«Հենց հիմա Թուրքիան և Ադրբեջանն Իսրայելի հետ Վաշինգտոնում Սյունիքի շուրջ են բանակցում». Արթուր Խաչիկյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրուցել ենք Իրան-Իսրայել պատերազմի, տարածաշրջանի և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության թեմայով:

«Սա լայնածավալ պատերազմ է, սկսվել է դիվերսիայից: Այն, ինչ արեցին Ուկրաինայում, նույնն արեցին Իրանում»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա Բրիտանիայի, հնարավոր է նաև՝ ԱՄՆ-ի ձեռագիրն է:

«Լավագույն դեպքում, սա մի քանի օր կշարունակվի, միջուկային օբյեկտներն արդեն վնասվել են: Երկրորդ սցենարը՝ ԱՄՆ-ը մասնակցի պատերազմին և շատ ավելի ուժեղ հարվածներ հասցնի Իրանին: Երրորդ՝ շատ ավելի վատ, եթե լինի միջուկային հարձակում: Կանգնած ենք միջուկային պատերազմի շեմին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Արթուր Խաչիկյանը նկատեց. «Պատկերացրեք՝ Ռուսաստանն այսպես հարձակվեր Ուկրաինայի վրա, ինչ վայնասուններ կլսեինք տարբեր երկրներից, կառույցներից, մեր գրանտակերներից: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ՌԴ նկատմամբ քանի սանկցիա կկիրառվեր: Արևմուտքն իրեն վերջնականապես հեղինակազրկել է: Հիմա կարևոր է ստեղծել Ռուսաստան-Չինաստան-Իրան հակակշիռ»:

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների պահվածքին, նա շեշտեց, որ մենք ո՛չ կառավարություն ունենք, ո՛չ պետություն, ո՛չ դիվանագիտություն. «Հավատացնում եմ, որ հենց հիմա Սյունիքի շուրջ բանակցություններ են գնում: Հենց հիմա Ադրբեջանը, Թուրքիան Իսրայելի հետ Վաշինգտոնում կարող են ասել՝ մենք չենք խառնվի, մեզ էլ Սյունիքը տվեք, կամ, եթե այս պատերազմը շարունակվի, կարող են ասել՝ մեզ Սյունիքը տվեք, մենք ձեզ կօգնենք: Իսկ այս մարդու ուշքն ու միտքն իշխանության մնալն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս