Թուրքական տանկերը մտնելու են Երևան՝ հասնեն Թամանյանի արձանին, եթե այսպես շարունակենք. Արթուր Խաչիկյան

Փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, որն ի սկզբանե Ռուսաստան-Արևմուտք պատերազմ էր, Ադրբեջանի և Թուրքիայի համար հիանալի հնարավորություն ստեղծեց հարձակվելու Հայաստանի վրա՝ ինչպես իրենց երազած Սյունիքով միջանցքը վերցնելու, այնպես էլ՝ Արցախի հարցն առհասարակ փակելու համար, ուստի սպասելի էր, որ հիմա, երբ Ռուսաստանը խիստ ծանր օրեր է ապրում, Ադրբեջանը պետք է հարձակվեր Հայաստանի վրա. ի դեպ, սպասելի էր, որովհետև այդ մասին ահազանգում էինք դեռևս այս տարվա սկզբին՝ փետրվարին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Հայաստանի սուվերեն այլ տարածքների ուղղությամբ ադրբեջանական բանակի հարձակումներին, նման տեսակետ հայտնեց Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հարձակումներից պաշտպանվելու հարցում ինքն անիմաստ է համարում Հայաստանի կողմից միջազգային տարբեր կառույցներին խնդրանքներով դիմելն ու որևէ բանի՝ բացի անատամ հայտարարություններից, սպասելը, որովհետև ակնհայտ է, եթե այդ միջազգային կառույցները ցանկանային օգնել Հայաստանին կամ Արցախին, ապա կանեին Ուկրաինայի համար արածի գոնե մեկ տոկոսը։

«Անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից պետք չէ որևէ բան սպասել, որովհետև կարող է Բրիտանիան կամ որևէ այլ երկիր վետո դնել անգամ այդ քննարկման վրա, որովհետև միջազգային կառույցները չեն կարող գործել, եթե գերտերությունների մեջ չկա համաձայնություն, իսկ այդպիսի համաձայնություն չկա։ Հիմա այդ նույն միջազգային հանրությունը Հայաստանի սահմաններին կատարվողը դիտարկում է՝ որպես ընդդեմ Ռուսաստանի բացված երկրորդ ճակատ»,- ասաց Արթուր Խաչիկյանը՝ չբացառելով, որ Հայաստանի դեմ ադրբեջանցիների հարձակումը կարող է պայմանավորված լինել այլ հանգամանքով:

«Չեմ բացառում, որ Ռուսաստանին ծնկի բերելու համար հենց հիմա է Ադրբեջանն Արևմուտքից համաձայնություն ստացել։ Պարզ է, չէ՞, որ երբ մենք վերլուծում ենք իրադարձությունները, հասկանում ենք նաև, թե որ երկիրն է շահում այս ամենից, իսկ շահում են Ադրբեջանն ու Թուրքիան, ուստի փաստ է այն, որ քանի դեռ այս խումբը չէր եկել իշխանության, Հայաստանն ու Արցախն այս վիճակում չէին»,- ասաց Խաչիկյանը։

Կարդացեք նաև

Ազգային ժողովում այսօր Փաշինյանի ունեցած ելույթի վերաբերյալ գնահատական տալուց հրաժարվելով և ՔՊ-ականների Ազգային ժողովն ուղղակի հոգեբուժարանի նմանեցնող Արթուր Խաչիկյանը հստակ նաև ընդգծեց.

«Մեզ խոստացել էին խաղաղության դարաշրջան, դա տապալվեց. այսօր մեկ օրվա ընթացքում 50 հայ տղա է զոհվել՝ ըստ հայտարարության, իսկ ի՞նչ էին արել, որ դա չլինի, իսկ որևէ մեկը պատասխան տալո՞ւ է այս զոհերի համար, չէ՞ որ ակնհայտ է, եթե չկա պատասխանատվություն, և եթե մեր ազգը շարունակում է այսպես ապրել, թուրքական տանկերը մտնելու են Երևան, հասնեն Թամանյանի արձանի մոտ։ Մենք սուրճ ենք խմելու սրճարաններում ու չնկատենք, որ թուրքական տանկերը հասան մեզ, չենք նկատելու, որովհետև մարդկանց համոզել են, որ կարելի է պետություն կորցնել, բայց ուտել, խմել, փող աշխատել»,- ասաց Խաչիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս