«Սերժ Սարգսյանը Մյունխենում իրեն դրսևորեց՝ որպես հիանալի վերլուծաբան». Տարասով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության 54-րդ գագաթաժողովի ընթացքում հայտնվել է միջազգային փորձագիտական համայնքի ուշադրության կենտրոնում: Հատկապես ուշագրավ են որակվել ՀՀ նախագահի դիտարկումներն անվտանգության համաժողովի հարցուպատասխանի ընթացքում:
Խոսելով 2013 թվականին Ասոցացման համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը չստորագրելու և Մաքսային միությանը միանալու որոշման դրդապատճառներից` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ գաղտնի բանակցություններ չի վարել, որևէ մեկի ճնշման տակ որոշում չի կայացրել: «Ինչպես ես ասացի, մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել՝ բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահն իր հիմնական ելույթի ընթացքում անդրադարձել էր նաև օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանին և Զանգեզուրին ուղղված տարածքային նկրտումներին՝ ասելով. «Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, ինչպես ռուսական մի շարք աղբյուրներ, այնպես էլ՝ անձամբ ինքը բարձր է գնահատում համաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատրաստվածության մակարդակը: Ըստ նրա՝ ռուսական տեսանկյունից Սարգսյանը չափազանց դիպուկ և կիրթ է արտահայտվել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում: «Արտացոլվեց, որ ՀՀ նախագահը լավագույնս հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է միջազգային հարաբերություններում. խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի ճգնաժամային հարաբերությունների և այդ հարաբերություններում Հայաստանի դերի մասին է, ինչպես նաև մերձավորարևելյան զարգացումների մասին: Նա իրեն դրսևորեց՝ որպես հիանալի միջազգային վերլուծաբան»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:
Ռուս վերլուծաբանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ՀՀ նախագահը պնդում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալիս Հայաստանը քաղաքական ճնշումների չի ենթարկվել, ինչը համապատասխանում է իրականությանը, ավելին՝ Եվրամիությանն առաջարկել է համադրել այս երկու միությունները՝ միանալով ԵՏՄ-ին և ստորագրելով միայն Ասոցացման համաձայնագիր առանց առևտրային բաղադրիչի, որը Վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած փուլում ստորագրեց Ուկրաինան:
«Տևական ժամանակ Եվրամիությունը մերժում էր Հայաստանին, նշում էին, թե հնարավոր չէ համադրել: Հատկապես կարևոր է հայկական կողմի այն գիտակցումը, որ հակամարտություններից պետք չէ փորձել օգուտներ կորզել, ինչպես ժամանակ առ ժամանակ Հայաստանի հարևան երկրներն են փորձում անել, քանի որ դրանք կայուն և երկարատև օգուտներ չեն լինում:
Հայաստանի ընտրած այս մոդելն ապացուցեց իր կենսունակությունը, քանի որ այսօր Հայաստանը և Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, և ստորագրել է համաձայնագիր Եվրամիության հետ՝ վերացնելով այդ հարաբերություններում անցյալում առաջացած խնդիրները»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության վերաբերյալ Սարգսյանի դիտարկումներին, ապա Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Ալիևի` Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու կոչերին պաշտոնական Երևանը կարող էր արձագանքել, կարող էր նաև չարձագանքել, քանի որ դրանք Ադրբեջանի կողմից բավականին մարգինալ հայտարարություններ են՝ լուրջ արձագանքելու համար:
«Ադրբեջանի պատմությունն ուսումնասիրել ենք ոչ միայն մենք` ռուսներս, այլև ողջ աշխարհը, Եվրոպան: Կարիք չկա հիշեցնելու, թե երբ է սկսվել Ադբեջանի պատմությունը:
Ադրբեջանը գնում է նման սադրանքների նախընտրական փուլում. նա սեփականացնում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի պատմությունը: Տրամաբանորեն հարցեր կարող էին հնչել Իրանի կողմից. Իրանը լռում է: Ռուսաստանը կարող էր արձագանքել. Ռուսաստանը ևս լռում է, այսինքն` եղել է արձագանք Զախարովայի կողմից, բայց այն ոչինչ չասող է, այսպիսին է, քանի որ բոլորն են հասկանում, որ դրանք մարգինալ և նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ տեղավորվող հայտարարություններ են: Նման հայտարարություններից միայն կարող ենք եզրակացնել, թե ինչ բարդ է դրությունն Ադրբեջանի ներքաղաքական կյանքում. ներքաղաքական պայքարն այնպիսի լարման է հասել, որ Իլհամ Ալիևը նման հայտարարություններ է անում:
Ալիևը թուրքական կողմից ևս լուրջ մտավախություններ ունի, վստահ չէ Էրդողանի իշխանության կայունության մեջ։ Այս ամենով եմ ես բացատրում նման հայտարարությունները: Նույնիսկ չեմ կարծում, թե դրանց արձագանքել է պետք: Այնպես որ, Սերժ Սարգսյանի արձագանքը բնական էր. համամիտ եմ այն որոշման հետ, որ այդ հայտարարությանը պետք չէ մեծ կարևորություն տալ»,- ասաց Տարասովը:
Ռուս քաղաքագետը, մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակի վերաբերյալ ներկայացրած տեսլականը, ասաց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները նույնն են: «Այո, համանախագահ երկրները պետք է համագործակցեն և օրինակ ծառայեն, թե ինչպես կարելի է լարված հարաբերությունների իրավիճակում համագործակցել: Բայց սա բարդ հակամարտություն է, և Սերժ Սարգսյանն արտացոլեց այդ բարդությունը։
Մեծ քաղաքականության մեջ պետք է դիտարկել իրողությունները, մեր վերլուծություններին կարելի է նույնիսկ ուշադրություն չդարձնել, կարևորը՝ դիտարկել իրողությունները, իսկ իրողությունն այն է, որ կան ԼՂ հակամարտության կարգավորման հստակ փաստաթղթեր, իրողություն է այն, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, եթե խոսքը ռազմավարական գործընկերության մասին է, ի տարբերություն Ադրբեջանի, սրանով էլ կարող ենք բացատրել Ռուսաստանի շահերը, որոնք համընկնում են հայկական շահերի հետ:
ՀՀ նախագահն ի պատասխան ադրբեջանցի դիվանագետի՝ խոսեց հենց իրողություններից, փաստաթղթերից, թե ինչու, օրինակ, ադրբեջանցի փախստականներն այսօր չեն կարող վերադառնալ Ղարաբաղ, թե ինչպես և ինչ հերթականությամբ պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, և թե ինչպես են Ալիևի հայտարարությունները խոչընդոտում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ընդհանուր առմամբ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ նախագահի գնահատականները նաև սուր էին, նոր նրբերանգներ էին արտահայտված, սակայն, միևնույն ժամանակ՝ ի տարբերություն Ադրբեջանի` չափազանց հավասարակշռված են, ինչն ամենաշատն է գնահատվում»,- ասաց Տարասովը: