Փաշինյանը Ռուսաստանին ասաց՝ TRIPP-ի հարցում ես չեմ որոշողը, իմ փոխարեն որոշող կա, գնացեք, իրեն հարցրեք. Խոսրով Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եկեղեցու դեմ հարձակումներն աշխարհաքաղաքական կարևորության հարց է, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին աշխարհասփյուռ կառույց է, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներն իրենց հայ են զգում մեր Սուրբ եկեղեցու շնորհիվ, այն ինքնության, ինքնահաստատման կարևորագույն ինստիտուտ է։ Ի վերջո, տասնամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր առաքելությունը հայապահպանությունն է։
  • Ես չեմ բացառում, որ որոշ ազդեցիկ պետություններ Վատիկանի ազդեցությունն այս պրոցեսի մեջ կարող են օգտագործել։
  • Ինչ էլ ուզում են ասեն իշխանությունները, մեր եկեղեցու դեմ վերաբերմունքը մեր ազգի համար բացառիկ է։ Ինձ շատ դուր եկավ, որ Մայր տաճարում դեկտեմբերի 18-ին շատ էին երիտասարդները, ովքեր եկել էին պաշտպանելու իրենց եկեղեցին։

Կարդացեք նաև

  • ԱՄՆ Պենտագոնը հայտարարությամբ սաստում է Նիգերի իշխանություններին քրիստոնյաների նկատմամբ վատ վերաբերմունքի ամար, բայց նույն Պենտագոնը ոչ մի ծպտուն չհանեց, երբ Արցախից 150.000 քրիստոնյաներ արտաքսվեցին իրենց հայրենիքից Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների արդյունքում։ Արցախի քրիստոնյաները պակաս քրիստոնյաներ չէին, քան Նիգերինը, բայց Նիգերը, ավելի ճիշտ՝ Նիգերի ընդերքը շատ է հետաքրքրում ԱՄՆ-ին։
  • Փաշինյանի պատվիրատուներին Հայ Առաքելական եկեղեցին հետաքրքրում է՝ որպես ազգային կառույց, որի հետ հաշվի չնստել չես կարող։ Հիշեք՝ ե՞րբ մեկնարկեց արշավը Կաթողիկոսի դեմ, երբ Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետը խոսեց արցախահայերի իրավունքների մասին։ Դրանից հետո Փաշազադեն ու Ալիևը, ապա նաև Փաշինյանը սկսեցին հարձակվել եկեղեցու ու կաթողիկոսի վրա։ Հետևաբար, այդ հարձակումները պայմանավորված են բացառապես աշխարհաքաղաքական զարգացումներով։
  • Եկեղեցին մի զենք ունի՝ խոսք, հետևաբար՝ երբ սահմանադրորեն ամրագրում ենք, որ եկեղեցին ու պետությունն անջատ են, մենք այդ կերպ ապահովագրում ենք եկեղեցուն պետական միջամտությունից։ Եվ հիմա հիմնովին ու կոպտորեն խախտվում է սահմանադրական կարգը։
  • Ոստիկանությունն ինչի՞ համար է, եթե ինչ-որ մեկը պետք է կարողանա իրենց ներկայությամբ հարվածել Մայր տաճարի դռներին։
  • Մայր տաճարի մոտ դեկտեմբերի 18-ի իրադարձությունները յուրատեսակ լակմուսի թուղթ էին, և որևէ խելացի իշխանություն դրանից եզրակացություններ կաներ։ Բայց Փաշինյանը դա չի անի, և միգուցե դելտեմբերի 28-ին կփսրձի որևէ կերպ մտնել Եկեղեցի։ Նպատակը եկեղեցին դիմազրկելն է, վերջին ազգային ինստիտուտի չեզոքացումը, բայց ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա կհանդուրժի։ Ի դեպ, ես չեմ բացառում, որ այդ օրը կլինի ուժայինների կոպիտ միջամտություն։
  • Այսօր լոգիստիկան ու էներգետիկան այլևս աշխարհաքաղաքականություն է, այսինքն՝ յուրաքանչյուր խաղացող լոգիստիկ ճանապարհներով ձգտում է տարածել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Թրամփն ասում է՝ ես դեմ չեմ, որ դուք լավ ապրեք, բայց այդ հարստացման աղբյուրները ես պետք է տնօրինեմ։ Նա դա ասում է Ուկրաինային, Աֆրիկյան երկրներին, բոլորին, հիմա էլ՝ մեզ։ Թրամփի ուղին դրա մասին է։ Աշխարհաքաղաքականություն է նաև TRIPP-ը։ Այն յուրատեսակ կամուրջ է դառնալու, որ Ադրբեջանի միջոցով զսպեն Չինաստանին, դուրս մղեն Ռուսաստանին։

  • Ի պատասխան Թրամփի 5+1 նախաձեռնության՝ Չինաստանը Ստամբուլում նախաձեռնեց Կենտրոնական Ասիայի 6 պետությունների երկրների ղեկավարների հանդիպում, ովքեր հուշագիր ստորագրեցին դեպի Եվրոպա ճանապարհ ունենալու մասին։
  • Տնտեսական առումով Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց երկաթգիծը մեզ ոչինչ չի տալիս։ Եթե տրանզիտից փող պիտի տան, դա լինելու է կոպեկներ։ Շահում է միայն Ադրբեջանը։ Անգամ «Ֆորբս» ամսագրում ազգությամբ թուրք հոդվածագրի կողմից հաշվարկ ներկայացվեց, որ այդ նախագծի իրականացման արդյունքում Թուրքիայի արտահանման ծավալներն ավելանալու են 310 %-ով, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքն ավելանալու է 2%-ով։ Շահելու են նաև միջինասիական երկրները։ Իսկ ի՞նչ էր ստանալու Հայաստանը․ ԵՄ-ն կխոստանար 2.5 միլիարդ եվրոյի աջակցություն։ Այսինքն՝ նրանք բոլորը գետնի վրա օգուտ կքաղեն, հայերը՝ միայն խոստում կստանան։
  • Թրամփի ուղու նպատակը Կենտրոնական Ասիայի երկրներին ԱՄՆ ազդեցության տակ պահելն է։
  • Պատկերացրեք՝ TRIPP-ը կա․ արդյո՞ք Սոթք-Խոզնավար հատվածից կամ Ջերմուկի սարերից ադրբեջանցիները դուրս են գալու։ Իհարկե ո՛չ։ Հետևաբար՝ ուզում ես ՝ ասա TRIPP, թե Զանգեզուրի միջանցք, դա մեր անվտանգության առումով մեզ ոչինչ չի տալու։ Մեր նպատակը պետք է լինի մեր աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական ներուժի, որ քո անվտանգությունը դառնա խոշոր խաղացողների շահերի համար անհրաժեշտություն։

  • Աստված մի արասցե, եթե Սյունիքը հայտնվի Ադրբեջանի ձեռքում, TRIPP-ը դադարելո՞ւ է գործել։ Իհարկե ո՛չ։ ԱՄՆ-ի համար տարբերություն չկա՝ ում վերահսկողության ներքո է Սյունիքը։
  • Ադրբեջանը Հայաստանին կապող ամենառացիոնալ ճանապարհը Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Ախուրյան-Ղարս հանգույցն է, ամենառեալ ապաշրջափակումը հենց այս Ղազախ-Իջևան երկաթգծով ընթացող ճանապարհն է։
  • ԵՄ-ն Հայաստանի իշխանությանն ասում է՝ ձեզ տալիս եմ 15 միլիոն եվրո՝ «հիբրիդային պատերազմներին դիմակայելու» անվան տակ, և թույլ եմ տալիս՝ ինչ ուզում եք՝ արեք 2026թ. ընտրություններում։ Սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։
  • Հիբրիդային պատերազմի գործիքակազմն Արևմուտքինն է։ Արևմուտքի պես այդ գործիքակազմը ոչ ոք չի օգտագործում։ Հիմա իրենք որոշում են՝ ովքեր են այն ներքին ուժերը, ովքեր կարող են խանգարել Փաշինյանին, ու նրան ասում են՝ անունը դիր հիբրիդային պատերազմ, ռուսամետ, և չեզոքացրու նրանց, ուժային ինչ միջոց ուզում ես՝ կիրառիր, մենք քեզ կաջակցենք, միայն թե վերընտրվես։
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը շատ ուղիղ Եվրոպային ասաց՝ դուք և մենք տարբեր ուղղություններով ենք գնում։ Դա շատերին դուր չեկավ, բայց դա է իրականությունը։ Սա նշանակում է՝ մեկը լինի, ձեզ փող տա։
  • Թող մեկնումեկը մի օրինակ բերի, որ Ռուսաստանն այստեղ հիբրիդային ազդեցություն ունի։ Մենակ չասեք՝ Եզրաս սրբազանին Պուտինը մեդալ տվեց։
  • Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ շրջանակներում Փաշինյանն առիթը բաց չի թողնում ևս մեկ անգամ քծնել Ալիևին՝ շնորհակալություն հայտնելով նրան ու Վրաստանին, որ թույլ են տվել իր տարածքով բեռ գա Հայաստան, մինչդեռ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը ԵԱՏՄ անդամներ չեն։

  • Ադրբեջանին Հայաստանով՝ Ախուրյանով, Կարսին միանալը ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաև Թուրքիային։ Եթե ուզում եք գործնականում Ախուրյան-Կարս երկաթգիծն աշխատի, Ֆիալետովոն պետք է միացվի Վանաձորին ու վերացվի Հաղարծնի հարևանությամբ տեղի ունեցած վթարը։ Եթե սա տեղի չի ունենում, լոգիստիկ առումով սահմանի երկայնքով Գյումրի-Կարս երկաթգծի արդիականացումը Գյումրին շատ մատչելի է դարձնում Թուրքիայի համար։
  • Թուրքական բանակը ուժեղ է, բայց ՆԱՏՕ-ով, հատկապես՝ ԱՄՆ աջակցությամբ։ Թուրքիայի ուժեղացումը չի բխում Իսրայելի երկարաժամկետ շահերից։ Սա կարող է միակ գործոնը լինել, որ ԱՄՆ-ին, ավելի ստույգ՝ Թրամփին, զսպի աջակցել Թուրքիային դեպի Արևելք ընդլայնվելու հարցում։
  • Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին չի մերժել, ընդամենն ասել է՝ ես չեմ որոշողը, իմ փոխարեն որոշող կա, գնացեք, իրեն հարցրեք։ 
  • Մեր մեջ ասած, չեմ հավատում, որ TRIPP-ն իրականություն է դառնալու։ ԱՄՆ-ում նախագահը լրջագույն ֆիգուր է․ այսօր նրան այդ նախագիծը պետք է, ո՞վ գիտի՝ հաջորդ նախագահին այն պետք կլինի՞, թե՞ ոչ։
  • Հայաստանը ժամանակին արևմտյան տարբեր սցենարներում որպես ջոկեր էր նշվում, բայց երբ դու նույնիսկ այդ առավելությունդ չես օգտագործում քո շահերն առաջ տանելու համար, ապա քեզ իրենց շահերի համար օգտագործում են այլք՝ կա՛մ հյուսիսում, կա՛մ արևմուտքում։ Հիմա արդեն նույնիսկ ջոկեր չէ Հայաստանը:
  • 2018թ․ տեղի ունեցածը 1997թ․ հոկտեմբերի 27-ի արդյունքում առաջացած պետականության ճգնաժամի չհաղթահարման արդյունք է։

  • Խաղաղություն մուրալով, փայփայելով, գուրգուրելով՝ խաղաղություն չի լինում, թույլի հետ ընկերություն չեն անում։ Խաղաղություն լինում է մի դեպքում, երբ կողմերն ուզում են գնալ խաղաղության, իսկ դրա համար պետք է ունենաս ուժ։ Խաղաղության ուրիշ բանաձև գոյություն չունի։ Աշխարհի բոլոր կետերում խաղաղություն լինում է, երբ կա բալանս։ Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ ընտրություններից անմիջապես հետո Ադրբեջանն իր քաղաքականությունը չի փոխելու Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս