ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները թեժ են եղել. Դավիթ Հարությունյան
«Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու։ Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն ունի իր ներքին կառուցվածքն ու ներքին ժողովրդավարության մեխանիզմները:
«Թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, ֆորմալ գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից»,- ասաց նա:
ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները, ըստ Հարությունյանի` բավականին բաց, երբեմն՝ նաև թեժ են եղել:
«Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»,- ասաց նա:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամն ասաց, որ քննարկվել են վարչապետի թեկնածուի բոլոր հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով նաև առկա մարտահրավերները:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ քննարկվե՞լ է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ինչո՞ւ է որոշվել, որ նա չի կարող լինել վարչապետ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա քննարկումների շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը, նա՝ լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների»։