Բաժիններ՝

Կրթության և գիտության նախարարության նոր աշխատաոճի անհրաժեշտությունը

Հետհեղափոխական շրջանում կրթության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը Կրթության և գիտության նախարարության հեղինակության բարձրացումն է։ Երկար տարիներ հանրությունը ԿԳ նախարարությունը կոչում էր «ընդունելության քննությունների նախարարություն», քանի որ տարվա մեջ 6 ամիս նախարարության ջանքերն ուղղորդվում էին ընդունելության քննությունների նախապատրաստմանը, անցկացմանը և հետքննական բողոքներին արձագանքելուն։

Վերջին 20 տարիներից 13-ը ԿԳ նախարարությունը ղեկավարել են կոալիցիոն «կրտսեր գործընկերները»՝ ՀՅԴ, «Օրինաց Երկիր», անկուսակցական նախարար Էդուարդ Ղազարյան,  ինչը նախարարներին հնարավորություն չի տվել ապահովելու նախարարության ազդեցիկ դիրքը։ Նույնիսկ հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի կառավարման տարիներին մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը շատ ավելի ազդեցիկ են եղել կրթության ոլորտում, քան ԿԳ նախարարությունը։ Այլ կերպ ասած, ԿԳ նախարարությունը հիմնականում եղել է քաղաքական փոքրամասնության ներկայացուցչի կողմից կառավարվող նախարարություն։

Մյուս խնդիրն այն է, որ վերջին 20 տարիներից 18-ը ԿԳ նախարարությունը ղեկավարել են կուսակցական նախարարներ։ Բացի Արմեն Աշոտյանից, մնացած նախարարները կառավարել են առավելագույնը 2-3 տարի, ինչը նշանակում է, որ բավական հաճախ նախարարությունում եղել են կադրային վերադասավորումներ, ինչի արդյունքում նախարարությունում ձևավորվել են ՕԵԿ-ականների, դաշնակցականների, հանրապետականների, չեզոքների թիմեր։

Ներկա փուլում, երբ նախարար Արայիկ Հարությունյանն ունի բարձր վարկանիշ և չունի որևէ խնդիր վարչապետի հետ, կա բացառիկ հնարավորություն միավորելու մարդկանց, բարձրացնելու նախարարության դերն ու հեղինակությունը։ Որպեսզի դա տեղի ունենա՝ անհրաժեշտ է նախարարության աշխատաոճի փոփոխություն։

Որպես կանոն՝ նախարարությունը այս տարիներին մշակել է հայեցակարգեր, ռազմավարություններ, գործողությունների ժամանակացույցեր։ Անցկացվել են այդ փաստաթղթերի քննարկումներ, որոնց մասնակցել է մի քանի մարդ, որից հետո դրանք լավ կամ վատ բովանդակությամբ հաստատվել են։ Նախարարությունն ակնկալել է, որ ոլորտում աշխատող մարդիկ՝ ուսուցիչներ, դասախոսներ, տնօրեններ և ռեկտորներ, կկարդան այդ փաստաթղթերը և կլծվեն փոփոխությունների գործին։

Արմատացած է եղել այն հնացած մոտեցումը, որ կիրթ մարդիկ կարդում են նախարարության կողմից ընդունված փաստաթղթերը, նրանց մոտ առաջանում են համաձայնողական էմոցիաներ, մտքեր, որոնք էլ նրանց մղում են փոփոխությունների։ Բայց բարդ համակարգերում փոփոխություններն այդպես չեն ընթանում։ Չեն հաշվարկվել պարզ քայլեր։

Օրինակ՝ իսկ ի՞նչ պետք է անենք, եթե ուսուցիչները չկարդան կրթական չափորոշիչները, կամ  դասախոսները համաձայն չլինեն Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների հետ։ Ի սկզբանե ենթադրվել է, որ մարդիկ կկարդան, կհամաձայնեն ու կիրականացնեն։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ուսուցիչների և դասախոսների ճնշող մեծամասնությունն անտեղյակ է կամ էլ համաձայն չէ բարեփոխումներին և առաջարկում է վերադառնալ հին համակարգին։ Այլ կերպ ասած, այս տարիներին նախարարությունը տարածել է բարեփոխումները և աղոթել ու սպասել է, որ դրանք կհաջողեն (անգլերեն՝ spray and pray)։

Ներկա փուլում ԿԳ նախարարությունը պետք է գործադրի կառավարման մասնակցային, դիմացինի տեսանկյունը ճանաչելու, հասկանալու մոտեցումը։ Սա ենթադրում է, որ նախարարությունը պետք է ակտիվորեն մասնակցի ուսումնական հաստատություններում, տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին։

Այդ մասնակցության գործընթացում նախարարությունը պետք է ոչ թե մարդկանց պարտադրի իր մոտեցումները, այլ փորձի «որսալ» մարդկանց կողմից հնչեցվող արժեքավոր առաջարկները, դրանց շուրջ ծավալի տարաբնույթ քննարկումներ, պետք է ճանաչի և հասկանա մանկավարժների, աշակերտների կառավարիչների խնդիրները։ Կրթության ոլորտում մենք կառավարում ենք մարդկանց, ոչ թե անշունչ առարկաներ կամ հումք։ Եթե համակարգում աշխատող մարդիկ չեն ընդունում ձեր բարեփոխումները, ապա դուք պարտավոր եք հաշվի առնել այդ իրողությունը։

Կամ պետք է համոզեք մարդկանց, կամ պետք է վերանայեք ձեր մոտեցումները, կամ էլ պետք է հրաժարական տաք։ Կրթության ոլորտն արձագանքող համակարգ է։ Սա նշանակում է, որ նախարարության ցանկացած քայլ կարող է ընդունվել, չընդունվել կամ անտեսվել մարդկանց կողմից։ Նախարարությունը պետք է ունենա հստակ քայլեր, թե ինչ է անելու նշված երեք դիրքորոշումներից յուրաքանչյուրի հետ։

Մինչև հիմա ուշադրության չեն արժանացել այն մարդիկ, ովքեր չեն ընդունել բարեփոխումները կամ անտարբեր են եղել դրանց հանդեպ։ Մեզ հետաքրքրել է բարեփոխումների արագությունը։ Հայաստանի կրթական բարեփոխումներն իրականացվել են սպրինտի տրամաբանությամբ։ 3 ամսում մշակել Կրթության զարգացման պետական ծրագիր, 6 ամսում մշակել Կրթակարգ, 1 ամսում վարչապետին ներկայացնել ռազմավարություն։ Այսպիսի շտապողականությունը բերում է նրան, որ ամեն ինչ մնում է մակերեսի վրա։ Մարդիկ չեն հասցնում մտածել, հասկանալ, վերլուծել, բանավիճել, դիրքորոշում ունենալ։

Չյուրացված տեղեկատվությունը ստեղծում է անիմաստ տեղեկատվական աղմուկ, բարեփոխումների պատրանք, անարդյունք դրայվ, չհիմնավորված լավատեսական սպասումներ։ Ու վերջում լինում է՝ ինչպես միշտ. ինչքան շատ ես բարեփոխում, այնքան ամեն ինչ մնում է նույնը։

Այս գործընթացում նախարարությունը պետք է պահպանի մի կարևոր կանոն։ Համակարգի մարդկանց հետ նախարարությունը չպետք է խոսի ճշմարտության և իմաստության միակ աղբյուրի դիրքից։ Այդ դեպքում բոլոր հանրային քննարկումները կկրեն դեկորատիվ բնույթ, ու ոչինչ չի փոխվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս