«Այո, դա գաղտնի հրաման էր, ու այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց…». Գևորգ Կոստանյան

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ելք» դաշինքին՝ այս միջոցառումը կազմակերպելու համար»,- այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ըստ նրա՝ սա հնարավորություն տվեց բոլոր կողմերին, որ կոմպլեքս, ամբողջական արտահայտեն իրենց դժգոհություններն ու ակնկալիքները՝ կազմակերպված և համակարգված ձևով. «Միևնույն ժամանակ Դատախազությանը հնարավորություն տվեց ներկայացնելու՝ ինչ է կատարվել, ինչ է կատարվում և ինչ է կատարվելու: Այլ հարց է, որ դա կարող է չբավարարել ակնկալիքները, բայց, ամեն դեպքում, դա անհրաժեշտություն էր»:

Նա հայտարարեց, որ ինքն ունի բոլոր հարցերի սպառիչ պատասխանը՝ և՛ զորքի ներգրավվածության, և՛ արտակարգ դրություն հայտարարելու, և՛ գործի քննության բոլոր հանգամանքների վերաբերյալ. «Բանախոսներից մեկն ասաց, որ արտակարգ դրության մասին հրամանագիր ընդունվեց նախագահի կողմից՝ առանց արտակարգ դրության մասին օրենքի: Այո, բայց  այդ պահին դրա անհրաժեշտությունը չկար, որովհետև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ սահմանում էր՝ ՀՀ նախագահը հայտարարում է արտակարգ  դրություն և իրականացնում է իրավիճակից բխող գործողություններ: Խոսել, որ արտակարգ դրություն հայտարարելն ապօրինի էր, դա ընդհանրապես հիմք չունի: Երկրորդը՝ գաղտնի հրամանի հետ կապված: Այո, դա գաղտնի հրաման էր, ու այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց արդյոք  դա ենթադրո՞ւմ էր զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն Մարտի 1-ի միջոցառումներին, իհա՛րկե ոչ: Որովհետև այդ հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, որովհետև այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացումներ էին գնում»:

Դահլիճում ներկաները սկսեցին բղավել: Ի պատասխան՝ Գ. Կոստանյանն ասաց. «Ժողովուրդ, ասելով չի, այդ ամեն ինչը գրված է, այդ ամեն ինչն ընդամենը պետք է կարդալ: Երբ մարդը չի կարդում հրամանը և դրա մասին հայտարարություն է անում, նման հետևության ենք հանգում: Հարգելի ժողովուրդ, իմ ասածը հետևյալն է, որ, եթե դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա չի նշանակում, որ այդպես չէ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս