Մեր երեխաների անաղմուկ ողբերգությունը

«Երեխաների խնդիրները տանն են սկսվում ու կարող են հենց այնտեղ էլ լուծվել: Ծնողները պետք է հասկանան, որ միայն իրենցից է կախված, թե իրենց երեխաներն ինչպիսին կդառնան ապագայում: Սակայն ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկությունից: Նրանք գտնվում են սարսափելի էմոցիոնալ վիճակում»,- գրում է արհեստավարժ թերապևտ Վիկտորյա Փրուդեյը ու շարունակում, որ որքան էլ մեզ համար դժվար լինի դա ընդունելը, շատ դեպքերում հենց մենք` ծնողներս, պետք է օգնենք մեր երեխաներին:

Ո՞րն է խնդիրը:

Ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկության հիմքերից, ու դրա փոխարեն՝ նրանք ունեն շեղված ծնողներ, երես տվող ծնողներ, որոնք իրենց երեխաներին ամեն ինչ են թույլ տալիս, ունեն այնպիսի զգացողություն, ասես բոլորը պարտական են իրենց, ունեն չբալանսավորված սնունդ ու ոչ բավարար քուն: Բացի սրանցից, ժամանակակից երեխաներին բնորոշ են տնային նստակյաց կենսակերպը, տեխնոլոգիական զվարճանքները, ակնթարթային բավարարվածությունը, ինչպես նաև՝ նրանց շարունակ պետք է խթանել ինչ-որ բան անելու համար: Մի՞թե կարելի է առողջ սերունդ դաստիարակել այսպիսի անառողջ պայմաններում: Իհա՛րկե ոչ: Մարդկային բնույթը խաբել հնարավոր չէ, ու առանց ծնողական դաստիարակության` չես կարող յոլա գնալ: Ինչպես տեսնում ենք, ծնողական ուշադրության ու դաստիարակության պակասի հետևանքներն աղետալի են: Նորմալ մանկության կորստի համար երեխաները վճարում են հոգեբանական բարեկեցության կորստով:

Ի՞նչ անել: Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաներն առողջ ու երջանիկ մեծանան, մենք պետք է արթնանանք ու վերադառնանք ակունքներին: Դեռևս ուշ չէ, և ամեն ինչ չէ, որ կորած է:

Կարդացեք նաև

Ի՞նչ պետք է անեն ծնողները:

  • Սահմանափակումներ մտցրեք ու հիշեք, որ դուք երեխայի ծնողն եք, այլ ոչ՝ նրա ընկերը:
  • Երեխաներին ապահովեք այն ամենով, ինչ նրանց պետք է, այլ ոչ թե նրանով, ինչ ուզում են: Մի վախեցեք մերժել երեխաներին, եթե նրանց ցանկությունները տարբերվում են պահանջմունքներից:
  • Կերակրեք առողջ սնունդով:
  • Օրվա մեջ մեկ ժամ նրանց հետ անցկացրեք բնության գրկում:
  • Ամեն օր առանց էլեկտրոնիկայի ընտանեկան ընթրիքներ կազմակերպեք:
  • Սեղանի խաղեր խաղացեք:
  • Ամեն օր երեխային ներգրավեք տնային գործերի մեջ: Թող սովորեն անկողինը հավաքել, իրենց հագուստը դասավորել, խաղալիքները հավաքել, պայուսակը դասավորել, սեղան գցել, և այլն:
  • Երեխային քնելու պառկեցրեք միշտ միևնույն ժամին ու թույլ մի տվեք, որ հետը գադջեթներ վերցնի:
  • Երեխաներին սովորեցրեք պատասխանատվության զգացում ունենալ ու անկախ լինել: Մի մեկուսացրեք նրանց մանր անհաջողություններից: Դա նրանց կսովորեցնի հաղթահարել կենսական խոչընդոտները:
  • Մի դասավորեք ու երեխայի փոխարեն քարշ մի տվեք նրա պայուսակը, տանը մոռացած ինչ-որ գիրք կամ տետր մի տարեք դպրոց: 5 տարեկան երեխայի համար բանան մի մաքրեք: Սովորեցրեք նրանց ինքնուրույն անել այդ ամենը:
  • Սովորեցրեք համբերատար լինել ու հնարավորություն տվեք ազատորեն տնօրինել ժամանակը, որպեսզի երեխան ձանձրանալու հնարավորություն ունենա ու իր ստեղծագործական պոռթկումներն արտահայտի:
  • Երեխաներին մի շրջապատեք շարունակական զվարճանքներով:
  • Նրա ձեռքը տեխնիկա մի տվեք՝ որպես ձանձրույթից ազատվելու միջոց:
  • Մի խրախուսեք ճաշի սեղանի շուրջ, մեքենայի մեջ, ռեստորանում ու խանութում գադջեթների առկայությունը: Թող երեխայի ուղեղը սովորի ձանձրույթից ազատվելու այլ տարբերակներ գտնել:
  • Նրա համար էմոցիոնալ մակարդակում մատչելի եղեք: Երեխաներին սովորեցրեք սոցիալական հմտություններ:
  • Երեխայի հետ շփվելիս հեռախոսով մի զբաղվեք:
  • Երեխային սովորեցրեք կառավարել զայրույթն ու նյարդային վիճակը:
  • Սովորեցրեք բարևել, զիջել, կիսել ունեցածը, կարեկցել, սեղանի շուրջ ու զրուցելիս պատշաճ պահել իրեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Տեսանյութեր

Լրահոս