Փհենչհան-2018. «սպիտակ խաղերին» մասնակցության Հայաստանի անցյալն ու ներկան. hայ մարզիկներն առաջնորդվում են օլիմպիական ոսկե կարգախոսով
Հաշված օրեր անց մարզական հասարակության և սպորտասերների ուշադրությունը կսևեռվի դեպի Հարավային Կորեա: Փհենչհանը կընդունի XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը: 4 տարի շարունակ աշխարհի տարբեր ծայրերում, հազարավոր մարզիկներ աշխատում, երազում և ապրում են օլիմպիական ընտանիքի անդամ դառնալու` «Սպիտակ խաղերին» մասնակցելու համար: Համախմբվելով օլիմպիական գաղափարների շուրջ` տարբեր ազգային պատկանելության, դավանանքի, աշխարհայացքների տեր մարզիկները միասին փորձում են լինել ավելի ուժեղ, ավելի բարձր և ավելի արագ` «իրականացնելու անհասանելի թվացող երազանքները»: Հենց այդ մարզիկներից էլ «ծնվում են» նորերը, ովքեր ոգեշնչում են` «ապրել հանուն հարգանքի, վճռականության և հրաշքի»:
Փհենչհան՝ Օլիմպիական խաղերի մայրաքաղաք
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացրել էին նաև գերմանական Մյունխեն և ֆրանսիական Անսի քաղաքը: Հյուրընկալող քաղաքի վերջնական ընտրությունը կայացավ 2011 թվականի հուլիսի 6-ին` ՄՕԿ-ի 123-րդ համաժողովի շրջանակներում: Փհենչհանը տեղակայված է Գանգվոն նահանգում` մայրաքաղաք Սեուլից 180 կմ հարավ-արևելք: Կորեացիներին միայն երրորդ փորձից հետո հաջողվեց հյուրընկալել ձմեռային խաղերը: Մինչ այդ նրանք զիջեցին Վանկուվերին (Կանադա, 2010) և Սոչիին (Ռուսաստան, 2014):
Օլիմպիական մարզադաշտի կառուցման համար կազմակերպիչները ծախսել են մոտ 100 միլիոն դոլար: Խաղերի ավարտից հետո այն կապամոնտաժվի: Մարզիկների, ազգային պատվիրակությունների համար օլիմպիական գյուղում կառուցվել են 1522 սենյակներ: Իսկ շենքերը կլինեն 15-25 հարկանի: Իսկ ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերի ծախսերը կազմել են 13 միլիարդ ԱՄՆ դոլար: Խաղերին կմասնակցեն 92 երկրի 2952 մարզիկներ:
Պատմական ակնարկ
Ժամանակակից առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվել են հեռավոր 1924 թվականին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում: Այդ խաղերին մասնակցում էին 16 ազգության 258 մարզիկներ: Խաղարկվել են մեդալների 16 հավաքածու: Այս ձմեռային խաղերը երրորդն են Ասիայում` մինչ այս 1972 թվականին «սպիտակ խաղերը» կայացել են ճապոնական Սապորո և 1998 թվականին Նագանո քաղաքներում: Իսկ Կորեան անցկացնում է արդեն երկրորդ Օլիմպիական խաղերը: 1988 թվականի ամառային Խաղերը կայացել են Սեուլում:
Հայաստանը ձմեռային Խաղերում
Հայաստանի անկախացումից հետո մեր երկիրը ձմեռային Օլիմպիական խաղերին սկսեց մասնակցել 1994 թվականից սկսած: Լիլիհամերի 17-րդ ձմեռային Խաղերին Հայաստանն ուներ միայն 2 մասնակից: Ժոզեֆ Ալմասյանը և Քեննեթ Թոփալյանը ղեկասահման մարզաձևում (Բոբսլեյ) գրավեցին 36-րդ տեղը:
1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանն ուներ 7 մասնակից` Արսեն Հարությունյան (լեռնադահուկ, 27-րդ տեղ), Ալլա Միքայելյան (դահուկավազք, 30 կմ 58-րդ), Արմեն Ռաֆայելյան (Ֆրիսթայլ, 19-րդ տեղ), Մարիա Կրասիլցևա-Ալք-դր Չեստնիխ (գեղասահք 19-րդ տեղ) և Սամվել Գոյզալյան-Քսենյա Սմետանենկո (գեղասահք, 24-րդ տեղ):
Սոլթ Լեյք Սիթիի 19-րդ Օլիմպիական խաղերին (2002 թվական) Հայաստանն ուներ 9 մարզիկ` լեռնադահուկորդներ Արսեն Հարությունյան (77-րդ տեղ), Վանեսա Ռաքեջյան (47-րդ տեղ), Մարիա Կրասիլցևա-Արտյոմ Զնաչկով (գեղասահք, 20-րդ տեղ), Յուլիա Լեբեդևա (մենասահք, 27-րդ տեղ) և Դանիել Ջանջիգյան-Ալեքսանդրու Ջորջոս (ղեկասահնակ, 33-րդ տեղ), Արամ Հաջիյան (դահուկավազք, 50 կմ, 57-րդ տեղ), Մարգարիտա Նիկոլյան (դահուկավազք, 10 կմ, 56-րդ տեղ):
2006 թվականի Թուրինի (Իտալիա) 20-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ներքո ներկայացան 5 մարզիկներ: Լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը 45-րդն էր, գեղասահորդներ Անաստասիա Գրեբենկիա-Վազգեն Ազրոյան զույգը 20-րդն էր, դահուկորդներ Հովհաննես Սարգսյանը (15 կմ) 79-րդն էր, իսկ Էդգար Խաչատրյանը սպրինտում 80-րդն էր:
Կանադական Վանկուվեր (2010) քաղաքի «սպիտակ խաղերին» Հայաստանն ուներ ընդամենը 4 մասնակից: Դահուկորդներ Քրիստինե Խաչատրյանը (10 կմ) 75-րդ էր, իսկ Սերգեյ Միքայելյանը (15կմ)` 70-րդը: Լեռնադահուկորդներ Անի-Մատիլդա Սերեբրյակյանը և Արսեն Ներսիսյանը չեն եզրափակել մրցաշարը:
2014 թվականի Սոչիի 22-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի 4 մարզիկներից դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը 46-րդն էր, Արթուր Եղոյանը` 68-րդը, Կատյա Գալստյանը` 64-րդը, իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը` 46-րդը:
Ակնկալիքներ
Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ Հայաստանը ձմեռային խաղերին մասնակցում է օլիմպիական կարգախոսով` «կարևորը մասնակցությունն է»: Ձմեռային մարզաձևերը մրցունակ չեն միջազգային մրցաշարերին, և Փհենչհանի Օլիմպիական խաղերում էլ Հայաստանը մեդալների համար մրցավազքից դուրս է մնալու: Եթե ամառային Օլիմպիական խաղերի որոշ մարզաձևերում Հայաստանը ֆավորիտ երկրների շարքում է, ապա «սպիտակ խաղերում» մեր մարզիկները պարզապես ձգտում են բարելավել իրենց իսկ արդյունքները: Բայց արդարության դեմ չմեղանչելով պետք է փաստել, որ ֆինանսապես ձմեռային մարզաձևերին ուշադրությունը շատ ավելի քիչ է, քան Հայաստանում հենակետային համարվող մի շարք մարզաձևերի: 23-րդ ձմեռային խաղերում Հայաստանն ունի 3 մասնակից` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Միքայելը և Աշոտը ընդամենը 18 տարեկան են և փորձառու չես համարի նրանց, թեպետ Միքայելը համեմատության մեջ միջազգային փորձ ունի: Դահուկորդը մասնակցել է 2016 թվականի Լիլիհամերի ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին և մինչ Փհենչհան մեկնելը նաև մասնակցեց աշխարհի Մ23 տարեկանների առաջնությանը: Աշոտն այս տարի մասնակցեց միայն Հայաստանի առաջնությանը: Մեր երեք մասնակիցներից Կատյա Գալստյանն ավելի փորձառու է: Վերջինս մասնակցել է նաև 2014 թվականի Սոչիի Խաղերին:
Ձմեռային մարզաձևերը միշտ էլ երկրորդ պլանում են եղել: Մեր մարզիկները, եթե անգամ տաղանդավոր են, փորձի, հնարավորության և ֆինանսի բացակայության պատճառով կշարունակեն բավարարվել ոչ թե օլիմպիական մեդալների պայքարով, այլ` կարգախոսով` կարևորը մասնակցությունն է…
Վարվառա Հայրապետյան