ԱՕԿՍ-ի շենքն ու Երևանի Տրոպիկական ինստիտուտը, որտեղ 1920-ականներին բուժվում էին բորոտներն ու մալարիայով հիվանդները. Բացառիկ լուսանկարներ

1914-1917 թվականներին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Երևանում կառուցվում է ԱՕԿՍ-ի շենքը: 1914 թվականին Հովհաննես Հովհաննիսյանը թողնում է իր աշխատանքը և սկսում է իրականացնել Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցի կառուցման աշխատանքները: Ըստ շենքի անձնագրի՝ Հովհաննիսյանը շենքի հողատարածքը գնել է Հուսեյն Բեկ-Միրզաբեկովից։

Շինության նախագիծը կազմել և շինարարությունն իրականացրել է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը։ Շենքի առաջին հարկում գործել է հիվանդանոցը, իսկ երկրորդ հարկը ծառայել է որպես Հովհաննիսյանի բնակարան։

Կարդացեք նաև

Հիվանդանոցն ունեցել է 10 մահճակալ և աշխատել է երկու բաժանմունքով՝ վիրաբուժական և ակնաբուժական։ 1923 թվականին շենքը բռնագանձվել է խորհրդային իշխանությունների կողմից։ 1923 թվականից մինչև 1944-ը շենքում գործել է Հայաստանում առաջին «Մալարիայի հիվանդանոց»-ը, որն անվանում էին Տրոպիկական ինստիտուտ: Ինստիտուտն էական դեր է խաղացել մալարիայի և այլ տրոպիկական հիվանդությունների կանխարգելման և վերացման գործում։

Ինստիտուտն իր գործունեության սկզբնական փուլում կենտրոնացել էր մալարիայի, բնական ծաղիկի, խոլերայի, բծավոր տիֆի, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում լայն տարածում գտած այլ հիվանդությունների ուսումնասիրության վրա: Ինստիտուտը նաև հրապարակել է մի շարք գիտական աշխատություններ և ժողովածուներ։ 1944 թվականից շենքում տեղակայված է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)։ Թերթելով ժամանակի հասարակական և գիտական մամուլը, նկատում ենք, որ Տրոպիկական ինստիտուտն իր գոյության ժամանակաշրջանում կարևոր գիտական և բժշկական աշխատանք էր իրականացնում: Այդ մասին մանրամասն կարդում ենք  Երևանում տպագրվող «Վերելք» հանդեսում:

«Ինստիտուտի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1923 թվի սեպտեմբերի 4-ին, իսկ աշխատանքները սկսվել էին արդեն օգոստոսի 16-ից: Այս բացման գործում օժանդակող հանդիսացավ Մոսկվայի Տրոպիկական ինստիտուտը, որն ուղարկեց մեզ իր եռանդուն և տաղանդավոր աշխատակիցներին՝ Պ. Պ. Պապովին, պրոֆ. Սկրյարինին և վերջինիս ասիստենտ Ն. Պ. Պապովին: Իսկ մեր տեղական ուժերը՝ բժիշկ Աբգ. Իսահակյանի և բժիշկներ Քեշիշյանի, Սարգսյանի, Կարապետյանի և Քալանթարյանի ներկայությունն ինքնին արդեն հույս ներշնչեց մեզ, որ մեր ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի»: («Վերելք», 1924, N 1, էջ 58):

Հանդեսում Տրոպիկական ինստիտուտի բացման մանրամասներից զատ՝ կարդում ենք նաև, թե հատկապես բժշկության ոլորտում ի՞նչ կարևոր աշխատանք էր իրականացնում ինստիտուտը, ինչպիսի՞ պայմաններ էին այնտեղ և ի՞նչ հիվանդություններ ունեցող մարդիկ էին բուժվում այնտեղ:

«Տրոպիկական ինստիտուտում հաջողակ կերպով կատարվում է բորոտների բուժում, որոնց դեռ այնքան էլ վաղուց չէ, որ անհուսալի էին համարում ապաքինման տեսանկյունից: Տրոպիկական ինստիտուտի կլինիկական բաժնում մանրակրկիտ աշխատանք է տարվում մալարիայով հիվանդների ուսումնասիրության և բուժման ուղղությամբ և գլխավորապես այն հիվանդների, որոնք տարիների ընթացքում ոչ մի բուժման չէին ենթարկվում: Հելմենտոլոգիական բաժնում ուսումնասիրվում են այն թռչունների, ձկների և կենդանիների պարազիտները, որոնք միջնորդ են հանդիսանում այդ վնասակար տարրերը մարդու օրգանիզմի մեջ փոխադրելու գործում և ավերիչ ազդեցություն են թողնում տնային կենդանիների վրա»: (Նույն տեղում, էջ 59):

Այս ամենի հետ մեկտեղ, ինստիտուտը հատուկ աշխատանք էր իրականացնում հատկապես մալարիայի դեմ պայքարում: Պայքարից զատ, իրականացվում էր նաև հանրության շրջանում մալարիայի դեմ պայքարի միջոցների ուսուցանում:

«Տրոպիկական ինստիտուտի անմիջական ղեկավարությունը մալարիայի դեմ պայքարող խմբերի վերաբերմամբ նպաստավոր արդյունքներ տվեց թե՛ բուժման, և թե՛ մալարիան կանխելու տեսակետից: Հակամալարիական լայն ագիտացիան բացեց ազգաբնակչության աչքերը, ցույց տալով նրան ճահիճների և նրանց շուրջն աճող մոծակների վտանգը, և այդպիսով տեղ-տեղ արդեն ինքնաբերաբար սկսված են ճահիճները չորացնելու և մոծակներին կոտորելու աշխատանքները»: (Նույն տեղում, էջ 59):

Սրանք բացառիկ պատմական փաստեր և տեղեկություններ են այն մասին, որ Խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին մայրաքաղաք Երևանում բժշկությունն ու գիտությունը զարգանում էր ժամանակաշրջանի բժշկագիտական խնդիրներով պայմանավորված:

ԱՕԿՍ-ի շենքն իր գոյության տարբեր ժամանակներում կատարել է տարբեր գործառույթներ: Տրոպիկական ինստիտուտը ևս շենքի պատմության մի մասնիկն է, որը, սակայն, մնաց միայն շենքի անցյալի պատմության արխիվներում:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս