«Զարմանալի կլինի, որ աղբամանից վատ հոտ չգա. այնտեղից չի կարող վարդի մուրաբայի հոտ գալ». ՀՈԱԿ փոխտնօրեն
Աբովյան քաղաքում աղբահանության հարցը եղել և դեռևս մնում է խնդրահարույց ու այդպես էլ չլուծված բնակիչների համար։ Աղբով լեցուն աղբարկղերը դարձել են քաղաքի համայնապատկերի անբաժան մասը։ Բնակիչները պնդում են, որ աշխատանքները կատարվում են թերի, և այդ պատճառով աղտոտված են մնում քաղաքի թե՛ բանուկ, թե՛ կենտրոնական հատվածները։
Անի Բալյանը բնակվում է Աբովյանի կենտրոնական փողոցներից մեկի հինգ հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Իրենց բակում տեղադրված են 4 մեծ աղբարկղեր։ «Մեր աղբամաններ բավականին արագ են լցվում, հատկապես ամռան ամիսներին։ Արևի տակ ժամերով մնալով՝ էդ աղբը տհաճ հոտ է առաջացնում։ Լավ կլինի, որ ավելի հետևողական լինեն աղբահանության խնդրին։ Եվ մեկ-մեկ էլ ախտահանեն աղբամանները, թե չէ՝ էդ հոտը հասնում է մինչև մեր հարկերը»։
Նույն խնդիրն է քաղաքի Էլլար թաղամասում։ Թաղամասի բնակչուհի Էլյա Սիմոնյանը փաստում է, որ իրենց մոտ աղբահանությունը շատ վատ է իրականացվում․ «Աղբահանությունն իրականացվում է շաբաթը երկու անգամ ու ոչ ֆիքսված ժամային գրաֆիկով։ Կուտակված աղբի պատճառով տհաճ հոտ է տարածվում, անընդհատ շուրջը շներ ու կատուներ են հավաքվում, էդ աղբը ցիրուցան անում։ Բոլորս գիտենք, որ այս ամենը կարող է հանդիսանալ տարբեր վարակիչ հիվանդությունների աղբյուր»։
Աբովյան քաղաքի և Աբովյան համայնքի մեջ մտնող 10 բնակավայրերի՝ Առինջի, Արամուսի, Բալահովիտի, Գեղաշենի, Գետարգելի,Կաթնաղբյուրի, Կամարիսի, Մայակովսկիի, Պտղնիի և Վերին Պտղնիի աղբահանությունն իրականացնում է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը։
Ըստ ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Սիմոնյանի՝ կախված աղբի հավաքման ինտենսիվությունից, տարածքների մի մասում իրենք աղբահանությունն իրականացնում են օրվա մեջ երկու անգամ, մի մասում՝ երկու օրը մեկ․
«Զարմանալի կլինի, որ աղբամանից վատ հոտ չգա, այնտեղից չի կարող վարդի մուրաբայի հոտ գալ։ Բայց այն, որ աղբահանություն չի իրականացվում կամ լավ չի իրականացվում, սուտ է։ Աղբահանությունն իրականացվում է հատուկ սահմանված գրաֆիկով, երբեմն լինում են ընդհատումներ՝ կախված աղբատար մեքենաների անսարքության հետ, բայց այդ խնդիրներին սուղ ժամանակում տալիս ենք լուծում, և իրականացվում է աղբահանությունը։ Իհարկե, մենք մշակում ենք տարբեր նախագծեր, որպեսզի այս պատճառով չլինեն աղբահանության ուշացումներ»։
Ա․Սիմոնյանի խոսքով՝ Մայակովսկի, Կաթնաղբյուր, Գեղաշեն, Կամարիս գյուղերում և Աբովյանի Էլլար թաղամասում աղբահանությունն իրականացվում է շաբաթը երկու անգամ, քանի որ նշված տեղերում չկան տեղադրված աղբամաններ, փողոցները նեղ են, և աղբահանությունն իրականացվում է ահազանգերով։ Շաբաթը երկու անգամ աղբատար մեքնեա է ուղարկվում, որը ձայնային ազդանշանով տեղեկացնում է մարդկանց, որ բերեն աղբը, ՀՈԱԿ-ի աշխատակիցներն էլ հավաքված աղբը տեղափոխում են աղբատար մեքենայի մեջ։
– Պարոն Սիմոնյան, արդյո՞ք աղբահանության ողջ պատասխանատվությունը կրում է միայն քաղաքապետարանը, թե՞ կան պատասխանատու այլ անձինք, ովքեր տեղում վերահսկում են աղբահանության աշխատանքները։
– Իհարկե, կան պատասխանատուներ՝ տրանսպորտի և աղբահանության բաժնի պետը, աղբահանության գլխավոր և առաջատար մասնագետները, ովքեր շրջայցերով հսկում են աղբահանության աշխատանքները, թե որ տարածքում ինչպես է իրականացվել աղբահանությունը, իսկ եթե դեռ չի իրականացվել, ճշտում են պատճառները և հետևողական լինում, որ աշխատանքները կատարվեն ժամանակին և հավուր պատշաճի։ Սակայն չունենք պատասխանատուներ, ովքեր հենց տեղում կվերահսկեին աղբահանության աշխատանքները, քանի որ այն իրականացվում է ավելի քան 20 աղբատար մեքենաներով, և այդքանը վերահսկելն անհնարին է։
– Այսինքն՝ այս պահին աղբատար մեքենաների տեղաշարժը և գտնվելու վայրը որևէ կերպ չի՞ վերահսկվում։
– Աղբատար մեքենաների վրա ունենք տեղադրված GPS արբանյակային համակարգ, որի օգնությամբ առայժմ վերահսկում ենք մեքենաների տեղաշարժի, կատարած վազքի, վառելիքի լիցքավորման և ծախսի աշխատանքները։ Կան ծրագրեր՝ քաղաքում առկա աղբամանների վրա տեղադրել հատուկ կրիչներ, որի օգնությամբ ավելի հեշտ կդառնան աղբահանության աշխատանքները։ Կրիչներն աղբի որոշակի քանակի դեպքում ազդանշան կարձակեն, և մենք տվյալ տարածքներ կուղարկենք մեքենաներ։ Այս տարբերակով ավելի արդյունավետ կիրականացվեն աշխատանքները, և շրջայցեր կատարելու կարիք չի լինի, միայն անհրաժեշտ կլինի օնլայն տարբերակով վերահսկել։ Սակայն ցավով եմ նշում, բայց սա մենք չենք կարող իրականացնել, քանի որ ներդրվել է նոր համակարգ, և աղբահանության աշխատանքներն իրականացնելու է այլ ՍՊԸ։ Մենք, իհարկե, այս առաջարկը կանենք, բայց ոչնչով չեմ կարող երաշխավորել՝ կիրականացվի՞ այն, թե՞ ոչ։
Հ.Գ. Թե ե՞րբ իրականություն կդառնա աղբահանության նոր ներդրվող համակարգը և կիրականացվե՞ն արդյոք աղբամանների հետ կապված գերժամանակակից ծրագրերը, ապագայի հարց է՝ առանց որևէ հստակության։ Իսկ փաստը մնում է այն, որ Աբովյանն աղբահեռացման խնդիր ունի և այդ խնդիրը լուծում չի ստանում այսօր։ Աբովյանցիների ցանկությունն աղբամաններից «վարդի մուրաբայի բույր առնելը» չէ, այլ «բուրավետության» և դրա հարուցիչ աղբի բացակայությունը։
Էլիտա Ստեփանյան