Իմ կյանքում եղան ձախորդություններ, որոնք դաս դարձան. դաս, որոնց համար նաև թանկ վճարեցի. Մհեր Անանյան

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանն է։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

– Իմ կյանքում շատ դրվագներ են եղել, երբ ես հայտնվել եմ տարբեր վայրերում՝ հայտնվելուց առաջ ինձ հանդիպած իրավիճակների սրման հետևանքով։

Կարդացեք նաև

– Խոշոր ֆինանսական կառույցի ղեկավար լինելու համար հատուկ չափանիշներ կան, բայց մարդկային որակների առումով չկան սահմանումներ։ Կարծում եմ՝ ամենակարևոր բանը վստահությունն է. պետք է կարողանալ ապացուցել, որ քեզ վստահելու համար մարդիկ չեն սխալվել։

– Ի՞նչ է կյանքում հանդիպած տապալումը. դա այն է, երբ թանկ վճարում ես մի բանի համար, ինչը քեզ հետագայում պետք է գալիս։ Այդ տապալումների հետևանքով ունեցած ֆինանսական կորուստներն էլ ես վճար եմ համարում։

– Ե՛վ տապալումները, և՛ հաջողությունները, և՛ հարստությունը, և՛ աղքատությունը մարդու համար փորձություններ են։

– Ամոթի զգացողություն ունենալն է կարևոր. երբ մարդը կորցնում է ամոթի զգացողությունը, կորցնում է ամեն ինչ։

– Աստված մարդուն բոլոր կարևոր բաները տալիս է անվճար։

– Պետք է միշտ գնալ առաջ. ինձ հանդիպած դժվար իրավիճակները հաղթահարում եմ իմ մարդկային պատկերացումներով՝ իմ համոզմունքները պահպանելով։

– Պետք է անզղջալի առաջ գնալ, բայց զուգահեռ՝ դասեր քաղել սխալ հաշվարկներից։

– Ամենամեծ դասը քաղեցի մի անգամ, երբ բիզնեսում ավելորդ ոգևորվածություն ցուցաբերեցի։ Արեցի սխալ հաշվարկներ՝ մինչև վերջ չուսումնասիրելով առկա խութերը։ Արդյունքում՝ կորցրեցի։ Իմ կյանքում եղել են ձախորդություններ, որոնք ինձ համար դաս դարձան. դաս, որոնց համար նաև թանկ վճարեցի։

– Զգացմունքն ամենաբարձր արժեքն է, բայց դրանք մեր լավագույն բարեկամները չեն։ Երբ հաշարկ ես անում, շատ ավելի արդյունավետ ես լինում։

– 18 տարեկանից, եթե նորից սկսեի, կյանքս նույն կերպ կապրեի. 18 տարեկան Մհեր Անանյանին ոչ մի խորհուրդ չէի տա։

Վերջում ներկայացնում ենք Մհեր Անանյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։

«Արդյոք Ձեր բիզնեսի կառավարման ընթացքում առաջնորդվո՞ւմ եք պետության, հասարակության և աշխատակիցների նկատմամբ պարտավորությունների լիարժեք կատարմամբ։ Օրինակ՝ սոցիալական ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում, պետության առջև արդյո՞ք ամբողջությամբ կատարում եք Ձեր պարտավորությունները և ի՞նչ եք անում Ձեր աշխատակիցների բարեկեցությունն ապահովելու համար»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս