«Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի». Կուտոյան
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
-Պարոն Կուտոյան, վերջին օրերի ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ձևավորված լարված մթնոլորտի և դրանով պայմանավորված ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող միտումների ձևավորման ու ակտիվացման կապակցությամբ։ Ծառայության բերումով որպես հանրապետության ներսում և դրսում տիրող օպերատիվ իրավիճակին առավել տեղեկացված պաշտոնյաներից մեկը՝ կմանրամասնեք, թե ինչով են պայմանավորված այդ մտահոգությունները։
-Ինչպես գիտեք, ՀՀ Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոնցից առաջնահերթ գործառույթների թվում են մեր ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։
Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում և արտերկրում տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյունքում մշտապես իրականացրել և ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման և դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։
Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հայաստանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված և հետևողական աշխատանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը և պետականության, համախմբվածության և Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափարների կարևորումը։
Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդապատճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախտել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին։
Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տալիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու և քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ և խմբավորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշխանությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։ Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմանել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետևանքները հնարավոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, և տևական ժամանակ մենք, մեր երեխաներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում։
Նման ծրագրերին չեմ վարանում հրապարակային այդպիսի գնահատականներ տալ նաև այն պատճառով, որ առանձին անձինք և խմբավորումներ, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, փորձում են հանրորեն վտանգավոր արարքների միջոցով էլ ավելի բարդացնել իրավիճակը, ավելին՝ իրենց ծրագրած բռնի գործողությունների միջոցով հանրապետությունում տարածել վախի մթնոլորտ։
Առավել մտահոգող հաջորդ դիտարկումը մեր հակառակորդի կողմից հանրապետության պաշտպանունակության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման միտումներն են։
Վերոհիշյալ հանգամանքների համակցությունն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հիմք է տվել մտահոգություն հայտնելու, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։
Որպես հայ, զավակ և ծնող՝ խոհեմության և համերաշխության կոչ եմ անում, բայց նաև որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, զգուշացնում եմ, որ «պղտոր ջրում ձուկ որսացող» որևէ մեկը, նորից եմ կրկնում՝ առանց բացառության, ոչ ոք անպատիժ չի մնալու, այդպիսի ցանկացած անձի յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական։
Միաժամանակ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացիներն ունեն այնքան խոհեմություն, որ իրենք էլ կարող են ճիշտ եզրահանգումներ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր Հայրենիքը քաոսի չվերածելու լավագույն ու կշռադատված լուծումների վերաբերյալ։