Բաժիններ՝

Ըստ փոխնախարարի՝ միջմարզային փոխադրումները ոչ թե պետք է թանկանան, այլ էժանանան

Այսօր ԱԺ-ում թանկացումների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանը ներկայացրեց գնաճի ազդեցության գնահատականը տրանսպորտի ոլորտի վրա։

Ըստ նրա՝ ԱԱՀ կիրառումը և փոխադրումների ոլորտում հաստատագրված վճարներից անցումն արտոնագրային վճարների բարելավում է բիզնեսի համար հարկային միջավայրը։ Ա. Խաչատրյանի խոսքով՝ ռացիոնալ չեն պնդումները, որ սեղմված գազի գնի 20 դրամով բարձրացումը կարող է հանգեցնել տրանսպորտային փոխադրումների թանկացման, քանի որ այս բարձրացումից հետո գները հասել են 2015 թ. մակարդակին։ Ավելին, ըստ փոխնախարարի, իրենց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջմարզային փոխադրումների դեպքում սեղմված գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 ուղևորի համար կնվազեն 8 դրամով կամ 1%-ով, իսկ միկրոավտոբուսների գները՝ 3 դրամով կամ 0.3 %-ով։

«Արդյոք գործող փոփոխությունները կարո՞ղ են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման, և արդյոք վերջինս կարո՞ղ է հանգեցնել շղթայական էֆեկտի և նպաստել այլ ապրանքների գների բարձրացմանը։ Եթե շատ կարճ ամփոփենք, ապա 2 դեպքում էլ պատասխանը ոչ է»,- ասաց Ա.Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս