«Կոլյան չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Վկա Լեւոն Մեսրոպյանը ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Հարցին, թե ի՞նչ է հայտնի 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքից, վկան պատմեց, որ հոկտեմբերին իրեն է զանգահարել Արոն (խոսքը Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի մասին է,-հեղ.) եւ հայտնել, որ գտնվում է հիվանդանոցում:
Դատավորի հարցին, թե որտե՞ղից է ճանաչել «Արոյին», վկան ասաց՝ ուսանողական տարիներից «մի տեղից ճանաչել եմ», ապա շարունակեց, որ հոկտեմբերին գնացել է հիվանդանոց Արոյին տեսության, վերջինը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք վարդենիսցի Վահագն Մանուկյանին ճանաչում է, թե՝ ոչ, ապա դրական պատասխան ստանալուց հետո Արա Վարդանյանը վկային ասել է, որ Վահագնը իրեն գումար է պարտք եւ այժմ բուժման համար այդ գումարը հարկավոր է իրեն: Արա Վարդանյանը հայտնել է, որ Վահագնը իրենից 20 հազար դոլար պարտք է վերցրել, որից 2000 դոլարը չի վերադարձրել.
«Թող բերի տա»,- ասել է նա: «Ասի` փոքր քաղաք ա, կփորձեմ գտնել: Դուրս եմ եկել, Մուշեղ Մուշեղյանն է (դեպքի օրը սպանված) մոտեցել ինձ, ասել է` Արոն հիվանդ պառկած է, թող իրան չտեսնի Վահագնը, կասես ինձ գա տեսնի: Եկել եմ, խաբար եմ արել, որ գնա Արոյին տեսնի»,- պատմեց վկան: Նա ասաց, որ այդ օրը հիվանդանոցում են եղել Մուշեղ Մուշեղյանը, Չարբախցի Գեղամը, Ռուբեն Խաչատրյանը:
Դատավորի հարցին՝ իսկ դեպքի հետ կապված ի՞նչ գիտեք, վկան նշեց. «էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա»: Դատավորի ճշտող հարցին, թե ի՞նչ է հայտնի, վկան պատասխանեց, որ իմացել է, որ երկու հոգի մահացել է, թե ինչ հանգամանքներում՝ չգիտի, չի էլ լսել, քանի որ Ռուսաստանից նոր է եկել:
Դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Միսակ Միրիջանյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկին (Արա Բանդուրյանին) եւ Արմեն Գասպարյանին (Բդո): Դատարանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ Ալիկ Բանդուրյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ասաց, որ հայրը բժիշկ է, Ալիկ Բանդուրյանին ճանաչել է 6 տարի առաջ այն ժամանակ, երբ Ալիկի մայրը բուժվել է իր հոր մոտ:
«Առանձնապես տենց տեղեկացված չեմ, ինտերնետից իմացել եմ, որ ինչ-որ գեղեցկության սրահում դեպք ա եղել, կռիվ, վիճաբանություն: Չեմ հիշում՝ ում միջեւ ա վիճաբանություն եղել»,- այսպես սկսեց իր ցուցմունքը վկա Միրիջանյանը: Դատավորն ասաց, որ Գասպարյանը եւ Բանդուրյանը տվյալ պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իրեն հայտնի՞ է, թե՞ ինչ պատճառով, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին` արդյոք վկան դեպքի օրը ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ խոսե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց, թե չի հիշում:
Մյուս մեղադրողի հարցին, թե հայրն ի՞նչ մասնագիտություն ունի, վկան ասաց՝ վիրաբույժ է: Հարցին արդյո՞ք վկան երբեւիցե ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, կամ Ալիկ Բանդուրյանի խնդրանքով որեւիցե հիվանդի առողջական վիճակի, կամ դիակի մասին տեղեկություն ճշտել է եւ հայտնել նրանց, վկան ասաց՝ ինչքան գիտի Ալիկը հեռախոսահամարը չունի, իսկ Արմեն Գասպարյանն իրեն զանգահարել է տարբեր հեռախոսահամարներից. «Տենց քրեական գործով չի եղել, որ խնդրեն, նման բան չի եղել»,- այսպես պատասխանեց վկան: Մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով այսօր դատարանում տված ցուցմունքների եւ քննիչի մոտ տված ցուցմունքների միջեւ:
Ըստ այդմ՝ ձեռք բերված տվյալների համաձայն դեպքի օրը վկան եւ Արմեն Գասպարյանը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ժամանակ զրուցել են ինչ-որ ծեծված անձանց, դիահերձարանի մասին:
Քննիչի հարցին, թե ո՞ւմ վերաբերյալ է եղել խոսակցությունը, վկան ասել է, որ բովանդակությունը չի կարող հիշել. «Արմենն ինձ շատ հաճախ է դիմել, առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր ճշտել, քանի որ հայրս հարգանք է վայելում այդ ոլորտում, երեւի ինչ-որ բան ճշտելու համար է զանգահարել, այժմ կոնկրետ չեմ հիշում»,- քննիչի հարցին ի պատասխան հայտնել է վկան: Քննիչը ներկայացրել է խոսակցության բովանդակությունը, համաձայն որի՝ վկան Արմեն Գասպարյանին ասել է.
«Կոլյան չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին»: Քննիչի հարցին, թե ո՞վ է Կոլյան եւ դիահերձարանի աշխատակիցը, վկա Միրիջանյանը պատասխանել է, որ Կոլյան հանդիսանում է Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկ (Խոսքը ըստ ամենայնի՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է,-հեղ.): «Ցանկանում եմ հայտնել, որ իրականում ես որեւէ բան չեմ փորձել պարզել, սակայն Արմեն Գասպարյանին հայտնել եմ, թե ճշտում եմ, որովհետեւ խնդրել էր ինձ այդ մասին»,- քննիչին ասել է Միսակ Միրիջանյանը:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, վկան ասաց, որ բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում. «Ինքը (նկատի ունի քննիչը) ինձ ասում է իմ եւ Արմենի խոսակցության բովանդակությունը, ես իրեն պատասխանել եմ, որ չեմ հիշում ես նման բան: Ես քննիչին նման բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ բան չեմ հիշում: Քննիչը պնդել, ասել է, ո՞նց չես հիշում, ինչ-որ գաղտնալսումներ էր մեջբերում՝ ասելով, որ հստակ եղել է, դուք խոսացել եք եւ այլն, ես էլ իրան հստակ բան չեմ ասել»,- ասաց վկան: Մեղադրողի ճշտող հարցին, այսինքն՝ քննիչը կեղծե՞լ է, Միսակ Միրիջանյանը ասաց՝ չի կեղծել, «բայց ոնց պետք ա տենց ա գրել»: Մեղադրողների հարցին, կարդացե՞լ է ցուցմունքը, վկան ասաց՝ ոչ: Ճշտող հարցին այդ դեպքում ինչո՞ւ է վերջում գրել՝ կարդացի, ճիշտ է, վկան ասաց. «Իմ սխալն ա եղել, վստահել եմ»:
Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը դիմելով դատարանին ասաց, որ վկան իր ցուցմունքում, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում հայտնեց՝ քննիչի կողմից ցուցմունքը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տվյալների վերաբերյալ եւ դատարանին խնդրեց վկային նախազգուշացնել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որպեսզի իրենք համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն առարկեց դատախազների նման գործելաոճի դեմ ՝ նշելով, որ դա ճնշում է վկայի նկատմամբ: Դատարանն էլ ասաց, որ մինչ վկայի հարցաքննությանն անցնելը դատարանը վկային նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: