«Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել». Վահե Էնֆիաջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է ապրիլի 25-ին սպասվող բանակցությունների արդյունքին՝ իր քաղաքական թիմի ներսում հետագա քննարկումներ ծավալելու համար: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մեր պետականության անսասանությունն է առաջնահերթ, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:
Ինչ վերաբերում է շարժմանը միանալու «ուշացած» հայտարարությանը, ապա Էնֆիաջյանը նշել է, որ իրենք ավելի շուտ էին արձագանքել:
«Երբ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ բռնություն կիրառեցին, մենք՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, համապատասխան հայտարարությամբ ներկայացրեցին մոտեցումները, որ մեր գործընկերներին անհապաղ ազատ արձակեն»,- ասել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ իրենք կոչ էին արել Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով բանակցությունների սեղանի շուրջ նստել:
«Երբ մեր գործընկերներին ուզում էին անձեռնմխելիությունից զրկել, «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցել ու թույլ չի տվել, որ նման նախաձեռնություն տեղի ունենա: Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել»,- ասել է Վահե Էնֆիաջյանը: