Սափրված մորուքի ու ֆեյսբուքյան էջի փոխված ետնանկարի ստվերում մնացին ԲԴԽ, ՊԵԿ, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների նախագահները, ՆԳ ու Տարածքային կառավարման նախարարները․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական սխոդկա՝ սափրվելու եւ ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում

Նիկոլ Փաշինյանը սափրվել է, գնացել Իջեւան, մատաղ արել, ուշ գիշերին առանցքային 6 մարմինների ղեկավարների SMS- ով ազատել աշխատանքից, փոխել ֆեյսբուքյան էջի լուսանկարն ու մեկնել Պապի հետ հանդիպման․ վերջին օրերի լրահոսը մեկ տողով։

Սափրված մորուքի ու ֆեյսբուքյան էջի փոխված ետնանկարի ստվերում մնացին ԲԴԽ, ՊԵԿ, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների նախագահները, ՆԳ ու Տարածքային կառավարման նախարարները․ մարդիկ, որոնց ոչ նշանակման մասին հանրությանը բացատրություն տրվեց, ոչ էլ պաշտոնանկությունների։

Այն, որ վերջիններս աշխատանքից հեռացվել են SMS հաղորդագրություններով, լավագույնս նկարագրում է Նիկոլ Փաշինյանին. յուրաքանչյուրը, ով կհամաձայնվի ստանձնել թափուր մնացած այս պաշտոններից որեւէ մեկը պետք է պատրաստ լինի նվաստացման եւ ստորացման այս ճակատագրին, երբ իշխանության պահպանության համար տարատեսակ ապօրինությունների գնալու ու անմնացորդ ծառայություններ մատուցելու դեպքում անգամ Փաշինյանը հարկ չի համարի հրաժեշտ տալ՝ սեղմելով ձեր ձեռքը։

Քաղաքական սխոդկայի որոշումների անարժանապատիվ ծանուցումները դեռ մի կողմ, հիմա հասկանանք․ ովքեր են ազատվել աշխատանքից եւ արդյոք նրանց աշխատանքին ուղիղ միջամտելու իրավունք ուներ Փաշինյանը:

ԲԴԽ- ԲԴԽ նախագահ Կարեն Ադրեսայանը, ով ուղիղ 40 օր առաջ, հայտարարում էր, որ «իր պաշտոնավարումը որեւէ առնչություն չունի Կառավարության որեւէ անդամի/Գրիգոր Մինասյանի այս դեպքում/ պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացի հետ» եւ որ «որեւէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու ու շարունակելու է պաշտոնավարել իր սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027թ․ հոկտեմբերի 6-ը»-ը, նոյեմբերի 17-ի ուշ գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից SMS ստանալուց հետո լույս 18-ին հայտարարում է իր հեռանալու մասին։

Խոսքը ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՄԱՐՄՆԻ մասին է, որը ՊԵՏՔ Է երաշխավորի դատարանների եւ դատավորների անկախությունը։ Անդրեասյանն հրաժարականի իր տեքստում ասում է, թե «առեւույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառների մասին չի ուզում բարձաձայնել», այսքանը։ Իսկ պարզ է մի բան․ դատաիրավական համակարգ գոյություն չունի! Սրան մասին բազմիցս է բարձրաձայնել ընդդիմությունը, իսկ Անդրեասյանն իր հրաժարականով դա փաստեց. սահմանադրական անկախ մարմնի նախագահը իշխանության կամակատարն է եղել․ արել է այն, ինչ հրահանգել են SMS-ով, այնպես, ինչպես վերջում հրաժարականի դիմում գրելու հրաման ստացավ:

Հակակոռուպցիոն կոմիտե- Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 5-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կոմիտեի գործունեությունը հիմնվում է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

Կոմիտեի անկախության մասին մի ամբողջ հոդված կա․ հոդված 5․ Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաեւ իր կառուցվածքին , աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս ԱՆԿԱԽ է եւ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ եւ օրենքներին:
Ավելին, կոմիտեի նախագահների թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ: 18-րդ հոդվածում միայն 10 կետով սահմանվում է, թե ինչպես է ձեւավորվում Խորհուրդը, որն էլ թեկնածուներից պետք է ընտրի կոմիտեի ղեկավար, վերջինս անցնում է մի քանի փուլեր՝ փաստաթղթերի ուսումնասիրության, բարեվարքության ստուգման եւ հարցազրույցի փուլ։

Գրեթե նույնաբովանդակ երաշխիքներ եւ անկախություն է սահմանված նաեւ ՔԿ նախագահի համար՝ Քննչական կոմիտեի մասին օրենքով:

Չծանրաբեռնելով սակայն ձեզ, արձանագրենք մի պարզ փաստ, սրանք օրենքներն են, իսկ Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում» ուժային, իրավապահ համակարգի ղեկավարները, նախարարները, «սահմանադրական անկախ մարմինների» նախագահները նշանակվում են, երբ համաձայնվում են կատարել քաղաքական պատվերներ եւ լո՜ւռ հեռանում (SMS ծանուցմամբ), երբ այլեւս չեն բավարարում Փաշինյանի քաղաքական ախորժակը…»

Տեսանյութեր

Լրահոս