«Բուհի կառավարման խորհուրդը հաստատում է վարչապետը. այստեղ հասկանալի է մեծամասնության նպատակը». Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի այն պնդումը, որ Կրթության մասին նոր օրենքի նախագծով բուհերին տրվում է ինքնավարություն:
Այսօր Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ա. Բախշյանը նկատեց, որ, երբ օրենքի նախագիծը 20 օր դրվել է «edraft»-ում քննարկման, այնտեղ գրված չի եղել, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը.
«Հանկարծ 20 օր քննարկումից հետո կառավարություն է գալիս մի նախագիծ, որտեղ ավելացվում է այս տողը: Հասկանալի է քաղաքական ուժի, մեծամասնության նպատակը, բայց դա ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որը դուք եկած օրվանից ասում եք՝ «ապաքաղաքականացնել բուհերի կառավարումը և ինքնավարությունը բարձրացնել»: Չի կարող բուհի ինքնավարությունը բարձրանալ, եթե վարչապետը պետք է նշանակի կառավարման խորհրդի կազմը»:
Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց, որ, երբ որևէ համալսարան ձևավորվում է, իր հիմնադրի կողմից հաստատվում է այդ համալսարանի կառավարման խորհրդի կազմը. «Մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի իր հիմնադրի՝ մասնավորի կողմից, պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը նույնպես պետք է հիմնադրի կողմից հաստատվի: Հիմա կարող ենք գրել՝ կառավարությունն է հաստատում, նախարարն է հաստատում, բայց հիմնադիրը պետք է խորհուրդը հաստատի, որպեսզի այն լեգիտիմ դառնա: Եթե գտնում եք, որ պետք է կազմն ընդլայնվի, որ խորհուրդը հաստատվում է կառավարության որոշմամբ, կարելի է քննարկել այդ հարցը»:
Լ. Մկրտչյանը նաև նկատեց, որ այլևս չկա մասնավոր կամ պետական բուհ հասկացություն, այլ՝ կա հասարակական բուհ. «Մի դեպքում՝ հիմնադիրը հանդես է գալիս պետությունը, մեկ այլ դեպքում՝ մասնավորը: Բուհն ինքն է ընտրում իր կազմակերպաիրավական ձևը: Եթե բուհն ուզում է գործել՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, կարող է աշխատել, եթե ուզում է աշխատել՝ որպես հիմնադրամ, նույնպես կարող է աշխատել: Այստեղ է համակարգի ազատությունը և լիբերալիզմը»: