Այսօր «Եռաբլուրում» լրագրողները Սյունիքի մարզի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեցին` աշխատում է մի անձի հետ, որ 2018 թվականին հայտարարում էր՝ «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան պատերազմը», այսօր վատ չի՞ զգում, երբ այցելում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Ի պատասխան՝ Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ ինքն իր առաքելությունն է կատարում։
Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե Տեղ համայնքում իրենից դժգոհողներ կան։
«1990-ականներին ամեն ինչ արեցինք, տարբերակներ կային, ջակատներ ունեինք, թասիբի ենք ընկել, արհեստավոր ու ոչ արհեստավոր միացել ու հաղթել ենք։ Այն ժամանակ էլ է այդպես եղել։ Հիմա ազգը պետք է բանակ դառնա, միասնական լինենք, կանգնենք բանակի կողքին՝ փառքով ու պատվով կատարենք մեր առաքելությունը։ Սա է խնդիրը, հայ մնալ-չմնալու, ապրել-չապրելու հարց է։ Բա հո չե՞նք թողնելու, որ 120 հազար մարդ մնա բլոկադայի մեջ, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, մենք չենք կարող 120 հազար մարդու թողնել բախտի քմահաճույքին։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունում այս պահին մարտեր չեն ընթանում, սակայն Արցախի իշխանությունների բնութագրմամբ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ։