
ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը. նրան ընդունել է փոխվարչապետ Գրիգորյանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտել է վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը: