Աջակցության գումարների ուշացման պատճառով արցախցիները չեն կարողանում կատարել տան վարձավճարումները. արցախցի

Արցախցիները, տունուտեղը կորցնելուց ու բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ, օրվա սնունդ հայթայթելու խնդիր ունեն: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ, դա դեռ քիչ չէ, ամեն ամիս էլ տան վարձավճարումները  կատարելու խնդրի առաջ են կանգնում: Արցախում ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով բռնի տեղահանված Էդուարդ Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընտանիքը միայն հոկտեմբերին ամբողջությամբ ստացել է արցախցիների համար նախատեսված 100.000-ական դրամները: Նոյեմբերի  համար նախատեսված 40+10 հազարական դրամները մինչև հիմա չեն կարողանում ստանալ, որպեսզի տան վարձը վճարեն:

«Այս խնդրի առջև միայն ես չեմ, որ կանգնել եմ: Իմ ծանոթների մեջ գրեթե մարդ չկա, որ ասի՝ ամբողջ ընտանիքը ստացել է գումարը: Ում հետ խոսում ենք՝ նույն հարցն է տալիս: Բայց այդ գումարն այդ ձևով տրամադրվելու դեպքում որևէ խնդիր չի լուծում: Արցախցիների բնակարանների վարձերն սկսվում են 200.000 դրամից: Դե պատկերացրեք: Հիմա այդ ընտանիքն ինչպե՞ս է վճարելու տան գումարը»,- վրդովված հարցնում է արցախցի մեր հայրենակիցը:

Ըստ Էդուարդ Հովսեփյանի՝ Կառավարության խոստացած գումարը տրվում է կա՛մ մեծ ուշացումներով, կա՛մ ընտանիքի միայն մի մասին: Մյուս անդամները ստիպված են լինում սպասել «տվյալների մշակման» ավարտին:

«Կոնկրետ հենց հիմա 3 հոգով կանգնած ենք: Միայն մեկի ընտանիքում կինն է ստացել գումարը, ո՛չ ինքը, ո՛չ երեխաները գումար չեն ստացել: Էդ գումարն այդպես քոռուփուչ կլինի՝ կգնա: Վաղն էլ ընտանիքը դրսում է մնալու: Հիմա էլ բազմաթիվ ընտանիքներ կան, որ տանտերերն ամեն օր ասում են՝ բա այսքան ո՞նց կլինի ուշացնել տան վարձը: Այս պահին տնից դուրս եկած ընտանիքներ, բարեբախտաբար, չկան, բայց նրանք արդեն իսկ կանգնած են բնակարանից զրկվելու վտանգի առաջ»,- ասաց Էդուարդ Հովսեփյանը:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված գումարը Կառավարությունը պետք է փոխանցած լիներ դեռևս անցած ամսվա 25-ին: Մի քանի օրից արդեն դեկտեմբերի գումարը ստանալու օրն է, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն կարողանում պատասխանել, թե ինչն է ուշացումների պատճառը:

«Զանգում ենք թեժ գիծ, հարցնում ենք՝ բա ինչո՞ւ է ուշանում գումարը, տան վարձ ունենք մուծելու, սնունդի հարցեր կան… շատ մարդիկ դեռ չեն կարողացել նորմալ աշխատանք գտնել, որ ի վիճակի լինեն այդ բոլոր վճարումները կատարել, նախարարության թեժ գծից ասում են՝ «ձեր հարցերին չենք կարող պատասխանել»… ծրագիր չունեն… չգիտեն ուշացման պատճառները: Հարցնում են՝ դիմումը լրացրե՞լ եք, ասում ենք՝ հա, ասում են՝ դե սպասեք, կտան: Բայց թե ինչքան ժամանակից ու երբ կտան՝ չեն կարողանում պատասխանել: Արդեն կես ամսից ավելի սպասում ենք այդ գումարներին: Խորհուրդ են տալիս կապվել միգրացիոն ծառայության հետ, իրենցից ճշտել: Բա եթե նախարարությունում չգիտեն, էնտեղ ո՞նց են իմանալու»,- ասաց արցախցի Էդուարդ Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ էլ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ կեցավայրերում: Իսկ ընտանիքները, որոնք քիչ թե շատ բարվոք վիճակում են բնակվում, բնակարանի համար ստիպված են աստղաբաշխական գումարներ վճարել:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս