Զորակոչիկային և պրոֆեսիոնալ բանակների փիլիսոփայությունները
Զորակոչիկայի՞ն, թե՞ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցին պատասխանելու համար բավական չէ թռուցիկ ծանոթությունը «զարգացած երկրների» փորձին, ոչ էլ՝ բարի ցանկություններ ունենալը: Իրական պատասխանին մոտենալու (հենց միայն մոտենալու) համար պետք է ունենալ երկու բաղադրիչ՝ հարցի հայեցակարգային լայն իմաստավորում և մասնագիտական փորձագիտություն: Ընդ որում, երկուսն էլ պարտադիր են. առանց մասնագիտականի՝ լավագույն իսկ հայեցակարգը կարող է մնալ զուտ գրքային տեսություն, իսկ առանց հայեցակարգայինի՝ լավագույն իսկ մասնագիտականն անարդյունավետ է: Մասնագիտականը թողնելով մասնագետներին և չունենալով փոքր նյութով հայեցակարգայինի լիարժեք ներկայացման հավակնություն՝ փորձենք, այդուհանդերձ, դրա որոշ հայեցակարգային ուղենիշները տալ:
Երբ ասում ենք՝ հայեցակարգային, չպետք է պատկերացնել, թե դա նշանակում է՝ իդեալիստական տեսություն՝ ինչպես պետք է լինի իդեալում այսինչ բանը՝ ըստ հեղինակի սրբասուրբ կարծիքի: Հայեցակարգայինը նշանակում է՝ ոչ թե սեփական իդեալների շարադրում, այլ գիտական, այսինքն՝ փորձի և տրամաբանության վրա հիմնված մոտեցում: Եթե որևէ մեկն ուզում է իրապես հիմնավորված խոսել զինված ուժերին վերաբերող առանցքային թեմաների մասին, նա պարտավոր է պատկերացում ունենալ պատմական զարգացումից:
Ժամանակակից զորակոչիկային բանակի արմատներն անմիջապես կապված են Ֆրանսիական հեղափոխության հետ: Մինչհեղափոխական՝ 17-18-րդ դդ. Եվրոպայում՝ բացարձակ միապետության, իսկ արվեստում բարոկի տիրապետության շրջանում բանակները պրոֆեսիոնալ էին: Պատերազմները վարում էին թագավորներն ու բանակները: Ժողովրդական լայն զանգվածներն այդ պատերազմներին չէին մասնակցում: Եթե հակառակորդի բանակը գրավում էր այսինչ երկրամասը, ոչ միայն բնակչությունը, այլև տեղական իշխանությունը մնում էր իր տեղում՝ շարունակելով կատարել իր վարչական պարտականությունները: Բանակների մատակարարումը կենտրոնացված-պետական էր, այդու՝ գրավված տարածքի բնակչությանը պարտավոր չէր նույնիսկ կերակրել հակառակորդին: Համապատասխանաբար, բացի թագավորից և բանակներից, ոչ ոք ազդեցություն չուներ նաև պատերազմի սկզբի ու ավարտի որոշումների վրա: Հաշտությունները կնքվում էին, և պատերազմները սկսվում էին, երբ թագավորները որոշում էին, որ եկել է դրանց ժամանակը, և ոչ մի հանրային կարծիք չէր կարող ազդել դրա վրա:
Համապատասխան միտումներն էին գերակայում նաև ռազմական տեսության մեջ: Ռազմական տեսաբանները զարգացնում էին հնարավորինս անարյուն, առանց խոշոր ճակատամարտերի հաղթանակների մասին տեսություններ: Ռազմարվեստի իդեալը համարվում էր ոչ թե կռիվն ու բախումը, այլ բարդ մանևրները, ոչ թե հակառակորդի բանակների ջախջախումը, այլ մատակարարման գծերի, ընդհանրապես՝ թիկունքի դեմ գործողությունները, և այլն: Իհարկե, իրականությունն այդքան վարդագույն չէր, և 17-18-րդ դդ.-ն նույնքան արյունոտ պատերազմների շրջան է, որքան աշխարհի պատմության ցանկացած մյուս դար: Բայց իրական հիմքեր և գործնական դրսևորումներ նման տեսություններն անշուշտ ունեին: Մի ռազմական համակարգ, ուր բախվում են միմյանց հետ պրոֆեսիոնալ բանակները, ուր հանրային կարծիքը նվազագույն ազդեցություն ունի պատերազմի և խաղաղության կնքման հարցերի վրա, և ուր կենտրոնացված մատակարարման պայմաններում բանակներն իրոք գերկախված էին այդ մատակարարումից, իրոք պատերազմական տարերքը զգալիորեն մեղմացված էր, իսկ դարի լավագույն զորավար Ֆրիդրիխ Մեծի արշավանքները՝ իրենց բարդ, արագ ու անսպասելի տեղաշարժերով, մի քանի հակառակորդի դեմ միաժամանակ կռվով, իրոք, որ բարոկ արվեստի լավագույն նմուշներից կարելի է համարել:
Ֆրանսիական հեղափոխությունը վերջ դրեց այս հովվերգությանը: Ինչպես հայտնի է՝ հեղափոխական Ֆրանսիայի դեմ պատերազմ սկսեցին եվրոպական մեծ տերությունները: Ֆրանսիական նախկին թագավորական բանակը չէր կարող հուսալի գործիք լինել այս պատերազմում: Հեղափոխությունը կամ պետք է պարտվեր, կամ պետք է գտներ դիմադրության իր համակարգը: Հեղափոխության պատասխանն էր՝ ժողովրդական բանակը: Սա հետագայի զորակոչիկային բանակի նախատիպն է: 1798-ի օրենքով առաջին անգամ նոր եվրոպական պատմության մեջ հռչակվեց զորակոչի սկզբունքը:
Ի՞նչը կարող էր ավելի բնական լինել հեղափոխության համար, քան կռվելով բացարձակ միապետությունների դաշինքի դեմ՝ հենվել զինված ժողովրդի վրա. ժողովրդական կառավարություն-ժողովրդական բանակ: Ֆրանսիական հեղափոխության կռիվներով ժողովուրդները նորից դարձան պատերազմների գործող անձեր: Հենց ժողովրդական բանակի սկզբունքն էր ընկած Նապոլեոնյան փայլուն հաղթանակների հիմքում: Միայն Նապոլեոնի բնատուր հանճարը բավարար չէր. այն պետք է ունենար իր մասշտաբին համապատասխան գործիք:
Ֆրանսիական հեղափոխական ժողովրդական բանակի սկզբունքը կարճագույն ժամկետում հեղափոխեց ռազմական գործը: Նախ, հնարավոր եղավ այնպիսի մեծաքանակ զանգվածներ կուտակել ռազմի դաշտում, որպիսին պրոֆեսիոնալ բանակը հավաքել երբեք չէր կարող: Երկրորդ, հեղափոխական ոգին, ժողովրդական բանակի բնական ատելությունն իր դեմ կռվող ազնվականության նկատմամբ, գյուղացի զինվորի բնական դիմացկունությունը և ժուժկալությունը պրոֆեսիոնալի ծախսատարության համեմատ՝ հնարավոր դարձրեցին վճռական գործողությունների ռազմավարությունը, որով Նապոլեոնը հաղթում էր իր թշնամիներին:
Փոխվեց ռազմական գործի ամբողջ փիլիսոփայությունը: Բարոկ ոճի խուճուճ մանևրների փոխարեն՝ նորաձև դարձավ խոսել արագ, հուժկու հարվածների, ուժերի կենտրոնացման, վճռական ճակատամարտերի, մինչև վերջ պայքարի մասին, որոնց միջոցով հաղթում էր Նապոլեոնն ու իր ժողովրդական-հեղափոխական բանակը:
Սրան ոչինչ չունեին հակադրելու միապետական պրոֆեսիոնալ բանակները: Առաջին լուրջ դիմադրությունը, որը Նապոլեոնը չկարողացավ հաղթահարել, Իսպանիայում էր, և այդ դիմադրությունը ոչ թե իսպանական թագավորական զորքինն էր, այլ ժողովրդական պարտիզանական գերիլիան էր (իսպ.՝ guerrilla, guerra՝ պատերազմ բառից): Այս փաստը նույնպես մեծ տպավորություն թողեց ժամանակակիցների վրա, որոնց պատկերացմամբ՝ ժողովրդական դիմադրությունների դարը վաղուց անցել էր և, համենայն դեպս, քաղաքակիրթ Եվրոպային չէր վերաբերում: Իսպանական ժողովրդական դիմադրությունն օրինակ դարձավ ռուսների համար, որոնք 1812-ին կազմակերպեցին պարտիզանական գործողություններ Նապոլեոնի դեմ: Նույն օրինակով Պրուսիայում ստեղծվեցին ժողովրդական զորամիավորներ՝ լանդշթուրմը (աշխարհազոր) ու լանդվերը (երկրապահ):
Չնայած Նապոլեոնը, ի վերջո, պարտվեց, բայց նրա գլխավորած ժողովրդական բանակի հեղափոխությունը ռազմական գործում ոչ միայն պահպանվեց, այլև ընդունվեց և զարգացվեց՝ որպես ռազմական գործ և ռազմական կազմակերպման հիմք ամբողջ Եվրոպայում: Մայրցամաքային Եվրոպան ցնցված էր ռազմական այս հեղափոխությամբ, և պատահական չէ, որ ֆորմալ հաղթողները՝ ռուսները, գերմանացիները, իրենց նոր ռազմավարությունները կառուցում էին ֆորմալ պարտվողի՝ ֆրանսիական հեղափոխական զորքի օրինակով: Եթե նրանց հաղթանակը պայմանավորված լիներ իրենց իրական ռազմական և քաղաքական առավելությամբ, նրանք, բնականաբար, դա չէին անի:
Հետնապոլեոնյան Եվրոպայում ժողովրդական բանակի սկզբունքը դառնում է եվրոպական բանակների փուլ առ փուլ վերափոխման հիմք՝ օրինակ ունենալով ֆրանսիական հեղափոխական և իսպանական ժողովրդական պատերազմները: Այդ փոփոխությունների վերջնարդյունքը մեզ հայտնի զորակոչիկային բանակների ստեղծումն է: Այս ճանապարհով անցնում են սկզբում՝ գերմանացիները, ապա՝ ռուսները, ամենավերջում՝ անգլիացիները (Նապոլեոնի իրական հաղթողները, բնականաբար, ամենավերջինն են հաշտվում նոր իրականության հետ): Բայց ի՞նչ էր նշանակում ռազմական գործի այս փոփոխությունն ավելի լայն հանրային շրջարկում:
Հնարավոր չէ պարզապես փոփոխել ռազմական կազմակերպությունը՝ առանց ազդելու հասարակարգի վրա: Եվրոպական միապետությունները շատ էին զգուշանում ժողովրդական բանակի սկզբունքից, որովհետև դա անմիջապես կապված էր ժողովրդական իշխանության, հեղափոխության սկզբունքի հետ, բայց նրանք ստիպված էին քայլ առ քայլ իրացնել ռազմական բարեփոխումները, քանզի հին ձևերով կռվելն այլևս հնարավոր չէր այն բանից հետո, երբ բացահայտվեցին պատերազմի նապոլեոնյան սկզբունքները: Եվ պարտված ֆրանսիական հեղափոխությունը սև դռնից մուտք էր գործում իրեն հաղթած եվրոպական միապետություններ՝ փոխելով ոչ միայն ռազմական, այլև հանրային հարաբերություններն ընդհանրապես: Կարելի է նույնիսկ ասել, որ հենց այդ ճանապարհով հեղափոխական սկզբունքները մեծապես տարածվեցին Եվրոպայով մեկ: Զինված ժողովուրդն ուշ թե շուտ վերածվում է իշխանություն կամ գոնե իշխանության մաս պահանջող ժողովրդի, հանրային կարգի սուբյեկտի:
19-20-րդ դարի պատերազմներն այլևս ժողովրդական բանակների պատերազմներ էին դառնում դրանից բխող հետևանքներով: Այսպես՝ պատերազմ սկսելը և հաշտություն կնքելն այլևս դառնում են հանրային քննարկումների թեմա, ռազմական քարոզչությունը մեծ դեր է ստանում, քանի որ մի բան է՝ թշնամու դեմ մոբիլիզացնել պրոֆեսիոնալ բանակը, այլ բան՝ ժողովրդական զանգվածները: Բնակչության ավելի ու ավելի լայն խավերի, այդ թվում՝ կանանց ներգրավումը պատերազմի հետ կապված թիկունքային աշխատանքների մեջ հանգեցնում է իրավունքների ընդլայնմանը, ընդհուպ՝ մինչև համընդհանուր ընտրական իրավունքի հաստատում՝ հատկապես Առաջին համաշխարհայինից հետո: Նույնը վերաբերում է բանվորների սոցիալական պաշտպանությանը, և այլն: Ժողովրդական բանակի սկզբունքը հեղաշրջեց Եվրոպան և աշխարհը՝ ազդելով հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:
Այլ բան է, որ Երկրորդ համաշխարհայինից հետո իրավիճակը նորից փոխվում է, և միտումը դառնում է նոր անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակ և հրաժարումը զորակոչիկայինից: Մենք այստեղ չենք կարող խորանալ այս խնդրի մանրամասների մեջ: Ասենք միայն, որ բուն փաստը՝ անցումը պրոֆեսիոնալ բանակի համակարգի, եվրոպական, ապա և՝ աշխարհի բանակների մեծամասնությունում հատկապես վերջին մեկ-երկու տասնամյակի ընթացքում չի կարող վերացնել սկզբունքը՝ ժողովրդական բանակը՝ ժողովրդական ինքնիշխանության, նաև՝ հեղափոխության, իսկ պրոֆեսիոնալ բանակը՝ «միապետության»՝ բյուրոկրատական ապարատի և/կամ էլիտաների, նաև՝ պահպանողականության գերիշխանության արտացոլումն ու մարմնավորումն է: Մեր վերհանած սկզբունքը մենք ցույց տվեցինք եվրոպական պատմության օրինակով Ֆրանսիական հեղափոխությունից հետո, բայց կարող էինք դա անել շատ ավելի լայն պատմական ընդգրկմամբ՝ սկսած դեռ հին Հռոմից: Եզրակացությունը մնալու էր նույնը՝ ինքնիշխան են զինված ժողովուրդները:
Վերջում ճշտենք միայն, որ զինված ժողովրդի կամ ժողովրդական բանակի սկզբունքը չի նույնանում զորակոչիկային բանակի հետ: Վերջինս այդ սկզբունքի պատմական դրսևորումներից է միայն, և կարող են լինել այլ դրսևորումներ ևս: Օրինակ, ԱՄՆ-ում, ուր ավանդապես առկա է պրոֆեսիոնալ բանակ (զորակոչը կիրառվել է միայն մեծ պատերազմների ժամանակ), այդ փաստը հավասարակշռվում է զենք կրելու իրավունքով, որը զինված ժողովրդի սկզբունքի դրսևորումներից մեկն է: