասել ենք 21-րդ դար, շատ ազգեր` ոչ:

– Քարշ գալը նախ` ինքնասիրության խնդիր է, հետո` դեֆորմացնում է մեր ինքնագիտակցությունը, մյուս կողմից էլ` դարձնում է օտարասեր: Օտարների կարծիքը մեր մասին մեզ համար գրեթե ճակատագրական նշանակություն ունի: Նրանց կարծիքով՝ մենք մեզ համար ստատուս ենք ձեռք բերում: Մեր մշակույթի բարձրակարգ գործիչները ստիպված են սպասել միջազգային ատյաններում գնահատականների, քանի որ նրանց չի բավարարում այն գնահատականը, որ տալիս է ազգը: Իսկ ազգը ծափահարում է միջակություններին: Երկու տիպի մտածողություն կա մեր երկրում` խոր ասիական և խիստ եվրոպական: Թեև անգամ Ասիան ինքը մտել է եվրոպական մշակույթի մեջ: Մեր ճանապարհը այդ խիստ եվրոպականը չէ, որովհետև կան բաներ, որ ազգը երբեք չի ընդունի: Բարձր ինտելեկտուալ հայի նկարագիրը երբեք չի ընդունի հյուսիսային ժողովուրդների ազատամտությունը:

– Սակայն նույն հյուսիսային ժողովուրդների ազատամտությունը չի ընդունվում նաև հենց Եվրոպայում: Տեսանք Ֆրանսիայում միլիոնանոց երթեր` ընդդեմ համասեռամոլ ամուսինների կողմից երեխաների որդեգրման, ընդդեմ ինցեստի: Այսինքն` դա միայն հայկական ավանդապաշտությանը բնորոշ մտածողություն չէ:

– Այո, բայց ֆրանսիական պառլամենտի պատգամավորները ևս ֆրանսիացիներ են, որոնք ներկայացնում են ամբողջական Ֆրանսիայի պատկերը: Եթե նախագահի թեկնածուն խոսք է տալիս ճանաչել միասեռ ամուսնությունները, ընտրողները գիտեն` այդպես էլ կլինի: Ինչո՞ւ է Օլանդը կարևորել հենց այդ կետը, ինչո՞ւ է Ցեղասպանության հարցը գցել մի կողմ և, դեմքից էլ երևում է, Հայաստանի մասին չի էլ ուզում լսել: Գիտե՞ք, մեր ինքնաճանաչողությանը` որպես թեմա, սկսել ենք անդրադառնալ 20-րդ դարում:

Մինչ այդ մենք մեզ երբեք կողքից չենք նայել: Ուրիշի կարծիքը` դրական կամ բացասական, մեզ համար եղել է հենակետ: Օրինակ` Բիսմարկն ասել է, որ հայերը պատրաստ չեն ունենալ պետություն: Իմ կարծիքով` մինչև այսօր էլ պատրաստ չեն: Եթե պատրաստ լինեին, այսքան հայ դուրս չէր գա երկրից: Դուրս գալը ներքին խնդիրների հետ կապված չէ: Ո՛չ: Դա կապված է գաղթականի փորձի հետ, որն ունի հայը. հայն ավելի հեշտ ձուլվում է դրսում, մեծ համակարգում, քան աշխատում ներսում իր համակարգը նորոգել:

– Ուզում եք ասել` «գաղթականի հոգեբանություն» արտահայտությունը կենսունա՞կ է: Իսկ գուցե այդպես արհեստականորե՞ն է մուծված` արդարացնելու այն հիմնական պատճառները, որոնցից փախչում են մեր շատ հայրենակիցներ: Շատերին հեռանալու որոշումը մեծ դժվարությամբ է տրվում, դա՛ էլ չմոռանանք:

– «Գաղթականի հոգեբանություն» արտահայտությունն այնքանով կա, որքանով կա «հայի խելք» ասվածը: Ինչո՞ւ չենք հիշում «հայկական անխելքություն» արտահայտությունը: Եթե մենք խելացի ազգ լինեինք, կունենայի՞նք նման ողբերգական պատմություն: Մենք իշխանությունը շատ հեշտությամբ տալիս ենք այնպիսի մարդկանց խմբի, որից ետ վերցնելն անչափ դժվար է:

– Ընտրություններն այն մեխանիզմն է, որով ընտրողները ցույց են տալիս իրենց վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Ըստ այդմ` գործող որևէ իշխանության ընտրողները երբեք «այո» չեն ասել: Այդ դեպքում ո՞րն է Ձեր մեղադրանքի հիմքը:

– Եթե դու տեսնում ես, որ քո ընտրությունն արժեք չունի, կան ռադիկալ միջոցներ:

– Հեղափոխությո՞ւն:

– Այո՛, դուրս գալ փողոց ու չընդունել իշխանություններին: Եթե մեկ միլիոն մարդ քաղաքում մեկ ամիս նստացույց անի, ոչ մի իշխանություն չի դիմանա: Մեկ միլիոն մարդ: Դա տեղի չի ունենում, որովհետև կա այսպիսի մտածողություն` պետությունը հազիվ է գոյատևում, եթե անկայունություն լինի, թշնամին կօգտվի:

– Եվ ընտրում են երրո՞րդ ճանապարհը` արտագաղթ:

– Ո՛չ, արտագաղթն առաջին քայլն է: Հայի արտագաղթի պատճառը նախևառաջ հոգեբանական վիճակն է: Հայը ցեղասպանություն տեսած, վիրավոր ազգ է` էն գլխից: Իսկ ցեղասպանությունը 1000 տարի է տևել. մինչև 1915թ. քո երեսին թքել են, ով մեզ ժպտացել է, ուրախացել ենք, որ մարդու տեղ են դնում: Ինքնասիրությունը մեզ դարձրել է ոչ թե հպարտ, այլ գոռոզ: Մենք ընդհանուրի շահը չենք տեսնում, էգոցենտրիկ ենք: Այն տղաները, ովքեր տեսնում էին ընդհանուր շահը, Եռաբլուրում պառկած են: Երբ մեր երկրում փորձում ես հասկանալ` ի՞նչ է ուզում դժգոհ մարդը, էմոցիայից բացի` ոչինչ բռնել չես կարողանում: Սա ցույց է տալիս մեր քաղաքացիների ցածր քաղաքական կուլտուրան:

– Հայերին վերագրվում է գաղթականի հոգեբանություն, սակայն շարժման մեջ է ողջ աշխարհը:

– Աշխարհը շարժման մեջ է այն իմաստով, որ բոլորը գիտեն` որտեղ է իրենց հայրենիքը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կարծում էի, թե դրսում գտնվող խոշոր բարեգործական կազմակերպությունները, կուսակցությունները, մեր եկեղեցին կփորձեն ճիշտ առանցքի վրա պահել մեզ: Ո՛չ մի կառույց չաշխատեց, մեր պրոբլեմներին ադեկվատ արձագանքելու ուժ չունեցավ: Մինչև ԽՍՀՄ փլուզումը մեր պատմական տարածքներում բնակիչների կեսից ավելին հայկական էթնոսն էր, 2000թ.-ից այսկողմ մեր տարածքում ապրում է բնակչության մոտ 1/3-ը. մենք դարձանք Սփյուռքի ազգ: Մենք ունենք մի ճանապարհ. ազգը պետք է հավատա իշխանությանը: Եթե չի հավատում, ոչինչ չի ստացվի:

– Ճիշտ հասկանանք. ազգը պե՛տք է հավատա՞, թե՞ իշխանությունները պետք է իրենց աշխատանքով հավատ ներշնչեն:

– Ազգ ասելով` նկատի ունեմ նաև իշխանությանը: Ազգը պետք է հասկանա, որ պատմությունը, որն իր կենսագրությունն է, ողբերգական է ոչ թե նրա համար, որ ինչ-որ սխալ բաներ են արել այս մեկը կամ մյուսը, այլ ամբողջական կամքը, որով ինքն ապրում է, ճիշտ մտքով չի սնվում: Տարբեր ժամանակներում, քաղաքական տարբեր իրավիճակներում ազգը տարբեր վարք է դրսևորում: Հիմա գաղթական ենք, ժամանակին (20-ականներին, 40-ականներին, 80-ականներին) ձգտում էինք հավաքվել Հայաստանում: Այսօր արդեն մեր մեջ ակտիվացել է գաղթականի հոգեբանությունը:

Պետք է փոխել իրավիճակը, գտնել այն ձևը, որ ազգը տեսնի արդար ընտրություն` սկսած երկրի նախագահից, վերջացրած հավաքարարով: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա` ճշմարտություն կա, և իշխանությունը պաշտպանում է ճշմարտությունը: Հակառակ դեպքում` իշխանությունը պետք է փոխել: Հայ ժողովուրդն իր տեսանկյունից խելքի պակաս չունի, իմ պատկերացմամբ` խի՛ստ ունի այդ պակասը: Խելքի դեֆիցիտը, մանավանդ պետականություն հասկացող խելքի դեֆիցիտը, մեծ է: Մեր ազգը չափազանց կոնսերվատիվ է. եթե այդպիսին չլիներ, այս ողբերգական ճակատագիրը կստիպեր վաղուց վերանալ:

– Մեր հավակնությունները կարծես այլ են: Սփոփվում ենք Սևակով. «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

– Մնում է ճշտել` իսկ ո՞րն է մեզ համար կյանքի արժեքը: Ի՞նչ որակի կյանքով ենք ուզում լինել ու դեռ շատանալ: Կան իրավիճակներ, երբ ավելի լավ է պատվով վերանալ, քան քարշ գալ: Արմատապես պետք է փոխենք մեր մտածելակերպը: Ճիշտ մոդելավորենք մեր գնահատականը յուրաքանչյուրի մասին և յուրաքանչյուր խնդրի շուրջ:
Շարունակելի
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս