«Կրթական ոլորտում 3 տարի անցումային շրջան է լինելու». Լևոն Մկրտչյան
Այսօր Ազգային ժողովում անց են կացվում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ, եթե այդ օրենքով փորձելու են հասարակությանը համոզել, որ բոլոր հիմնախնդիրները բարձրագույն կրթության ոլորտում լուծվելու են, բնականաբար, դա ճիշտ ճանապարհ չէ. «Օրենքը, իմ խորին համոզմամբ, պետք է նախ չխոչընդոտի զարգացմանը, որևէ առողջ նախաձեռնություն, որևէ զարգացման միտում ունեցող ծրագիր պետք է ՀՀ-ում չխոչընդոտվի այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Երկրորդը՝ այն պետք է նպաստի զարգացմանը»:
Նախարարի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտն առանձնահատուկ է: Նրա խոսքով՝ ՀՀ բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացում այնքան ֆինանսավորում է ստանում, որքան, ասենք, ԱՄՆ առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը. «Այս պայմաններում մեր կրթական համակարգը կարողանում է կատարել իր առջև դրված խնդիրները և պահպանել կրթական համակարգի հիմնական ուղենիշերը»:
Նախարարը նշեց, որ կրթական համակարգը պետք է պատրաստ լինի դիմագրավելու աշխարհում տեղի ունեցող մարտահրավերներին և պետք է կարողանա ձևավորել հասարակությունների գիտակրթական մշակութային ճաշակը:
«Մենք այս օրենքի նախագծով ոչ միայն պետք է պայմաններ ստեղծենք մեր այսօրվա համակարգի զարգացման համար, այլ՝ պետք է նայենք 4-5 տարվա կտրվածքով: Փաստաթղթային իմաստով օրենքը լավ նախապատրաստվեց և անցավ նաև միջազգային փորձաքննություն: Օրենքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն նախատեսում է 3 տարվա անցումային շրջան, որն անհրաժեշտ է, որպեսզի համակարգը լուրջ բարեփոխումներ կատարի: Այս ընթացքում մենք պետք է լինենք բուհերի կողքին»,- նշեց նախարարը: