Բաժիններ՝

Գնաճային քննարկումներ, կամ՝ երբ պատճառները թողած՝ հետևանքների շուրջ ենք վիճում

Ի՞նչ են ասում հասարակ մարդիկ

«Չգիտեմ, թե այդ ինչ 3 տոկոսի մասին են խոսում. ես զգում եմ, որ գները 20-30 տոկոսով են աճել»։

«Մենք միս չենք ուտում, բայց նկատել ենք, որ կարագի, կաթի և այլ կաթնամթերքների գները շատ ավելի բարձր են, քան նախկինում»։

«Մենք բախտավոր ենք, քանի որ համեմատաբար բարձր եկամուտ ունենք, սակայն մեր աշխատանքը մշտական չի։ Պարապուրդի կամ ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում զգացինք տարբերությունը ու արդեն կարող ենք պատկերացնել, թե հարևան ընտանիքներն ինչպիսի վատ դրության մեջ են»։

«Ես գնումներ կատարում եմ երկու սուպերմարկետում։ Իսկ փոքր գնումները փոքրիկ խանութներից եմ անում։ Վերջին տարում ուշադրությամբ հետևում եմ գներին և կարող եմ գնահատել, որ շաբաթական ծախսս 30 տոկոսով ավելացել է»։

«Ակնհայտ հարվածը ստանում ես, երբ պետք է կա՛մ կրճատես այն, ինչը կարող ես, կա՛մ էլ հնարավորության դեպքում լրացուցիչ աշխատանք գտնես։ Սա մեծացնում է և՛ սթրեսը, և՛ ներընտանեկան վեճերը, և՛ դժգոհության զգացումը։ Եվ մի տեսակ սկսում ես ատել քաղաքական գործիչներին ու հասարակության այլ շերտերին մի այնպիսի ատելությամբ, որ դժվար է նկարագրել»։

«Վերջին 15 ամսում նկատել ենք երկու հիմնական երևույթ։ Առաջինը, որ մեր մշտական խանութում ապրանքներն էապես թանկացել են։ Երկրորդը, շատ ապրանքներ այժմ ավելի փոքր փաթեթներով են վաճառվում, այնպես որ, գները չեն իջել, բայց ավելի քիչ քանակություն ես գնում»։

«Աշխատավարձս քանի տարի նույնն է, այնպես որ, ես պետք է որոշակի փոփոխություններ կատարեմ, որպեսզի կարողանամ տան համար գնվող սնունդը պահել պատշաճ մակարդակի վրա։ Սկսել եմ քիչ միս գնել։ Թանկացումներն անսիրտ են և միջին գնորդի չարքաշ կյանքի ու լճացած աշխատավարձերի հակառակորդն են»։

Որտե՞ղ են հնչում այս կարծիքները

Տպավորություն է, թե վերը նշված մտքերը հայաստանյան բակերում կամ գրասենյակներում հնչած մտքերի արձանագրումն է։ Իրականում սակայն, այս կարծիքները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության շարքային քաղաքացիների կարծիքներն են, որոնք հրապարակվել են «Գարդիանում»։ Ցանկացողները կարող են լրացուցիչ կարդալ այստեղ.

Ավելին, «Գարդիանի» մեկնաբանությունների բաժնում կարելի է կարդալ 390 նույնաբովանդակ մտքեր՝ բոլորը բողոքում են գներից։ Շատերն են բողոքում ապրանքների գներից, չեն սիրում քաղաքական գործիչներին, չեն հասկանում այն մասնագետներին, որոնք պնդում են, թե գները շատ չեն աճել։ Այս կարծիքներն ասում են ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

Ինչպե՞ս արձագանքել

Երբ մարդիկ բողոքում են, քաղաքական գործիչը պետք է արձագանքի։ Հանրային պատասխանատուները պետք է պատասխան տան։ Սակայն պետք է հասկանալ, թե ինչպիսի քաղաքականությամբ արձագանքել։ Միայն խոսքերը բավարար չեն։ Մարդկանց մեծամասնությունը կայունություն է սիրում։ «Գները բարձրացել են։ Եկե՛ք դրանք իջեցնենք»։ Ահա այն հիմնական արձագանքը, որ մարդիկ ակնկալում են։ Սակայն ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Մինչ այդ հարցին անդրադառնալը, նախ նշենք, որ Հայաստանում մի կարևոր խնդիր կա։

Գների քննարկման ամբողջ ժամանակահատվածում ոչ-ոք չխոսեց բնականոն գնաճի՝ (core inflation)-ի մասին։ Արտերկրյա մամուլում հաճախ կարող ենք կարդալ հետևյալ միտքը.

«Թեպետ բնականոն գնաճը չնչին է, մարդիկ բողոքում են թանկացումից։ Ի՞նչ է սա նշանակում»։ Տնտեսագետները վաղուց տարանջատում են կարճաժամկետ և երկարաժամկետ ցնցումները։ Բնականոն գնաճը հաշվարկվում է՝ բացառելով այն ապրանքները, որոնց տատանումներն ավելի կտրուկ են։ Այո՛, բնականոն գնաճն ավելի դանդաղաշարժ է, քան սպառողական գների ինդեքսը, ու շատ ավելի դանդաղաշարժ է, քան որոշ ապրանքատեսակների կտրուկ տատանումները, որոնցից են Հայաստանի դեպքում՝ կարագը, միսը և վառելիքը։

Սակայն բնականոն գնաճն ավելի ճշգրիտ է ցույց տալիս «դանդաղաշարժ» ապրանքների գնաճը։ Օրինակ, 2017 թվականին բնականոն գնաճը կազմել է 3.6 տոկոս՝ ի տարբերություն 2.6 տոկոսանոց ինֆլյացիայի։ Դա նշանակում է, որ, եթե մի կողմ թողնենք սեզոնային տատանում ունեցող ապրանքները, ապա համընդհանուր գների մակարդակը համեմատաբար բարձր է եղել, քան ՍԳԻ-ն։ Սակայն, միևնույն է, շատ ավելի ցածր է, քան այն, ինչ մարդիկ զգում են։

Մարդկանց զգացածն ու փաստերը

Ինչո՞ւ են մարդիկ այլ բան զգում, քան արձանագրում է վիճակագրությունը։ Նախ, եկեք հասկանանք, որ կարելի է կազմել տարբեր զամբյուղներ ու հաշվել տարբեր գներ։ Մինչև 50 հազար դրամ եկամուտ ունեցող «ընտանիքներն իրենց ամսական բյուջեի միջինը՝ 74 տոկոսը հատկացնում են կոմունալ վարձավճարներին»,- փաստում է «Հետք» լրատվականը։

Այսինքն, այս դեպքում մարդկանց ծախսերի ահռելի մասի վրա կարագի թանկացումը չի ազդել։ Սակայն մարդիկ սկսում են նկատել, որ պակասել է մնացած՝ 26 տոկոս եկամտի օգտակարությունը։ Դիտարկենք այն տղամարդ վարորդին, որը տան ծախսերն ինքը չի կատարում, այլ վաստակածը տալիս է կնոջը՝ իր մոտ թողնելով միայն ավտոմեքենայի ծախսին հավասար եկամուտ։ Բնական է, որ այս վարորդն անմիջապես կզգա, որ իր գումարը չի բավականացնում նույն քանակի վառելիք գնելու համար։ Կզգա միայն այդ փաստը՝ ինքն իր գիտակից կյանքում կոմունալ ծախսեր չի վճարել։ Սա է պատճառը, որ մարդկանց արձագանքը տարբեր է։ Մենք չենք նկատում ծախսերի այն մասը, որոնք հիմնականում անում ենք, սակայն նկատում ենք այն ապրանքների գները, որոնք տատանվում են։

Ինչպե՞ս իջեցնել գները

Ավելի ճիշտ, ինչպես իջեցնենք այն մի քանի ապրանքատեսակների գները, որոնք կտրուկ են բարձրացել։ Պատասխանը պարզ է. որպեսզի իջնի այդ մի քանի ապրանքատեսակի գները, պետք է իջեցնենք բնականոն գնաճը, այսինքն՝ նաև այլ ապրանքատեսակների գները նույնպես։ Այդ դեպքում, դրամավարկային քաղաքականության տեսակետից, կարիք կլինի բարձրացնել տոկոսադրույքները, որը կհանգեցնի ամբողջական պահանջարկի նվազման։ Սա նշանակում է, որ այն արտադրողները, որոնք այլ շուկայում են աշխատում, ստիպված պետք է իջեցնեն նաև իրենց գները։

Կշահեն սպառողները՝ կտուժեն տեղական արտադրողները։ Նմանապես, նույն այս զամբյուղում եթե մեկ-երկու ապրանքի գին կտրուկ ընկնի, անհրաժեշտ կլինի բարձրացնել պահանջարկը։ Սա էլ կհանգեցնի այլ ապրանքների գնաճի։ Մասնագիտական կարծիքն այս հարցում մեկ պատասխան ունի. նայել երկարաժամկետ հետևանքներին, հետևել բնականոն գնաճին։

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե մարդկանց վրա ինչ բեռ են ավելացրել թանկացումները, ապա ՍԳԻ-ն է այդ ցուցանիշը։ Եթե ցանկանում ենք իմանալ, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի Կենտրոնական բանկը, ապա բնականոն գնաճն է այդ ցուցանիշը։ Չպետք է մոռանալ, որ տնտեսական քաղաքականությունը ոչ միայն սպառողների, այլ նաև արտադրողների համար է, ու ոչ միայն՝ այսպահային, այլև երկարաժամկետ ազդեցություն է թողնում։

Համակերպվե՞լ, թե՞

Գների մակարդակը չի արտացոլում տնտեսության ու մարդկանց բարեկեցության ամբողջական վիճակը։ Անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության մեջ եկամուտների բաշխման, սոցիալական քաղաքականության, դրա հասցեականության, մենաշնորհների ու շատ այլ հարցեր։ Պարզապես, երբ քննադատության թիրախ է դառնում գների հաշվման մեթոդաբանության ու անձնական զգացումների ու վիճակագրության անհամատեղելիությունը, ապա հրատապ հարցերը, որոնք պետք է մտնեն հանրային քաղաքականության օրակարգ, երկրորդական պլան են մղվում։ Բուն խնդիրը թողած՝ հետևանքների դեմ արշավն ի վերջո նպաստելու է միայն մեկ բանի. որ Հայաստանը դոփի տեղում։ Գները փաստ են, փաստի դեմ չեն պայքարում, ինչքան էլ որ դա տհաճ լինի։ Մարդկային հույզերի հետևում կան իրական խնդիրներ, քննարկելի ու լուծելի խնդիրներ…

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս